ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26
27
28 29 30 31

Անդրանիկ Քոչարյանը ստում է. նրանք չեն կարող բանակում«նայողի» ինստիտուտը վերացնել . դա արմատացած է հանրության մեջ. Սահակյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Ըստ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2024-ի հունվարից մինչ օրս զինծառայողների մահերի թիվը 26-ն է, որից 6-ը՝ սպանություն, 4-ը` հակառակորդի կողմից սպանություն, 4-ը` ավտովթար, 3-ը՝ հիվանդության դեպք, 1 դժբախտ պատահար և այլն։ Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ օրվա իշխանությունը չի անում հնարավորը, որպեսզի ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը բանակում զրոյի հասնի։

– Նիկոլ Փաշինյանի կառավարմամբ այսօրվա վերնախավն իր առջև չունի մարտունակ բանակ ունենալու խնդիր, որովհետև այն ապահովելու է մեր պաշտպանության աստիճանի բարձրացումը, իսկ Նիկոլ Փաշինյանը դրան լրիվ հակառակ քաղաքականություն է վարում, քանի որ այդպիսի պարտավորություններ է վերցրել Էրդողանի, Ալիևի ու Պուտինի առաջ, հետևաբար իրենք գնալով պետք է ավելի քայքայեն բանակը։ 

Ես միշտ եմ քննադատել բանակում տիրող թերությունները, որպեսզի դրանք տեսանելի լինեն, ու պատկան մարմիններն ուղղեն դրանք, բայց գործող իշխանությունը ընդամենը քայքայում է համակարգը, ու իրենք դա շարունակելու են մինչև իրենց պաշտոնավարման վերջին օրը։ Սրանից չպետք է զարմանալ, իրենք այս տարիների ընթացքում մի լավ բան չեն արել, իրենց խոստումներից որևէ բան չեն կատարել, միշտ խաբել են, ու մենք դեռ զարմանո՞ւմ ենք։ Ինչո՞ւ պետք է Փաշինյանի օրոք բանակի վիճակը լավանար, մահվան դեպքերի թիվը նվազեր, ինչո՞ւ, նորմալ է, որ շատանում է, որովհետև իրենց քաղաքականությունը բանակն ավերելն է։ 

– Ստացվում է, որ տրամաբանակա՞ն եք համարում բանակում առկա այս պատկերը գործող իշխանության օրոք։

– Այո՛, սա ուղղորդված, հստակ մտածված քաղաքականության հետևանք է։ Հակառակ դեպքում կան ինստիտուտներ, կա նախարարություն ի վերջո, չե՞ն կարողանում հետազոտություններ անել, պատճառները վեր հանել, լուծումներ գտնել, բայց ինչ եկել են իշխանության, մահվան դեպքերի թիվը գնալով շատանում է, ինչո՞ւ չեն պայքարում դրա դեմ, որովհետև սա իրենց ձեռնտու է։

– Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է. «Գիտենք պատճառները, բայց լուծումներ գտնելը կախված է զինված ուժերում բարեփոխումների արդյունքում արձանագրված հաջողություններից։ Այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել»․․․

– Անդրանիկ Քոչարյանը ստում է, ու դա առաջին անգամը չէ։ Նա քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն էր, ո՞վ է տեղյակ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներից, ոչ մի բան չասացին, հանրությունը ոչինչ չիմացավ։ Նույնը 44-օրյային է վերաբերում, իսկ այդ մարդուց ի՞նչ եք սպասում, նա պետք է խաբի, իր գործը դա է։ 

Բա եթե պատճառները գիտեն՝ թող լուծեն խնդիրը, իրենց գործը հենց դա է, ոչ թե պատճառն իմանալը, նրանք աշխատավարձ ստանում են, որ եղած խնդիրները լուծեն, այլ ոչ թե լավ ու թանկարժեք կյանքով ապրեն։ 

Բացի այս՝ նրանք չեն կարող «նայողի» ինստիտուտի գոյությունը վերացնել, որովհետև դա արմատացած է մեր հանրության մեջ, շարունակում են քրեական արժեհամակարգով ապրել, իսկ «նայողի» ինստիտուտը քրեական մտածողության դրսևորումներից մեկն է։ Ինքս ծառայել եմ բանակում ու այնքան ազատ ժամանակ եմ ունեցել, որ ավելի շատ գիրք եմ կարդացել, քան քաղաքացիական կյանքում: 

Այդ ես էի, որ իմ ազատ ժամանակը լցնում է ընթերցանությամբ, բայց կային զինվորներ, որ այլ բանով էին լցնում, ու բանակում ինչ աննորմալ բան ասես, արել ենք։ Երբ ես զորացրվեցի, դեգրադացված մարդ էի, քրեական մտածողությամբ, քրեական բարքերով, զուգարանի թղթի համար մարդիկ իրար բուկ են փրթում բանակում, իսկ դա նորմալ չի։ 

Ու այս վարքուբարքը դեռ շարունակվում է բանակում, այնպես չէ, որ սննդի հարցը լուծելով՝ բանակում առկա բոլոր խնդիրները վերացվել են։ Հազարավոր խնդիրներ կան բանակում՝ կենցաղից սկսած մինչև սպա-զինվոր հարաբերությունները, որտեղ զինվորը սպայի համար ստրուկ է, ոչնչություն, ու այդ մտածողությունը շարունակվում է, ամեն Աստծո օր, երբ զինվորն արթնանում է, նրան սկսում են ստորացնել։ 

– Պարո՛ն Սահակյան, եթե նույն մտածողությունը, բարքերը բանակում շարունակվում են, ապա ինչո՞ւ այն ժամանակ այսքան շատ չէր զոհերի թիվը խաղաղ պայմաններում։

– Որովհետև այն ժամանակ բանակը միտումնավոր քայքայելու քաղաքականություն չէր տարվում, իսկ հիմա միտումնավոր տարվում է այդ քաղաքականությունը։ Այն ժամանակ հասկանում էին, լավից-վատից՝ այլ հարց է, իսկ հիմա բանակն անվտանգության երաշխիք չպետք է լինի, Հայաստանը, ըստ Փաշինյանի վարած քաղաքականության, որը պայմանավորված է կոլաբորացիոնիստ լինելով, հայ ժողովուրդը չպետք է ունենա պետություն, մենք պետք է ունենանք համայնքի կարգավիճակ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Անդրանիկ Քոչարյանը ստում է. նրանք չեն կարող բանակում«նայողի» ինստիտուտը վերացնել . դա արմատացած է հանրության մեջ. Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.