Ուսումնական հաստատություններում արգելվելու է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, երբ օրենքն ընդունվի. Ալխաս Ղազարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, օրերս ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի երեխաների սննդակարգում էներգետիկ ըմպելիքները պետք է տեղ չունենան, որովհետև դրանք պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր։ Դուք այս ըմպելիքների վերաբերյալ նախագիծ էիք համահեղինակել, ի՞նչ ընթացք ունեցավ այն։
– Նախագիծը հետ էի կանչել, որպեսզի առավել հանգամանալից քննարկեինք մասնագետների հետ, ինչպես նաև գիտական հիմնավորումներով հարստացնեմ նախագիծը, այդ իսկ պատճառով նախագիծն ուշ դրվեց շրջանառության մեջ, բայց այն արդեն խորհրդարանում է, ենթադրում եմ, որ մյուս լիագումար նիստին արդեն կներառվի օրակարգ։
– Ձեր առաջարկած նախագիծը որքանո՞վ կարող է նպաստել նրան, որ երեխաները չօգտվեն այդ ըմպելիքներից, ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում։
– Հիմնական թիրախը երեխաներն են, որպեսզի հնարավորինս քչացնենք նրանց կողմից էներգետիկների օգտագործումը, այդ իսկ պատճառով բոլոր ուսումնական հաստատություններում ու առհասարակ բոլոր վաճառքի կետերում մինչև 18 տարեկան անձանց չի թույլատրվում էներգետիկ ըմպելիք վաճառելը։
«Գովազդի մասին» օրենքում ևս փոփոխություն ենք կատարել, որպեսզի հնարավորինս գայթակղիչ լինելն էլ նվազեցնենք, որպեսզի երեխան գովազդով էլ չգայթակղվի, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ենք փոփոխություն կատարել, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով, որ մինչև 18 տարեկան անձանց չներգրավեն նաև էներգետիկ ըմպելիքների վաճառքի գործում։
Բավականին մեծ փաթեթ է ստացվել, սկզբում, երբ նախաձեռնում էի նախագիծը, չէի պատկերացնում, որ այդ ծավալի կլինի։ Սա լուրջ խնդիր է, որովհետև երբ ստացանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, այնտեղ բավական հստակ նշված է, որ էներգետիկների օգտագործումը բավականին վատ ազդեցություն է ունենում երեխաների առողջության վրա, քանի որ մինչև 18 տարեկանը նրանց օրգանիզմը զարգացման փուլում է գտնվում, և, բնականաբար, նման ըմպելիքները ոչ դրական ազդեցություն են ունենում, գիրացման են բերում, ինչն էլ կարող է հանգեցնել զանազան այլ հիվանդությունների։ Այս ամենի վերաբերյալ կա հստակ վիճակագրություն։
– Տիկի՛ն Ղազարյան, մարդիկ, որոնց հետ քննարկել եք թեման, համակարծի՞ք են ձեզ հետ, թե՞ առարկություններ կան։
– Ես բացասական ազդակ դեռ չեմ ստացել որևէ կողմից, նույնիսկ տնտեսվարողները, ներկրողներն ու արտադրողներն են համաձայն, որովհետև, ի վերջո, լրիվ չենք արգելում այդ ըմպելիքի իրացումը երկրում, ուղղակի բոլորս էլ հասկանում ենք, որ դա հենց մեր երեխաների շահերից է բխում, ու բոլորն էլ հասկանում են դրա վնասակարությունը։ Ես մեր նախորդ հարցազրույցի ժամանակ էլ ասացի, որ հենց ծնողներից է եղել այս առաջարկը, որին և ձեռնամուխ եմ եղել ես։
– Այսինքն՝ օրենքի ուժ ստանալուց հետո բողոքներ, ընդվզումներ չե՞ն լինելու։
– Չեմ կարծում, թե լինեն, ընդհակառակը՝ սպասում եմ, որ սատարողներ կլինեն՝ մանկավարժներ, դասախոսներ, ծնողներ, կարծում եմ՝ դրական է ընդունվելու նախագիծը։ Իրականում, մի փոքր անհանգստացած եմ, որ գուցե չկարողանանք լիովին վերահսկել վաճառքի արգելքը, բայց որպես օրենսդիր մեր հնարավորությունների չափով ամեն բան արվում է։
– Իմ հարցը հենց դա է՝ ի՞նչ գործուն քայլեր եք նախատեսել, որպեսզի օրենքն իսկապես գործի, այլ չլինի հերթական փոփոխությունը, որը մնալու է միայն թղթի վրա։
– Բոլորի անհանգստությունը հենց դա է, որ այն իսկապես ծառայի նպատակին, բայց հուրախություն ինձ պետք է ասեմ, որ օրերս կոնկրետ երկու խանութում նկատեցի, որ անչափահասներին էներգետիկ ըմպելիք արդեն չէին վաճառում։ Այսինքն՝ բացի նրանից, որ պետք է գործուն քայլեր լինեն տեսչականների, ՏԻՄ-երի, նրանց կողմից, որոնց պատվիրակվել է այդ հսկողությունն իրականացնել, նաև իրազեկման արշավն է կարևոր, որ էներգետիկների օգտագործումը վնասակար է, ու այդ դեպքում և՛ ծնողները տեղեկացված կլինեն ու թույլ չեն տա, որ երեխաները շատ օգտագործեն դրանք, և՛ վաճառողները չեն վաճառի։ Այսինքն՝ իրազեկումը ևս շատ մեծ դեր ունի այս ամենում ու այն թերագնահատել պետք չէ։
– Տիկի՛ն Ղազարյան, ճի՞շտ հասկացա, որ ուսումնական հաստատություններում արգելվելու է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, երբ օրենքն ընդունվի։
– Այո-այո՛, արգելվելու է։ Հիմա տարբեր տեսակի բրենդավորմամբ ըմպելիքներ կան, օրինակ՝ Չէներգետիկ ապրանքատեսակը կա, այսինքն՝ տարբեր անվանումներով, ծագումով անհասկանալի ըմպելիքներ կան։ Այս ամենն արվում է երեխաների առողջության համար, ու չեմ կարծում, որ կլինեն մարդիկ, որոնք դեմ կարտահայտվեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ուսումնական հաստատություններում արգելվելու է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, երբ օրենքն ընդունվի. Ալխաս Ղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.