Իրանական ընկերությունը Մեղրիում եւ Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցի
ՀՀ կառավարությունը թույլատրել է իրանական «Սաներջի» ընկերությանը գործունեություն իրականացնել Մեղրիի եւ Ագարակի համայնքներում՝ գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:
«Սաներջի»-ին լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվությունը ՀՀ կառավարությունը տրամադրել է այսօրվա նիստում:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի փոխանցմամբ՝ որոշումը բխում է Իրանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրից, որի շրջանակում Իրանը համաձայնել էր ՀՀ-ին տրամադրել $2 մլն դրամաշնորհ՝ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
Նախարարը նշել է, որ ծրագրի նախագծման աշխատանքներն ավարտվել են, եւ 2015թ. հոկտեմբերից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը: Ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել եւ ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների եւ նյութերի մատակարարումները:
Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն՝ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում էր 2016թ., ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: