ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4 5 6 7 8 9
10
11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ԵԽ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն որոշակի առաջընթաց է արձանագրել Հայաստանում կալանավորների պահման պայմաններում

0

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Հայաստանի կառավարության խնդրանքով զեկույց է հրապարակել երկրի տարբեր հաստատություններում պահվող կալանավորների պահման պայմանների վերաբերյալ։ Ի տարբերություն 2019 թվականին հրապարակված զեկույցի՝ կոմիտեն այս անգամ որոշակի դրական փոփոխություններ է արձանագրել։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որում նշված է, որ պատվիրակությունը ուսումնասիրել է մի քանի բանտերում, կենտրոնական բանտային հիվանդանոցում և սոցիալական խնամքի տներում (ինտերնատներում) ազատությունից զրկված անձանց վիճակը:   

Զեկույցն, անդրադառնալով ոստիկանությունում անձանց պահելու պայմաններին, նշում է, որ պատվիրակության կողմից հարցված անձանցից շատերը պատմել են, որ ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել են պատշաճ վերաբերմունքի։ 

«Այնուամենայնիվ, պատվիրակությունը հավաքել է որոշ մեղադրանքներ ոստիկանության կողմից վերջերս բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական դաժան վերաբերմունքի մասին, հատկապես հարցաքննության ժամանակ, ըստ հաղորդումների՝ ցուցմունք կորզելու կամ այլ տեղեկություններ ստանալու նպատակով», – նշել է զեկույցը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքների հետ կապված իրավիճակը 2019 թվականի այցի համեմատությամբ գոնե մասամբ բարելավվել է Քրեական դատավարության նոր օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում։ 

Ողջունելով այս դրական փոփոխությունները՝ կոմիտեն կրկնում է ոստիկանության կալանավայրերում վնասվածքների զննման պայմանների բարելավման իր առաջարկությունները և հավելել, որ ոստիկանները չպետք է ներկա գտնվեն բժշկական զննության ժամանակ, և բժշկական փաստաթղթերի գաղտնիությունը պետք է խստորեն պահպանվի: 

«Ինչ վերաբերում է բանտերում տիրող իրավիճակին, ապա կոմիտեի պատվիրակությունը քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի ստացել: Ոչ ֆորմալ բանտարկյալների հիերարխիկ իշխանությունը մասամբ նվազել է։ Այնուամենայնիվ, բանտարկյալների միջև բռնությունը դեռևս լիովին չի վերացվել հատկապես «Նուբարաշեն» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում։ Կոմիտեն խորհուրդ է տվել վճռական քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու բանտարկյալների հիերարխիայի ոչ պաշտոնական ազդեցությանը», – նշված է զեկույցում:

Զեկույցն անդրադարձ է կատարել նաև բանտերում նյութական պայմաններին՝ նկատելով, որ Աբովյան քաղաքի բանտի շարունակական ամբողջական վերանորոգումը դրական զարգացում է եղել, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պայմանները հիմնականում շարունակել են մնալ շատ վատը, իսկ Արմավիրի և Արթիկի քրեակատարողական հիմնարկները միջին վիճակում են: 

«Որպես առաջնահերթություն՝ իշխանությունները պետք է անցնեն «Նուբարաշեն» բանտի ծրագրված փակմանը, Արթիկի բանտի ամբողջական վերանորոգմանը և բանտարկյալներին դուրս բերեն ամենաքայքայված խցերից։ 

2019 թվականի այցելությունից հետո Կենտրոնական բանտային հիվանդանոցում կենցաղային պայմաններն էլ ավելի են վատթարացել․ ողջ հաստատությունը գտնվում էր ծանր վիճակում, և այնտեղ տիրող իրավիճակը առողջապահական հաստատությանը հարիր չէ», – ասված է զեկույցում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ փակել այն։ 

Զեկույցի համաձայն՝ սոցիալական խնամքի հաստատություններում անձնակազմի կողմից բնակիչների նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ հավաստի հայտարարություններ չեն ստացվել, և բնակիչներից շատերը դրական են արտահայտվել անձնակազմի մասին, իսկ մթնոլորտն ընդհանուր առմամբ հանգիստ է թվացել, ինչը հատկապես գովելի է` հաշվի առնելով առկա դժվարությունները։  

Մանրամասներ են ներկայացվել նաև Կոմիտեի պատվիրակության՝ զինվորական կալանավայրեր այցելություններից։ Նշվում է, որ դրանցում անձնակազմի կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին հայտարարություններ չեն ստացվել, նյութական պայմաններն ու առողջապահական ծառայությունները բավարար են:  

Հաղորդվում է, որ Կոմիտեի զեկույցը և իշխանությունների պատասխանը հրապարակվել են Հայաստանի կառավարության խնդրանքով։  

«Իրենց պատասխանում Հայաստանի իշխանությունները տեղեկացնում են Կոմիտեին քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթին հակազդելու իրենց ջանքերի, արդեն իսկ կատարված քայլերի, բանտերի վերանորոգման երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև իրավաբանորեն անգործունակ ճանաչված անձանց դատարան մուտքի իրավունքի սահմանափակումների վերանայման նախաձեռնությունների մասին», – եզրափակել է Կոմիտեի հաղորդագրությունը։ 

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) այցելում է խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի Կողմերի կալանավայրեր՝ գնահատելու, թե ինչպես են վերաբերվում ազատությունից զրկված անձանց՝ նպատակ ունենալով անհրաժեշտության դեպքում խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից այդպիսի անձանց պաշտպանությունն ուժեղացնելը։ Այդ վայրերը ներառում են բանտեր, անչափահասների կալանավայրեր, ոստիկանական բաժանմունքներ, ներգաղթի կալանավորների պահման կենտրոններ, հոգեբուժարաններ և սոցիալական խնամքի տներ: Յուրաքանչյուր այցից հետո Կոմիտեն իր եզրակացություններն ու առաջարկությունները պարունակող զեկույցն ուղարկում է շահագրգիռ կառավարությանը։ 

The post ԵԽ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն որոշակի առաջընթաց է արձանագրել Հայաստանում կալանավորների պահման պայմաններում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.