ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4 5 6 7 8 9
10
11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կենտրոնական բանկի իրականությունից կտրված քաղաքականության հետևանքով տեղական արտադրողները կրում են մեծ կորուստներ. Տնտեսագետ

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը 

– Պարո՛ն Պարսյան, Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում այս պահի դրությամբ 12-ամսյա գնաճը 0.6 տոկոս է, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կբարձրանա՝ հասնելով 2 տոկոսին մոտ ցուցանիշի: 2025 թվականին գնաճը մոտ կլինի նախանշված 4 տոկոս թիրախին։ Այս ցուցանիշներն ինչպե՞ս եք գնահատում։

– Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի պետական բյուջեով ու դրամավարկային քաղաքականության համաձայն՝ Հայաստանում գնաճը պետք է լիներ 4 տոկոս, գումարած-հանած 1,5 տոկոս, այսինքն՝ 2,5 կամ 5,5 տոկոս։ Ինչպես բարձր, այնպես էլ ցածր գնաճը տնտեսության համար բավականին լուրջ բացասական հետևանքներ է թողնում։ Անցած տարիներին մենք ունեինք բարձր գնաճ, մասնավորապես՝ 2022 թվականին՝ մոտ 8,6 տոկոս գնաճ, նախատեսվածից ավելի բարձր, ու այս տարի՝ տասը ամսվա հաշվարկներով, ունենք մոտավորապես զրոյական գնաճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: 

Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի տեղական արտադրության համար բավականին ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Ընդհանուր առմամբ, գնաճը հաշվարկվում է 450 ապրանքների գների միջինացված թվով, երբ ունենք զրոյական մակարդակի գնաճ, դա բացասական ազդակ է արտադրողներին Հայաստանում ներդրումներ կատարել, տնտեսական ակտիվություն ցուցաբերել։ 

Նշեմ նաև, որ այս ցածր գնաճը նաև պետք է համադրել մեր տարածաշրջանի մյուս երկրների ու հիմնական գործընկերների հետ, որտեղ գնաճը շատ բարձր է։ Հիմա ստացվում է, որ Հայաստանի ապրանքները մնացել են թանկ, դրամային արտահայտությամբ, իսկ ռուսական, թուրքական, մնացած երկրների ապրանքները դրամային արտահայտությամբ էժանացել են: Ստացվել է, որ մեր տեղական արտադրողները ոչ միայն կորցրել են արտահանման շուկաները՝ նույն ռուսական, բելառուսական, ԵԱՏՄ-ն և այլն, որովհետև մեր դրամը նաև այս տարվա ընթացքում արժևորվել է՝ 420-ից հասնելով մինչև 390, դրան զուգահեռ նաև կորցնում են ներքին շուկան, այսինքն՝ ներմուծվող ապրանքները դառնում են ավելի էժան: 

Այս զրոյական գնաճի մակարդակը հիմնականում պայմանավորված է դրամի գերարժևորմամբ և մեր գործընկեր երկրների կենտրոնական բանկերի քաղաքականությամբ։ Մեր գործընկերը վարում են իրենց էժան փողի քաղաքականություն, նույն Թուրքիան, օրինակ՝ երկար ժամանակ այդ քաղաքականությունն է վարում, ու ստացվում է, որ մեր Կենտրոնական բանկը ընդհանրապես անհաղորդ է դրսի ազդակներին ու վարում է իրականությունից կտրված դրամավարկային քաղաքականություն, ինչի հետևանքով մեր տեղական արտադրողները հատկապես մեծ կորուստներ են կրում։ 

Տարեսկզբին, երբ ԿԲ-ի ղեկավարին ասում էինք, որ գնաճի տեմպը ցածր է, նա մեզ հավաստիացնում էր, թե տարեվերջին կգանք թիրախային 4 տոկոսին։ Հիմա տասը ամիս է՝ զրոյական մակարդակի վրա ենք, իրենք խոստանում են տարեվերջին 2 տոկոս գնաճ, ինչը ևս քիչ հավանական եմ համարում՝ հաշվի առնելով վերջին ամիսների տեմպերը: Նրանց հույսը կա՛մ ամանորյա գնումներն են, որ որոշակի գնաճ պետք է ապահովեն, բայց չեմ կարծում, թե դա 2 տոկոս գնաճ կապահովի։ 

Ստացվում է, որ ԿԲ քաղաքականությունը, ինչպես նախորդ տարիներին, այս պահին ևս ձախողել է, եթե նախորդ տարիներին բարձր գների հետևանքով մեծ վնաս էր կրում բնակչությունը, այս դեպքում մեծ վնաս կրեցին տեղական արտադրողները։ Երբ ԿԲ-ն իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նպատակ ուներ, որ վարկային միջոցները պետք է դառնան ավելի մատչելի, ու ձեռնարկատիրությունը, տնտեսական ակտիվությունը խթանվեն, բայց այդպես չեղավ, որովհետև մեր բանկերն իրենց տոկոսադրույքները այդպես զուգահեռ չիջեցրեցին համաչափ, ու բիզնես վարկերը դարձյալ բարձր տոկոսադրույքներով են, ու ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը էական ազդեցություն չունեցավ։ 

Հերթական անգամ ունենք բավականին մտահոգիչ իրավիճակ տեղական արտադրության մասով, եթե չլիներ ոսկերչության այս արտաքին փուչիկը, մեր արդյունաբերությունը կլիներ մինուս, տարբեր հաշվարկներով դա կարող էր հասնել մինուս 5 տոկոսի։ Իրենք օգտվեցին ոսկերչության աճից ու փակեցին արդյունաբերության կորուստները, որոնք կան։ 

Մեր թիվ մեկ խնդիրներից մեկը դրամի գերարժևորումն է, որովհետև ձեռնտու չէ Հայաստանից գործունեություն ծավալել, ու ստացվում է իրավիճակ, որ այս ամենից շահել են բանկային համակարգը, բանկերը, որոնք վարկերը հիմնականում տրամադրում են դրամով, և երբ գնաճը ցածր է, այդ պայմաններում բանկերի իրական շահույթն ավելի մեծ է լինում և՛ բացարձակ, և՛ հարաբերական իմաստով։ 

Արձանագրենք, որ այս դրամավարկային քաղաքականության հիմնական շահառուն դարձավ բանկային համակարգը, մեծ կորուստներ կրեց տեղական արտադրությունը, բնակչությունն առանձին ապրանքների՝ ներկրվող ապրանքների գծով, ունեցավ որոշակի էժանացումներ, իսկ գյուղմթերքի պարագայում ունենք թանկացում, քանի որ չի ներկրվում։ Նույն բանջարեղենը թանկացել է 15 տոկոսով, միրգը՝ 8: Ըստ էության կարող ենք ասել, որ բնակչությունը իր գումարները ծախսեց թանկ գյուղմթերք գնելու համար, իսկ դրանք թանկ են, որովհետև նույն վարկային միջոցներն էին թանկ գյուղացու համար, նաև պարարտանյութը, դիզվառելիքը ու այլ ապրանքներ ևս թանկ էին։ Ըստ էության, այս ցածր գնաճից նույնիսկ բնակչությունը չկարողացավ օգտվել։ 

– Ստացվում է, որ այս քաղաքականությունը ամենաշատ վնասում է տեղական արտադրությա՞նը։ 

– Այո՛, երբ դա հարվածում է տեղական արտադրողներին, նրանք փակում են աշխատատեղը, որից շարքային քաղաքացին եկամուտ է ստանում, ու նաև մարդը չի կարող նույնիսկ ցածր գնով ապրանքներ գնել, երբ աշխատանք չունի։ 

– Պարո՛ն Պարսյան, այսինքն՝ սա նաև խթանում է, որ ապրանքների մեծ մասը ներմուծվի՞։

– Այո՛, ըստ էության նպաստեց ներմուծման ծավալների կտրուկ աճի։

– 2025 թվականի բյուջեով չի նախատեսվում թոշակների ու նպաստների բարձրացում, սա ինչի՞ հետևանք է։

– Բյուջեի հնարավորությունների հետևանք է հիմնականում, այսինքն՝ հնարավոր չէ բյուջեն անսահմանափակ ծավալներով ավելացնել, նույնիսկ իրենց այս 3,5 տրիլիոնը խիստ անիրատեսական բյուջե է: Նրանք նախատեսում են 600 միլիարդ պարտք վերցնել, եթե ծախսային մասը ամբողջությամբ կատարեն, բայց հաշվի առնելով, որ եկամտային մասն իրենք դարձյալ թերակատարելու են, ինչպես այս տարի, ստիպված են լինելու կրճատումներ անելու ծախսային մասում ու իրենց շռայլ ծախսերը, որ նախատեսել են, ստիպված են լինելու կրճատել։ 

2025 թվականը ֆինանսական պլանավորման տեսանկյունից ռիսկային տարի է, նույնիսկ ԿԲ ղեկավարը հայտարարեց, որ բազմաթիվ ռիսկեր կան պետական բյուջեում, որոնց կառավարումը շատ դժվար է լինելու։

– Ծախսերի կրճատում որ ասում եք՝ նկատի ունեք նաև պետական ապարատի՞նը։

– Իրենց պարգևավճարներն ու աշխատավարձերը չեն կրճատի, կվերաբերի տարբեր շինարարական ծրագրերին։ Այս պահին պահպանում ենք անցած տարիներից եկող աճի տեմպը՝ արտաքին գործոններով պայմանավորված, բայց արտաքին գործոնների ազդեցությունը գնալով կրճատվում է, Հայաստանի տնտեսությունը 2025-ին դարձյալ հիմնականում կախված կլինի արտաքին գործոններից, քանի որ տեղական նոր գործոններ չենք ստեղծել: 

Ըստ էության, նրանց հույսը Ամուլսարն է, բայց նույնիսկ այն չի կարող փրկել իրավիճակը, ու նրանք ստիպված են լինելու 2025-ին գոտիները ձգելու կամ էլ բարձր գնաճ անել, դրամն արժեզրկել, որ կարողանան պետական բյուջեի ցուցանիշներն ապահովել: Այդ դեպքում էլ գնողունակության խնդիր է առաջանալու, կենսամակարդակի վատթարացում։ Այսինքն՝ 2025-ը շատ մեծ ռիսկային է լինելու Հայաստանի համար, իսկ այդ ռիսկերը, ցավոք, այս իշխանությունների կողմից չեն կառավարվում, նրանք ամեն ինչ թողել են իներցիային ու Աստծո հույսին։ 

– Պարո՛ն Պարսյան, ենթադրելի է, որ պետական պարտքը ևս ավելանալու է, չէ՞։

– Այո՛, պետական պարտքը, որպես այդպիսին, առհասարակ բացասական երևույթ չէ, եթե դա արդյունավետ ես օգտագործում, եթե դրան համապատասխան քո ՀՆԱ-ն էլ է ավելանում, հարկային մուտքերն էլ են ավելանում, բայց այս իշխանությունների պարագայում պետական պարտքի ավելացումը չի ուղեկցվել տնտեսության մեջ կառուցվածքային որակական փոփոխություններով, պետական պարտքն ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, որոնք մեծ ազդեցություն չեն ունեցել։ Ճանապարհը հինգ անգամ ասֆալտապատելով՝ տնտեսության մեջ որակական փոփոխություն չես առաջացնի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կենտրոնական բանկի իրականությունից կտրված քաղաքականության հետևանքով տեղական արտադրողները կրում են մեծ կորուստներ. Տնտեսագետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.