ru24.pro
Новости по-русски
Март
2016

«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը սկսել է չվերթեր իրականացնել դեպի Երևան

0

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը սկսել է չվերթեր իրականացնել դեպի Երևան։ Ինչպես նշվում է Վորոնեժի օդանավակայանի պաշտոնական կայքում, նախօրեին տեղի է ունեցել Վորոնեժ–Երևան չվերթի հանդիսավոր բացումը։

Վորոնեժ–Երևան առաջին չվերթն իրականացվել է` ըստ չվացուցակի` մարտի 17–ին, ժամը 11։00–ին։
Չվերթի հաշվառման մեկնարկից առաջ օդանավակայանի ներկայացուցիչներն, ըստ ավանդույթի, ինքնաթիռի ողջ անձնակազմին հանձնել են հուշանվերներ, իսկ հայկական սփյուռքի և Հայ երիտասարդների վորոնեժյան միությունը պատրաստել են համերգային ծրագիր։ Անցկացվեց նաև անակնկալ–վիկտորինա, որի գլխավոր մրցանակն անվճար ավիատոմս էր դեպի Երևան։

«Մրցույթում հաղթեց Հայաստանի բնակիչ Սուսաննա Այվազյանը, ով պատասխանեց հաղորդավարի բոլոր, անգամ ամենադժվար հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի պատմությանն ու ներկա կյանքին։ Սուսաննան եկել էր Վորոնեժ հարազատներին տեսակցելու և շատ էր ուրախացել, երբ իմացել էր, որ Հայաստան կարող է վերադառնալ ուղիղ չվերթով։ Նա դարձավ Վորոնեժ–Երևան առաջին չվերթի ուղևորուհին, նաև ստացավ անվճար ավիատոմս, որը կգործի վեց ամսվա ընթացքում», – նշվում է օդանավակայանի կայքում։ 

Ինչպես նշել են Վորոնեժի օդանավակայանի մամուլի ծառայությունից, Վորոնեժ–Երևան չվերթն իսկապես կարևոր է, քանի որ ոչ միայն հերթական միջազգային ուղղության բացում է, այլ նաև համալրել է ընկերության գործընկերների ցանկը։ «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը դարձավ Վորոնեժից չվերթեր իրականացնող 20–րդ ավիափոխադրողը։

«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը («Grozny-Avia») ստեղծվել է 2007 թ.–ին, Գրոզնի քաղաքում։ Ավիաընկերությունը կատարում է կանոնավոր ներքին և միջազգային ուղևորափոխադրումներ, ինչպես նաև բեռնափոխադրումներ և փոստային փոխադրումներ։ Հիմնական բազային օդանավակայաններն են Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանն ու «Գրոզնի» օդանավակայանը։ –0–