ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26 27
28
29
30
31

«Ամուսինս, որ երբեք ձեռք չէր բարձրացրել վրաս, սկսեց հարձակվել, ծեծել, մտածում էի՝ կարող է ողջ չմնամ». շեշտակի աճ՝ ընտանեկան բռնության դաշտում

0

«Սովորական, ոնց որ բոլոր ընտանիքներում, այնպես էլ ես։ Նորմալ, էլի»,- հնչող հարցերին կարճ պատասխաններ էր միայն կարողանում տալ 50-ամյա Հերմինե Հակոբյանը։ Կողքին կանգնած ամուսինը անընդհատ փորձում է միջամտել, չի թողնում կնոջը խոսել:

Հերմինեն 5 անչափահաս երեխաների հետ Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում մնալուց հետո որոշել է կրկին միանալ ամուսնուն, չամուսնալուծվել, մի հնարավորություն էլ տալ նրան: Ասում է՝ ամուսինն իր ու երեխաների հանդեպ այլևս բռնություն չի կիրառում և խոստացել է ավելի հանգիստ պահել իրեն: 

«Հինգ երեխա ունենք, ուզում եմ հավատալ իրեն և հույս ունեմ՝ չի կրկնվի այն, ինչի միջով անցանք ես և երեխեքս»,- «Մեդիալաբին» ասում է նա: 

Հերմինեն Կանանց աջակցման կենտրոն էր դիմել հոգեբանական ծանր վիճակում՝ 5 անչափահաս երեխաների հետ։ Ամուսնացել են 2015-ին և հաստատվել Արցախում: 

Ասում է, որ ամուսնական կյանքի սկզբում արդեն կային դժվարություններ. ամուսինը թույլ չէր տալիս հարազատների հետ շփվել, տնից դուրս գալ, իսկ աշխատելու մասին առհասարակ խոսք լինել չէր կարող: Սակայն իրավիճակն էլ ավելի է բարդացել 44-օրյա պատերազմից հետո, երբ ամուսինը պատերազմի մասնակցելուց հետո վիրավորում է ստացել, բնավորությունը «ծանրացել» է, իսկ կարճ ժամանակ անց սկսել է հոգեբանական ճնշումներից զատ նաև ֆիզիկական բռնություն գործադրել կնոջ նկատմամբ: 

2020 թվականի պատերազմի, ապա Արցախի էթնիկ զտման հետևանքով Գևորգյանների ընտանիքն առնվազն երկու անգամ տեղահանվել է։ Իրավիճակն արդեն Հայաստանում այնքան է սրվել, որ շարունակական ծեծի, վիրավորանքների, վախի և լարվածության անընդմեջ շարունակական շղթան կոտրելու համար Հերմինեն որոշել է դիմել պատկան մարմիններին և Կանանց աջակցման կենտրոն։ 

«Ահավոր էր, ամուսինս, որ երբեք ձեռք չէր բարձրացել վրաս, սկսեց ամեն առիթով հարձակվել, ծեծել, նվաստացնել, եղավ պահ, որ մտածեցի՝ կարող է ողջ չմնամ, պատերազմը շատ ազդեց նրա վրա,- պատմում է Հերմինեն: – Արցախից տեղահանվելուց հետո հիմա գյուղերից մեկում ենք ապրում, ոստիկանությունը տեղյակ է մեր ընտանիքի խնդիրներին, վերահսկողություն կա, հույս ունեմ՝ էլ չի կրկնվի»:

Տարբեր հետազոտություններ փաստում են՝ պատերազմներից հետո, տարբեր հանգամանքներով պայմանավորված, ընտանեկան բռնության դեպքերն աճում են, և Հայաստանը այդ իմաստով բացառություն չէ: Հետպատերազմական իրավիճակում Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել, քանի որ ցանկացած սթրեսային իրավիճակ ավելացնում է բռնությունների թիվը, իսկ պատերազմից հետո զենքի առկայությունը մարդկանց ձեռքին նաև ավելի վտանգավոր է դարձնում բռնության երևույթը։ 

Խնդիրների մասին վկայում է նաև Հայաստանում հետպատերազմյան վիճակագրությունը, որն արձանագրում է շեշտակի աճ ընտանեկան բռնության դաշտում: 

Եթե 2022-ին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 960 դեպք, ապա 2023-ին այդ թիվը կրկնապատկվել է. արձանագրվել է ընտանեկան բռնության 1819 դեպք, բռնության զոհ է դարձել 14 կին։ 

Կանանց աջակցման կենտրոնում գործող ապաստարանում ևս մեկ տարվա տարբերությամբ դիմողների շեշտակի աճ է արձանագրվել: Եթե 2022-ին երկու ապաստարանում մոտ 80 կին և երեխա են ապաստանել, ապա 2023-ին միայն մեկ ապաստարանում կենտրոնը 265 կնոջ և երեխայի է ապաստան և պաշտպանություն տրամադրել: 

2023 թվականին քննչական կոմիտեում նախաձեռնվել է ընտանեկան բռնության գործերով 1848 քրեական վարույթ, 2022-ի` 960 դիմաց։

Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ մեկ տարվա ընթացքում, բացարձակ ավելացել է 888-ով կամ 92,5 տոկոսով։

«Ընտանեկան բռնությունը սրվում է հավելյալ սթրեսային իրավիճակներում, լինի պատերազմ, բնական աղետներ թե համավարակ։ Պատերազմին մասնակցած տղամարդկանց մոտ դրսևորվում է նաև ընտանեկան բռնության տեսքով»,- ասում է Կանանց աջակցման կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը, ընդգծելով, որ աճել է նաև զենքով ուղեկցվող հանցագործությունների թիվը։

Այս տարվա փետրվարի 20-ին 30-ամյա բնակչուհուն հրազենային վիրավորումով շտապ տեղափոխել էին հիվանդանոց: Երևանի կենտրոնում տղամարդը զուգընկերուհու հետ վիճելուց հետո կրակել էր նրա ոտքին։ 

Մեկ այլ դեպք էլ՝ զենքի կիրառմամբ, գրանցվեց ապրիլի 3-ին։ 32-ամյա տղամարդը «Մակարով» տեսակի ատրճանակով դիմահար կրակել էր քենու գլխին, ապա նույն ատրճանակով ինքնասպան եղել։ Մինչև կրակելը տղամարդը խոսել էր ընտանեկան խնդիրների մասին։ 

«Մեզ դիմած կանանց շրջանում երբ հարցնում ենք՝ արդյոք ամուսինը կամ զուգընկերը ունի՞ զենք, սպառնում կամ օգտագործո՞ւմ է այն, ավելի շատ «այո» պատախաններ ենք ստացել, իսկ մինչև 2020 թվականը պատասխաններն ավելի շատ բացասական էին։ Այս դրսևորումները հետպատերազմական իրավիճակով են պայմանավորված։ Սա պատերազմի ազդեցությունն է քաղաքացիական կյանքի վրա»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ պատերազմը առաջին հարվածը հասցնում է հենց կանանց, որոնք հասարակության մեծամասնությունն են կազմում, անընդմեջ հուզական բարձր մակարդակում են՝ որդի, ամուսին, եղբայր, հարազատ պատերազմ ճանապարհելուց մինչև սպասումներ, լուրեր, մահ, մինչև պատերազմից հետո հոգեբանական ծանր իրավիճակ: 

«Մենք ունենում ենք սարսափելի տրավմաներ, այդ տրավմաների հետ պետք է մասնագիտորեն աշխատանք կատարվի, բայց Հայաստանում երբևէ չի իրականացվել որևէ պետական ծրագիր, որի շրջանակներում աշխատանք կտարվի բռնարար կամ տրավմա տարած տղամարդկանց հետ։ Տղամարդիկ ստանում են տրավմաներ ու ապրում դրանցով։ Դեռ կան տղամարդիկ, որ 90-ականներին ստացած այդ տրավմաներով են ապրում, չեն ազատվել դրանցից, որոնց հետևանքով ունենք բազմաթիվ խեղված ընտանիքներ։ Սարսափելի դեպքեր են արձանագրվել՝ ընդհուպ մինչև երեխային գոմում կապելը, տաք գործիքով երեխայի վրա դաջվածք թողնելը և այլն»,- նշում է Զարուհի Հովհաննիսյանը։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ վերջին շրջանում աջակցության ակնկալիքով դիմողների շրջանում ավելացել են նաև Արցախից բռնի տեղահանված կանայք:

«Եթե մինչև պատերազմը բռնությունը կարող էր լինել ոտքերով կամ ձեռքերով հարվածների տեսքով, ապա պատերազմից հետո կիրառվում են սուր գործիքներ ու առարկաներ, արտահայտվում է երկարատև ծեծի տեսքով։ Ունեինք արցախցի շահառու, որն այդ անգամվա ծեծը թեթև էր համարում, ասում էր՝ նախորդ անգամ գոտիով այնքան էր ծեծել, որ օրերով անկողնուց չէր կարողացել վեր կենալ, վերքերը թարախակալել էին։ Եվ ամուսինը կրկին պատերազմի տրավմա ունեցող էր, որ տեսել էր եղբոր մահը և որևէ հոգեբանական աջակցություն չէր ստացել»,- պատմում է Զարուհի Հովհաննիսյանը։ 

Պատերազմն իրականում բացահայտում է մարդու մեջ եղած բռնարար վարքը, նշում է իրավապաշտպանը։ Այլ կերպ ասած, վարքը առկա է լինում ու հետպատերազմյան իրավիճակում, երբ սթրեսը չհաղթահարած մարդը տուն է վերադառնում, արդեն զսպման բոլոր մեխանիզմները վերանում են։ 

«Այսինքն՝ մարդը լինում է հոգեբանական բռնություն կիրառող, իսկ պատերազմից հետո արդեն դառնում է ֆիզիկական կամ սեռական բռնություն գործադրող։ Պարզապես կանայք ավելի շատ ճանաչում են ֆիզիկական բռնությունը»,- նշում է Զարուհի Հովհաննիսյանը։

Զենքի առկայությամբ պայմանավորված՝ ավելացել են ոչ միայն բռնության դեպքերը, այլև վախի մթնոլորտը։ Վախ, որ զենքը գործի կդրվի։ Ընդ որում՝ դեպքերի կրկնակի աճը արձանագրվել է այն պարագայում, երբ պատերազմից հետո կանայք ավելի շատ են սկսել հանդուրժել բռնությունը, ասում է Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։

«Եթե առաջ պատերազմի չմասնակցած ամուսինը ծեծեր կնոջը, նա ավելի շուտ կբարձրաձայներ, բայց հիմա, եթե ամուսինը պատերազմի մասնակից է, գերադասում է լռել, մնալ ու ծեծվել, որովհետև հասարակության համար նա հերոս է, ու կինը մտածում է, որ  իրեն ավելի շատ կմեղադրեն։ Բացի այդ՝ փորձում են մտնել բռնարարի դրության մեջ, որ պատերազմի է մասնակցել, շատ բան է տեսել, ու նորմալ է, որ իրեն չի կարողանում տիրապետել»,- նշում է Հասմիկ Գևորգյանը, ընդգծելով, որ կանայք հաճախ զանգահարում, խորհուրդ են հարցնում, բայց մեղքի զգացում ունենալու պատճառով որևէ քայլ չեն ձեռնարկում։ 

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am

The post «Ամուսինս, որ երբեք ձեռք չէր բարձրացրել վրաս, սկսեց հարձակվել, ծեծել, մտածում էի՝ կարող է ողջ չմնամ». շեշտակի աճ՝ ընտանեկան բռնության դաշտում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.