ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը դրական է արձագանքել ՀՀ պատրասկամությանը՝ միանալու Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային
ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում, որն ընթանում էր նոյեմբերի 6-ից 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորի հետ։
Փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կողմից Հայաստանում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին մշտապես սատարելու համար՝ մատնանշելով փորձագիտական աջակցությունը ԱՌԿ ռազմավարության մշակման, ոլորտային միջազգային փորձի տեղայնացման մի շարք գործընթացներ։ Անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք նոր հնարավորություն են ստեղծում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի ձևավորման վրա։
Նա նաև կարևորել է աղետների ռիսկի նվազեցման կորուստների և վնասի հաշվառման գործիքակազմի տեղայնացումը Հայաստանում, որի արդյունավետությանը մեծապես կարող է նպաստել միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայումս նորացվող համակարգը։
Արփինե Սարգսյանը հիշատակել է նաև Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային (CDRI) միանալու վերջերս ստացված հրավերը, որն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանի կարևորագույն համագործակցության շրջանակներից մեկը կարող է դառնալ։
Հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը դրական է արձագանքել CDRI-ին միանալու Հայաստանի պատրաստակամությանը՝ շեշտելով, որ Հնդկաստանում հիմնված այս նախաձեռնության մեջ անձնական զգալի ներդրում ունի, և պատրաստ է աջակցելու Հայաստանին կոալիցիային միանալու գործընթացում։
Կամալ Կիշորը բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանում ընթացող գործընթացները՝ նշելով, որ քաջատեղյակ է Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրականացման գործում հայ մասնագետների ակտիվ ներգրավման վերաբերյալ։
ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման մասով ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակն ակտիվ ջանքեր է գործադրում, ինչի առնչությամբ Կամալ Կիշորը նշել է, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է տեխնիկական աշխատաժողով Հայաստանում, որին անմիջական մասնակցություն են ունենալու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փորձառու մասնագետները։ Այս աշխատաժողովի արդյունքները հետագայում նպաստելու են նաև բարձր մակարդակում ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման գլոբալ քննարկումներին, որոնց ուղղությամբ նա խոստացել է հետևողական լինել, որպեսզի ֆինանսավորման շրջանակներն ուղղված լինեն ոչ միայն արձագանքման կարողություններին, այլև կանխարգելման և նվազեցման միջոցառումներին։
«Այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է ոգևորիչ լինել այլ երկրների համար», – նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
Աղետների պատճառած կորուստերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ մասնագետների վերապատրաստման մասով ևս հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելով հայ մասնագետների առավել ակտիվ ներգրավվածության ապահովմանը։
The post ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը դրական է արձագանքել ՀՀ պատրասկամությանը՝ միանալու Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային first appeared on MediaLab Newsroom-Laboratory.