ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Ռազբորկան» դատարկ ԱԺ-ում. երբ բովանդակությունը հաղթում է ձևին

0

Այն, ինչ տեսանք ԱԺ նիստերի դահլիճում օրեր առաջ, թյուրիմացություն չէ: Դա մեր իրականությունն է: Իրականություն, որ տարիներ շարունակ ամեն գնով փորձել ենք կոծկել: Գոնե մեդիադաշտում այլ պատկեր ցույց տալ: Բայց վաղ թե ուշ սա տեղի էր ունենալու: Բովանդակությունը հաղթելու էր ձևին: Այլ հարց է, որ այս բովանդակությունը կարող է շատերիս սրտով չլինել:

Հիշեցնեմ՝ օրեր առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լեզվակռիվ սկսվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։ Բանը հասավ փոխադարձ վիրավորանքներին և այսպես կոչված փողոցային բառապաշարին:

Իրավիճակը չփրկեց այն, որ նիստը վարող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց հանդարտեցնել կողմերին: Այս տեսարանի դիտորդի ոչ միայն ականջից չվրիպեց բացահայտ փողոցային լեքսիկոնը, այլ նաև այն, որ ԱԺ դահլիճը գրեթե դատարկ էր: Անգամ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն Անդրանիկ Քոչարյանի հետ իր հարցազրույցում հարցրեց, թե ինչու էին ԱԺ-ում իշխանական 71 պատգամավորներից ներկա միայն 9-ը: Քոչարյանի պատասխանը մեղմ ասած շատ բավարարող չէր: 

Եթե մի քիչ երկար նայենք այս տեսարանին և փորձենք վերլուծել, կհասկանանք, որ փողոցային բառապաշարի և բացակա պատգամավորների միջև ուղիղ կապ կա: Սրանք միևնույն երևույթի երկու արտահայտություններն են, որոնք չես կարող փոխել «Հայրենիքը պետությունն է» պաստառով, ոչ էլ ամպագոռգոռ հայտարարություններով, ոչ էլ անգամ ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ հանրաքվեով: 

Սկսենք այսպես կոչված գողական բարքերից: Այս երևույթը վաղուց արդեն դադարել է պարզապես քրեական ենթամշակույթի մաս լինելուց, դեռևս խորհրդային տարիներին դուրս է եկել ԳՈՒԼԱԳ-ներից, մտել փողոցներ ու տներ: Սա ռեպրեսիվ պետության դեմ հակառեպրեսիվ, ժողովրդական ընդվզման ձև էր, որի հիմքում որոշակի կոպիտ վարքականոններն ու տեղական, այսպես կոչված՝ թայֆայականությունն էր:

Սա գուցե օրինաչափ էր ու բացատրելի ԽՍՀՄ տարիներին և որոշ պարագաներում կարող է անգամ օգտակար լինել, բայց ազգային պետության համար նման բարքերը դառնում են քայքայիչ նյութ՝ կամաց-կամաց արժեզրկելով պետության հետ կապված գրեթե ամեն ինչ: Մենք կարող ենք շատ լուրջ դեմքով փորձել հանրային մուլտիպլեքսից ջնջել ամեն տեսակ քրեափողոցային բարքերի քարոզը: Բայց ի՞նչ անենք համացանցի, բանակի, դպրոցների, բակերի հետ: 

Ժամանակն է ի վերջո ընդունել, որ այս մշակույթը շատ ավելի խոր արմատներ է նետել մեր հանրության մեջ, քան մեզ թվում էր: Այն իր ակնհայտ արմատներն ունի նաև Ռուսաստանում, Վրաստանում, որտեղ մեր քաղաքացիները մեկնում են, աշխատում, բիզնես կապեր են հաստատում ի վերջո: Ավելին՝ հայկական միջավայրում այս գուլագային մշակույթը հաճախ համարվում է «բուն հայկական» մշակույթ ,«հայ տղեն պիտի տղա մեծանա» պնդող մարդիկ հաճախ ի նկատի ունեն ոչ թե ազգայինը, այլ հենց այս քրեական մշակույթը:

Գողականը դեռևս պետության հռչակման առաջին իսկ օրից մտել է մեծ բիզնես և քաղաքականություն: Այն ուտում և քայքայում է գաղափարական ամեն ինչ: Նայեք ձեր շուրջը, ի՞նչ գաղափարներ են դավանում մեր կուսակցությունները: Հաճախ պարզապես տարբեր անդեմ մարդիկ են հավաքված «շեֆ ջանի» շուրջը: Նայեք մեր Սահմանադրությանը, արդյոք կա՞ տպավորություն, որ մեր խորհրդարանական կարգը ժողովրդի համար է կառուցված: Այն հատուկ է արված, որ «շեֆ ջաները» մնան իրենց աթոռներին, հանուն տիրող կարգի կայունության: Այս պարագայում ինչո՞ւ ենք զարմանում, որ նիստին ներկա էր ընդամենը 9 կամ 20 պատգամավոր:

Տարիներ առաջ մի անգամ ասուլիսներից մեկի ժամանակ տեսա, թե ինչպես էր ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը անկեղծ զարմանում, թե ինչո՛ւ ենք մենք՝ լրագրողներս, այդքան աղմուկ բարձրացնում, որ ՀՀԿ պատգամավորներն իրար փոխարեն ԱԺ-ում «կնոպկա են սեղմում»: Հիմա արդեն հասկանում եմ, որ պարոն Սահակյանը ճիշտ էր:

Եթե քո ԱԺ պատգամավորները պարզապես քաղաքական դեկորացիա են, «մասովկա» մի քանի մարդկանց համար, ապա ի՞նչ տարբերություն՝ նրանք կգան, թե ոչ: Միևնույն է՝ ամեն ինչ որոշում են «շեֆ ջաները»՝ հասարակության մեջ խոր արմատներ գցած «քրեական բարքերի» կամ դրանց ավելի մուտացված, աղճատված տարբերակի համաձայն:

Մնացածը պարզապես աշխատավարձի դիմաց ծափ տվողներ, շիշ նետողներ և կոճակ սեղմողներ են: Սա է մեր իրական բովանդակությունը: Եվ այն փոխելու համար խորքային, գաղափարական շրջադարձ է պետք: Դեպի ազգ, եղբայրասիրություն, պետականաշինություն և իրական, ոչ փողոցային պատիվ, որի մասին շատերն են խոսում, բայց քչերն են տեսել: 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post «Ռազբորկան» դատարկ ԱԺ-ում. երբ բովանդակությունը հաղթում է ձևին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.