ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26
27
28
29
30
31

Գեղարքունիքի ամբողջ տարածաշրջանում մկները վնասել են բերքի 30 տոկոսը, իսկ աշնանացան ցորենի վիճակը շատ վատ է. Արտուշ Խաչատրյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ, ֆերմեր Արտուշ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, գյուղոլորտում ի թիվս այլ դժգոհությունների ավելացել է ևս մեկը՝ մկներն այս տարի զգալի վնաս են հասցրել գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Ինչո՞վ է բացատրվում մկների այդչափ ակտիվությունը, ու ի՞նչ վնասների մասին է խոսքը։

– Տարբեր մասնագետների հետ քննարկումից հետո հասկանում ես, որ բնության մեջ խախտվել է կենդանիների որոշակի բալանս, կոնկրետ գիշատիչ թռչունների, այն կենդանիների, որոնք սնվում են մկներով։ Գիշատիչ թռչունների քանակը նվազել է, նվազել է նաև ոզնիների, աղվեսների քանակը, որոնք սնվում են մկներով։ 

Ես իմ դաշտում ունեմ ջրավազան, որի մեջ ջուր է կուտակվում, ու կաթիլային եղանակով ջրում եմ իմ տարածքը, ոչ մի անգամ չէր եղել, որ մկները վնասեին կաթիլայինի խողովակները, իսկ այս տարի նման դեպք գրանցվել է։ Նախորդ տարիներին դաշտերում շատ-շատ երևում էին և՛ աղվեսներ, և՛ ոզնիներ, բայց այս տարի շատ քիչ են երևացել։ Պատճառներից մեկը դա է, երկրորդը՝ այս տարվա անձրևային եղանակը նպաստել է մկների բազմացմանը։ 

– Տվյալներ ունե՞ք, թե ո՛ր մարզերն են ավելի շատ տուժել, և բերքի ո՞ր տեսակներն են մկների թիրախում հայտնվել։

– Մեր տարածաշրջանում ՝ Գեղարքունիքում, մարդիկ հիմնականում մշակում են կարտոֆիլ, կաղամբ, ցորեն, մեր ավանդական մշակաբույսերն են սրանք։ Մենք նաև տարածել ենք նոր մշակաբույսեր՝ բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, կոլրաբի ու այլ կաղամբի տեսակներ։ Կարտոֆիլի դաշտերում է եղել մեծ վնասը, քանի որ այս տարի եղանակն անձրևային էր, ու շատ հաճախ մարդիկ դաշտերը չեն ոռոգել, իսկ երբ ոռոգում են, մկների բները ջրով են լցվում, խեղդվում են ու սատկում:

Քանի որ տարին անձրևային է եղել, այս հանգամանքը որոշ չափով նպաստել է մկների բազմացմանը։ Գեղարքունիքի ամբողջ տարածաշրջանում՝ Ճամբարակից, Սևանի այն կողմից սկսած մինչև այս կողմը, բոլոր տեղերից ունենք ֆերմերներ, ու բոլորն ասում են, որ մկներն իրենց բերքը 30 տոկոսով վնասել են, իսկ աշնանացան ցորենի վիճակը շատ վատ է։ Դու քայլում ես արտի միջով, ու ոտքերդ խրվում են հողի մեջ, որովհետև ամբողջ դաշտում մկան բներ են։ Այս տվյալը միայն Գեղարքունիքի մարզին է վերաբերում, ուրիշ մարզերի տվյալներով չեմ հետաքրքրվել։ 

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ այդ 30 տոկոսի վնասը վերաբերում է միայն կարտոֆիլի՞ բերքին։

– Կարտոֆիլը, ցորենը 30 տոկոսով, կաղամբը 10 տոկոսով են վնասում։ Այն մշակաբույսերը, որոնց պտուղը գետնի տակն է, ավերվել են 30 տոկոսով։ Ծառերը ևս վնասվել են, ոչ մի տարի չի եղել, որ մենք այգում տեսնենք, որ մկները ծառը կերել են, նման բան լսում էինք այլ տարածաշրջաններից ու զարմանում, բայց այս տարի այդ բանը նաև մեզ մոտ եղավ։ Իմ այգում տնկած է 500 ծառ, այս գարնանը 50 ծառ հանել եմ, փոխարինել ուրիշով, որովհետև մկներն ամբողջությամբ կերել էին այդ ծառերի կեղևը։ 

– Որո՞նք են մկների դեմ պայքարելու միջոցները։

– Երբ խոսվում է այդ մասին, բոլորի մոտ միանգամից մի տարբերակ է առաջ գալիս՝ մկնդեղ, որին կոնկրետ ես դեմ եմ։ Եթե մկնդեղը շաղ են տալիս դաշտերում կամ մկների բների մոտ, երբ մուկն այդ դեղն ուտում ու սատկում է, որ կենդանին կերավ սատկած մուկը, դա էլ է սատկում, որովհետև մկնդեղը ահավոր թույն է։ 

Երկրորդ՝ եթե շաղ են տալիս դաշտում, նաև այդ ցորենը, օրինակ՝ տարբեր թռչուններ ուտելուց հետո սատկելու են։ Այսինքն՝ այդ եղանակով մկների դեմ պայքարելով՝ մենք նաև սպանում ենք այն կենդանիներին, թռչուններին, որոնց բալանսի խախտման մասին ես ասացի ամենասկզբում։ 

Դրա դեմ պայքարի միջոց կարող է լինել այնպիսի թույն հորինելը, որ միայն կվերացնի մկներին, իսկ կոնկրետ ես, իմ դաշտի համար, բնապահպանների հետ քննարկումից հետո, քանի որ միայն օրգանիկ եմ մշակում, ոչ մի տիպի թունաքիմիկատ չեմ օգտագործում երկու հեկտարի վրա, ինձ խորհուրդ տվեցին իմ դաշտում մի քանի տեղ 2,5 մետր բարձրությամբ սյուներ տնկել, որ գիշատիչ թռչունները գան, կանգնեն դրանց վրա ու հետևեն իրենց որսին։ 

Պայքարի մի տարբերակը դա եմ ընտրել, մյուսն էլ՝ ինքնաշեն տարբեր թակարդներ կան, որ միանգամից մեկ դույլ մուկ կարող են բռնել։ Ես այսպես եմ ուզում պայքարել, բայց դա հարցի լուծում չէ, դա միայն իմ տարածքում է գործելու, բայց ընդհանուր խնդիրը մնալու է։

– Այս ոլորտով զբաղվող բազմաթիվ մարդիկ մշտապես դժգոհում են նրանից, որ գյուղատնտեսության նախարարությունը փակվեց, ու, ըստ էության, հիմա չկա կոնկրետ կառույց, որին կկարողանան դիմել իրենց խնդիրներով ու հարցերով։ Կիսո՞ւմ եք այս դժգոհությունը, որքանո՞վ է խանգարում նախարարության չլինելը գյուղոլորտի ներկայացուցիչներին։

– Իրականում այդ խնդիրն ունենք, բայց ես նաև չգիտեմ, թե առաջներում, երբ այդ նախարարությունը կար, արդյոք գալիս ու հանդիպո՞ւմ էին գյուղատնտեսների կամ հասարակ գյուղացու հետ, ես նման բան չեմ հիշում։ Ամեն դեպքում արձանագրում ենք, որ պետական միջամտություն է պետք խնդրին, որպեսզի համայնքի ղեկավարները ֆերմերների հետ հանդիպեն ու փորձեն խնդրին լուծում տալ, սա շատ կարևոր հարց է։ 

Այսօր շատ-շատ ծրագրերի վրա միլիոններ են ծախսում, որոնք շատերին պետք էլ չեն, բայց որ երկրի կերակրող ձեռքին պետք է օժանդակեն՝ չեն անում։ Տեսեք՝ մի քանի ֆերմերներով հանդիպել ու քննարկել ենք խնդիրը, դրա լուծումները, պատկերացրեք՝ եթե ոլորտի լուրջ մասնագետներ էլ միանան այդ ամենին։ Ընդհանուր, համակարգված պետական մակարդակով է պետք գյուղատնտեսական ոլորտի հարցերին լուծում տալ։ Հիմա լրիվ անհատական մոտեցում է գործում, ամեն մեկն իր հնարավորության չափով է փորձում լուծում գտնել, բայց չէ՞ որ կան նաև բազմաթիվ հեկտարներ, որոնք չեն մշակվում, ու այնտեղ մկները վխտում են, բա այդ չմշակվող հողերի հարցն ո՞վ պետք է լուծի։ 

Սա շատ լուրջ խնդիր է, ու եթե այս տարվա տեմպերը շարունակվեն, ապա հաջորդ տարի գյուղացու վնասը տոկոսային արտահայտությամբ ավելի շատ է լինելու՝ միանշանակ։ Մեկ խնդիր էլ կա, որ մարդիկ անգիտությամբ, պարեկները միայն ճանապարհներին են հսկողություն իրականացնում, մարդկանց են տուգանում, դե թող դաշտերում էլ վերահսկողություն սահմանեն ու որսագողերին տուգանեն։ Անիմաստ կրակում են բազեներին,այլ կենդանիների, որոնք ոչ մեկին չեն վնասում, ու անպատիժ են մնում, սրա հետևանքով է, որ կենսաբազմազանությունը լրիվ խախտվել է։

– Այսինքն՝ բնապահպանական ոլորտը և՞ս անուշադրության է մատնված, պարո՛ն Խաչատրյան։

– Իհարկե, այս ամբողջը գլոբալ իմաստով հենց բնապահպանության ոլորտին է վերաբերում, կենսաբազմազանության պահպանումն է խախտվել, մուկն էլ է պետք բնությանը, բայց՝ չափի մեջ, իսկ երբ այդ բալանսը խախտվում է, դա արդեն աղետ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Գեղարքունիքի ամբողջ տարածաշրջանում մկները վնասել են բերքի 30 տոկոսը, իսկ աշնանացան ցորենի վիճակը շատ վատ է. Արտուշ Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.