«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 17-ին տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս անգամ հանդես կգան երգիչ կոմպոզիտոր Վահան Արծրունին՝ KVart կամերային անսամբլի նվագակցությամբ, և ազգային նվագարանների վարպետ և կատարող Նորայր Քարտաշյանն՝ իր «Մենուա» ֆոլկ խմբով։
Կհնչեն Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, և կոմիտասյան եղանակներ՝ Նորայր Քարտաշյանի մշակմամբ։
«Կոմիտաս’ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը մտահղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին՝ Կոմիտաս վարդապետի 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնել կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները համազոր կերպով։
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային, երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև վարդապետի երաժշտության բազմաբնույթ մեկնությունները և գրական ժառանգությունը։
The post «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.