KfW-ն €20 մլն կուղղի ՀՀ-ում էներգախնայողական ծրագրերի իրականացմանը
Գերմանական KfW բանկը կֆինանսավորի միկրո եւ ՓՄՁ էներգախնայողական ծրագրեր Հայաստանում:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստի շրջանակում ՀՀ ԿԲ-ն եւ KfW զարգացման բանկը ստորագրել են «Միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների էներգախնայողական միջոցառումների ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր €20 մլն արժողությամբ:
Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք ամբողջովին կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:
Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական միջոցառումների վարկավորմանը:
Գործակցության շրջանակում նախատեսվում են նաեւ տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն: