ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26
27
28
29
30
31

Այս պահին հայերի վերադարձ ԼՂ չի քննարկվում, որովհետև Երևանը ցանկանում է ստանալ խաղաղության պայմանագիր. Դավիթ Ստեփանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, միջազգային հարթակներում ի՞նչ հետևանք է ունենալու խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը առ այն, որ «Ղարաբաղը եղել է ու կա միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս», եթե հետագայում հայկական կողմը փորձի Արցախը վերադարձնելու գործընթաց սկսել։

– Ըստ էության, Ալեն Սիմոնյանը որևէ նոր բան չի ասել, նա կրկնել է նույն բանը, ինչ Նիկոլ Փաշինյանը տասնյակ անգամներ է ասել, ինչ արձանագրվել է Պրահայում 2022-ին, 29.743 քառակուսի կիլոմետրի տրամաբանությունն է, որևէ նոր բան չկա այստեղ։ 

Ինչ վերաբերում է Արցախի վերադարձի հեռանկարներին, ապա ես կարծում եմ, որ այսօր քննարկելու թեմա չկա, մենք կարող ենք քննարկել ու շեշտը դնել իրավունքի վրա, այսինքն՝ մենք կարող ենք խոսել ԼՂ էթնիկ բնակչության վերադարձի իրավունքի մասին, բայց չենք կարող այս պահին հարց բարձրացնել, որ ԼՂ-ն անկախ պետք է լինի կամ Հայաստանի կազմում, ու սա, կարծում եմ, վաղուց է ակնհայտ։ 

Սա, իհարկե, լավ կյանքից չէ, ու սա մեզ թելադրել է Ադրբեջանը մեծ հաշվով 44-օրյա ագրեսիայի հետևանքներով, ու այսօր ԼՂ-ն ոչ միայն Ադրբեջանի վերահսկողության տակ է, այլև այնտեղ հայեր չկան: Մենք պետք է մեր քաղաքականության շեշտը դնենք հայերի վերադարձի, այլ ոչ թե ԼՂ-ի պատկանելության վրա, որովհետև դա այսօրվա միջազգային հարաբերություններում որպես փաստարկ չի կարող դիտվել: Ընդհակառակը՝ Ադրբեջանին դա ձեռք է տալու, որովհետև նա հերթական անգամ մեզ մեղադրելու է ռևանշիզմի համար, որը, ինչպես բոլորս գիտենք, Հայաստանում իսպառ բացակայում է։

– Իսկ այդ մասով գործող իշխանությունը քայլեր անո՞ւմ է։

– Որքանով ես հասկանում եմ՝ այս պահին՝ ոչ, սա Երևանի կողմից ընդհանրապես չի քննարկվում, որովհետև Երևանը ցանկանում է ստանալ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ 29.743-ի ու 86.6-ի շրջանակներում, այսինքն՝ տարածքային ամբողջականության փաստը շեշտելով։ Դրա համար էլ բանակցություններ այդ ուղղությամբ չեն տարվում, և որքանով ես եմ հասկանում, Ադրբեջանը պահանջում է, որ ԼՂ-ի հիշատակում ընդհանրապես որևէ փաստաթղթում չլինի։

– Նույն Ալեն Սիմոնյանը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիների հետքաշման հարցը համարում է «մանրուք» ու ասել է, որ այդ հարցն առանձին չեն քննարկում, և վստահ է, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո ադրբեջանական զորքը հետ կքաշվի։ Դուք ունե՞ք այդ վստահությունը, եթե նկատի ունենանք այդ հարցի վերաբերյալ Իլհամ Ալիևը տեսակետը։

– Միանշանակ՝ ո՛չ, հաշվի առնելով և՛ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որ նրանք կանգնելու են այնտեղ, որտեղ կանգնած են, ու նաև այն, որ 13 կետից բաղկացած խաղաղության պայմանագրում, որը Հայաստանը ձգտում է ստորագրել, որևէ հիշատակում չկա ոչ միայն զորքերի հետքաշման մասով, այլ նաև՝ սահմանազատման, սա լրիվ այլ փաստաթուղթ է ու գործընթաց է։ 

Այնպես որ, խաղաղության պայմանագիրը, եթե իր այսօրվա տեսքով նույնիսկ ստորագրվի, չի նշանակում, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու։ Նրանք կարող են հետ քաշվել մեկ դեպքում, եթե սահմանազատումն իրականացվի այն պայմանավորվածությունների ու քարտեզների համաձայն, որոնք հիշատակվում են նույն փաստաթղթի մեջ, որը ժամանակին ստորագրել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, այսինքն՝ Ալմա Աթայի հռչակագիր, 1991 ու փաստացի ԽՍՀՄ ադմինիստրատիվ վարչական սահմանների վերարտադրում։ 

– Պարո՛ն Ստեփանյան, այդ գործընթացը, ըստ էության, հիմա կանգնած է, ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է սահմանազատումն ավարտին հասցնել։

– Այս պահին Ադրբեջանը ժամանակ է շահում, որպեսզի իր մաքսիմալիստական նկրտումները հետագայում կարողանա իրականացնել։ Այս պահին Ադրբեջանի մաքսիմալիստական նպատակների ու պահանջների իրականացման համար մթնոլորտը բարենպաստ չէ, այսինքն՝ ԱՄՆ-ում ընտրությունները դեռ չեն կայացել, Բայդենը մինչև հիմա նամակ է ուղարկում Ալիևին՝ կոչ անելով վերջ տալ այս անիմաստ պատերազմական գործողություններին ու հակամարտությանը:

Դրա համար Ալիևը դադար է վերցրել, ժամանակ է ձգում, որպեսզի ավելի բարենպաստ պայմաններ ստանա Հայաստանին ստիպելու, որ այն իր ինքնիշխանությունը նվիրի Ադրբեջանին, սա է Ալիևի նպատակը։ Եթե իրավիճակը փոխվի ու ավելի բարենպաստ լինի մեզ համար, Ալիևը դրան չի հասնի, եթե մենք ստեղծենք այդ իրավիճակը՝ չի հասնի, եթե շարունակենք նստել ու սպասել իրադարձություններին, շատ հնարավոր է, որ այդ նպատակներին Ալիևը կարողանա հասնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս պահին հայերի վերադարձ ԼՂ չի քննարկվում, որովհետև Երևանը ցանկանում է ստանալ խաղաղության պայմանագիր. Դավիթ Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.