ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26
27
28 29 30
31

Բացվել է «Երվանդ Քոչար -125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը

0

Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և Քոչար ընտանիքի համագործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Պետությունը չափազանց կարևորում է անվանի գործիչների արժանի մեծարումն ու հանրահռչակումը: Եվ այս համատեքստում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը պատշաճ նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է 11 միջոցառումների առաջարկներ: Դրանց իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 167 մլն դրամ: Ընտրված միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանը ու միջազգայնացմանը, խթանելու են վարպետի ստեղծագործական առանձնահատկությունների ուսումնասիրություններին և ապահովելու են այդ ժառանգությանը ավելի լայն զանգվածների հասանելիությունը»:

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերի 27-ին Պոմպիդու կենտրոնում նախատեսված է Սերգեյ Փարաջանովին և Երվանդ Քոչարին նվիրված ցուցադրություն: Ցուցադրվելու են կենտրոնի հավաքածուում գտնվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործություն:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կամզակերպմանն աջակցելու և նախագիծը կյանքի կոչելու համար. «Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված. նա փորձում էր գտնել պատասխաններ և առաջադրել նոր հարցադրումներ: Շատ ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ»:

«Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: Առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում ներկայացված է գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: Քոչարը ներկայացված է նաև գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով:

Ցուցահանդեսի համադրողը Հասմիկ Բադալյանն է, անիմացիոն սրահի հեղինակը՝ Աշոտ Մարաբյանը:

Նշենք, որ Վարպետի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի թանգարանում (Երևան), Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Գալուստ Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), մասնավոր հավաքածուներում։

The post Բացվել է «Երվանդ Քոչար -125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.