ru24.pro
Sport 24/7
Сентябрь
2024

Ես եղել եմ նրա մենեջերը, խոհարարը, թարգմանիչը, ընտանիքի անդամը, և համատեղ հասել ենք այդ բարձունքին. ProFC-ի առաջին հայ աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի մարզիչ Հայկ Ղուկասյան

0

Tert.am-ը զրուցել է ընդհանուր մենամարտերից առաջին հայ աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի մարզիչ Հայկ Ղուկասյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Ղուկասյան, հե՞շտ էր աշխարհի չեմպիոն պատրաստելը։

- Իհարկե՝ ոչ։ Մենք անցել ենք բավականին երկար ճանապարհ, միասին, գրեթե՝ 19 թռիչք։ Ես ոչ միայն եղել եմ ուղղակի նրա մարզիչը, այլ եղել եմ նրա մենեջերը, նրա խոհարարը, թարգմանիչը, եղել եմ նրա մերսողը: Ես եղել եմ նրա ընտանիքի անդամը, և համատեղ ուժերով հասել ենք այդ բարձունքին։

- Ինչպե՞ս ստացվեց այդ ամենը, կպատմե՞ք ընթացքի մասին:

- 2009 թվականին մենք ներկայացրեցինք հայտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, քաշային կարգը հստակ պետք է շեշտել՝ 70կգ: Այդ քաշային կարգում մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի 78 երկրի ուժեղագույն մարզիկներ, որոնք ներկայացնում էին տարբեր մարզաձևեր։

Նույն քաշային կարգում  հանդես էր գալիս նաև այժմյան UFC-ի բացարձակ չեմպիոն՝ Խաբիբ Նուրմագոմեդովը։ Պատկերացնո՞ւմ եք որակական լրջությունը: Եվ նա պայքարից դուրս եկավ՝  չշարունակելով մրցել. ամեն ինչ օլիմպիական կարգով էր, պարտվողը դուրս է մնում մրցույթից, իսկ հաղթողը շարունակում է իր փուլը։ Ինչպես տեսնում եք, մենք հաղթեցինք։

- Անդրադառնանք Ձեզ, ե՞րբ և ինչպե՞ս եք ստացել մարզչի որակավորումը:

- Մարզչի որակավորումը ստացել եմ՝ երկար տարիներ իմ ժամանակի մեծ մասն անցկացնելով սպորտային ասպարեզում։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ինձ շատ օգնեց միջազգային կարգի մրցավար լինելու հարցում, ես ծանոթ էի բոլոր միավորներին, թե ինչպես կարելի է հաղթել՝ շատ խելացի մարտավարություն ընտրելով։

Ես լսել եմ վաստակավոր մարզիչների խորհուրդները, հետևել նրանց ցուցումներին: Հաղթող ճանաչվելու համար ամենամեծ կարևորությունը կարգապահ լինելն է, ինչ-որ մի բանի հասնելու համար պետք է լինես նաև մեծ հոգեբան։ Այնպես որ, այստեղ մեծ դեր ունի նաև հոգեբանությունը։ Սպորտում չպետք է մարզիկի հետ խոսես վատ բաներից, պետք է լինել ընկերասեր, պետք է մարզումներից հետո անընդհատ նրա հետ զրուցել՝ ներկայացնելով միայն դրականը։ Եվ այսպես, միասին անցանք երկար ճանապարհ: Այսօր ինձ համար շատ հեշտ է պատրաստել աշխարհի չեմպիոններ։

- Ձեր մարզչական կարիերայի ընթացքում շա՞տ չեմպիոններ եք պատրաստել:

- Այժմ ես շարունակում եմ զբաղվել մարզչական աշխատանքով և առայսօր պատրաստել եմ շատ հաղթողներ։

Սուտ կլինի, եթե  ասեմ, որ այդ ամենն արել եմ միայնակ: Ես դա կատարել եմ մարզիկի հետ միասին՝ բացատրելով նրան, որ մեր համատեղ աշխատանքը շատ կարևոր է հաղթանակի հասնելու համար։
Օրեր առաջ մարզահամերգային համալիրում Դավիթը մասնակցեց աշխարհի առաջնությանը, կրկին հաղթեց՝  պահպանելով չեմպիոնական գոտու տիտղոսը:
Իհարկե, քիչ չեն խնդիրները. ստացել ենք վնասվածքներ, չենք ունեցել ֆինանսական միջոցներ, բայց կարողացել ենք հաղթահարել:

Սպորտում կարևորն այն է, որ դու ինքդ հավատաս քեզ, քո ուժերին և հավատաս Աստծուն, որ դու կարող ես, և քեզ մոտ ամեն ինչ կստացվի։

- Եղե՞լ են դեպքեր երբ Ձեր մարզիկը հայ չի եղել:

- Այդ տարիներին մի շարք երկրներից դիմում էին հավաքական թիմեր՝  ցանկություն հայտնելով, որ  իրենց մարզեմ. արդյունքում  նրանցից շատերը դարձել են հաղթողներ։