Ե՛վ Թրամփը, և՛ Հարիսը Ուկրաինայի մասով բացահայտ ասել են, Հայաստանի մասին քիչ են խոսել, դա առաջնային խնդիր չէ. Հովհաննիսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը
-Պարո՛ն Հովհաննիսյան, քանի որ շատ է խոսվում ԱՄՆ նախագահի ընտրությունների կարևորության մասին՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, կխնդրեմ ասեք, թե ի՞նչն է այս ընտրություններն այդքան կարևոր դարձրել։
– Կարծում եմ՝ շատ քիչ ընտրություններ են եղել ԱՄՆ-ում ու ընդհանրապես ինչ-որ մի երկրում, որ այսպիսի նշանակություն ունենան, բայց այս նշանակությունը երկու որակ ունի․ մեկը ԱՄՆ-ի ու թեկնածուների տարբեր մոտեցումների իրական ազդեցությունն է, ինչպես կարող են ազդել աշխարհի վրա, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն այսօր աշխարհի ամենահզոր ու զարգացած երկիրն է։ Երկրորդը սպասումների գործոնն է, որ քաղաքական ու ոչ քաղաքական շրջանակները ողջ աշխարհում նայում են դեպի ԱՄՆ ու որոշակի խաղադրույք են կատարում ու սպասումներ ունեն թեկնածուներից որևէ մեկի ընտրությունից։
Թրամփից կախվածությունը, իհարկե, որոշ էլիտաների սպասումն է, առաջին հերթին՝ սկսած Չինաստանից, վերջացրած Հունգարիա Օրբանով, որոնք կարծում են, որ Թրամփի օրոք, ու, երևի թե իրականում այդպես էլ կա, իրենց խնդիրները ԱՄՆ-ի ու հարևանների հետ ավելի բարենպաստ պայմաններում կլուծվեն, սակայն, իմ կարծիքով, այդ սպասումները մի փոքր չափազանցված են։ Չի կարող ԱՄՆ-ի նման երկրում քաղաքականությունն այդ աստիճան ճոճանակ ունենալ՝ մի ծայրահեղությունից մյուսը։ Ընդհանուր միտումը ճիշտ է ընկալվում, բայց չափազանցված է։
– Մեր տարածաշրջանի համար ո՞ր թեկնածուի հաղթանակը, ձեր գնահատմամբ, առավել նպաստավոր կլինի։
– Նայած թե հարց տվողը կամ պատասխանողը ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան. եթե «3+3»-ի կողմնակից է, եթե ռեգիոնալացման կողմնակից է, եթե Ռուսաստանի ռեգիոնալ ու տարածաշրջանային դերի պահպանման կողմնակից է նաև, բնականաբար, Թրամփի ընտրությունը այդ շրջանակի սպասումներին ավելի է նպաստում։ Եթե ավելի Հայաստանի Արևմուտք գնալու, եվրաինտեգրման կողմնակից է, ապա ակնհայտ է, որ Հարիսի ընտրությունը ավելի մեծ շանսեր է տալիս։
– Իսկ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները ճնշելու մասով ո՞ր թեկնածուն մեծ ազդեցություն ունի։
– Միանշանակ Հարիսը, իհարկե դա կարող է ոչ միշտ այնպես լինել, ինչպես մենք ենք սպասում, որովհետև լուրջ փոփոխություններ կլինեն Բայդենի քաղաքականության հետ համեմատած, եթե ընտրվի, բայց, ընդհանուր առմամբ, քանի որ ԱՄՆ քաղաքականությունը համաձայնեցված է Եվրոպայի կառավարող էլիտայի հետ, ապա այդ միտումը լինելու է ավելի ուժեղ, որ թույլ չտան ռեգիոնալացում, թույլ չտան Ադրբեջանի, Թուրքիայի գերուժեղացում, տարածաշրջանը բացել Եվրոպայի համար։
– Պարո՛ն Հովհաննիսյան, շատ է խոսվում նաև այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ռուս-ուկրաինական պատերազմում իրադրության փոփոխության ականատես կլինենք այս ընտրություններից հետո։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այդ հարցերի վերաբերյալ։
– Ե՛վ Թրամփը, և՛ Հարիսը Ուկրաինայի մասով բացահայտ ասել են, Հայաստանի մասին հրապարակային քիչ են խոսել, դա առաջնային խնդիր չէ: Թրամփն Ուկրաինայի մասով հստակ ասել է, որ Ուկրաինային կպարտադրի խաղաղություն Ռուսաստանի համար նախընտրելի պայմաններով, ընդ որում՝ նաև ասել է, որ իր ընտրվելու դեպքում դա կլինի մինչև հունվար, այսինքն՝ Պուտինի հետ արդեն պայմանավորված է, մնում է իրականացնել:
Հարիսն ասել է, որ իրենք Ուկրաինային պաշտպանելու են մինչև վերջ, որտեղ Ուկրաինան պետք է հաղթի, իսկ Ռուսաստանը պարտվի, այսինքն՝ այդ հարցում որևէ բան չկա, ամեն ինչ բացահայտ է։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա երկու կողմն էլ խաղաղությունից են խոսելու, բայց հարցն այն է՝ այդ խաղաղությունն ապահովելո՞ւ է Հայաստանի կայուն զարգացումը, դիմակայունությունը, թե՞ Հայաստանը դառնալու է պարզապես տարածաշրջանային գործընթացների ածանցյալ։ Խոսքն այդ մասին է, ԱՄՆ որևէ վարչակազմ չի ասելու, թե չեմ ուզում, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ պայմանավորվեն, այդպես չի կարող լինել։
– Ձեր խոսքում ասացիք՝ նայած թե հարց տվողն ու պատասխանողը ռեգիոնալիզմի կողմնակիցն է, թե՞ ոչ, ձեր գնահատմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունը որի՞ կողմնակիցն է։
– Ռեգիոնալիստական, առանձին վերցրած՝ կան արևմտյան գծի կողմնակիցներ, բայց գերիշխող գիծը, բնականաբար, ռեգիոնալիստականն է, դա ակնհայտ է։
– Չնայած հնչող հայտարարությունների՞ն։
– Շատ անգամ մենք ուզում ենք տեսնել այն, ինչ ուզում ենք, հայտարարությունները շատ էլ ռեգիոնալիստական են, պարզապես իրենք ասում են, որ Արևմուտքի հետ չեն ուզում կռվել, Եվրոպայի հետ ուզում են լավ լինել։ Եթե նույնիսկ պատկերացնենք, որ «Հայաստան» դաշինքը գա իշխանության, ի՞նչ է, երկրորդ օրը չի՞ ասելու, որ բոլորի հետ ուզում է նորմալ հարաբերություններ ունենալ, առևտուր անել։
– «Հայաստան» դաշինքն ասում է, որ այս իշխանությունը միտումնավոր փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։
– Դա այլ խնդիր է, հակառուսականությունը, որ կա, անժխտելի է, դրանից չի հետևում պրոարևմտյան մոտեցում, դրանից բխում է ռեգիոնալիզմ, որ մենք կախված ենք միայն Ռուսաստանից, իսկ հիմա մենք կախված կլինենք Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից, ու դա ավելի լավ տարբերակ է, քան կախված լինել միայն Ռուսաստանից։
Ընդհանուր գիծը ընդգծված ռեգիոնալիստական է, ու չի էլ թաքցվում, այլ խնդիր է, որ իրենք չեն կարող հարաբերությունները խզել Արևմուտքի հետ, չեն էլ խզելու, ու ով էլ գա իշխանության, ոչ մեկը չի խզելու։ Այդ առումով դա ռեգիոնալիստական գիծ է՝ մի քիչ ավելի պրոռուսական, մի քիչ ավելի պրոթուրքական, բայց նույն բանն է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ե՛վ Թրամփը, և՛ Հարիսը Ուկրաինայի մասով բացահայտ ասել են, Հայաստանի մասին քիչ են խոսել, դա առաջնային խնդիր չէ. Հովհաննիսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.