ru24.pro
Новости по-русски
Март
2016

Արմսվիսբանկն ու ՀԱԱԳ-ը կիրականացնեն նախաարտահանման ֆինանսավորում

0

Արմսվիսբանկը եւ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը» (ՀԱԱԳ) համատեղ կիրականացեն ՀՀ ձեռնարկությունների նախաարտահանման ֆինանսավորում:

Այսօր կողմերի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով ֆինանսավորել ՀՀ արտահանողներին ինչպես նախաարտահանման գործընթացում, այնպես էլ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:

Ինչպես նշել է ՀԱԱԳ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությունը հնարավորություն կտա Հայաստանում գործող առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին առանց կոշտ գրավի պայմանի իրականացնել արտահանողի վարկավորում՝ շրջանառու միջոցների համալրման նպատակով:

«Շուկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշ արտահանողներ, ունենալով լավ գնորդներ եւ հաստատված արտահանման պայմանագրեր, չունեն բավարար շրջանառու միջոցներ, որպեսզի իրականացնեն հումքի ձեռքբերում, արտադրեն իրենց ապրանքն ու արտահանեն այն»,- ընդգծել է Վազգեն Աբգարյանը:

Նրա խոսքով՝ այս գործիքի ներդրումը կնպաստի վարկային տոկոսադրույքների նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի ընկերությունների արտադրական ծավալների ավելացումն ու արտահանման աճը:

Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը հիշեցրել է, որ բանկը ՀԱԱԳ-ի հետ համագործակցում է շուրջ մեկ տարի, որի ընթացքում ֆինանսավորվել է արտահանման ավելի քան 30 գործարք՝ $1 մլն-ի չափով:

Նրա խոսքով՝ մինչ այս պահը բանկն արտահանման ֆինանսավորումն իրականացրել է փաստացի արտահանման գործընթացից հետո՝ մինչ ընկերությունը կստանար ապրանքի դիմաց վճարումը: Վարկավորման նոր գործիքը նախատեսում է արտահանող կազմակերպության ֆինանսավորում՝ արտահանման փաստացի գործընթացից առաջ:

Ինչ վերաբերում է նախաարտահանման ֆինանսավորման պայմաններին, Գեւորգ Մաչանյանը նշել է, որ տոկոսադրույքները կսկսվեն 8%-ից՝ մինչեւ 13-14%, միջոցները կտրամադրվեն դրամով եւ արտարժույթով, իսկ կազմակերպությունների նկատմամբ ոլորտային սահմանափակումներ չեն լինի: