ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ադրբեջանը ցույց է տալիս, որ խաղաղության ոչ մի հնարավորություն չկա. Տաթևիկ Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին հրահանգել է զորքերի «մարտունակությունը պահել» բարձր մակարդակի վրա, որպեսզի կանխեն «ռևանշիստական ​​ուժերի սադրանքները»։ Այս հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է առաջիկայում լոկալ կամ լայնամասշտաբ հարձակման Հայաստանի դեմ։

– Իրականում, նման ենթադրություն անելու համար բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վրա հիմնվելը բավարար չէ, դրա համար անհրաժեշտ են օպերատիվ տվյալներ, միշտ պետք է այս հանգամանքը հաշվի առնել, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա են հասկանում՝ կա՞ զորքերի տեղաշարժ սահմանների երկայնքով, թե ոչ։ 

Իմ դիտարկումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ Հայաստանի հանդեպ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականություն, որն էլ հետագայում վերածվելու է ուժի կիրառման քաղաքականության։ Թե ո՛ր պահից, ընդհանուր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում դա կարող է փոխվել, հաշվի առնելով բավականին բարդ և՛ տարածաշրջանային, և՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, դա արդեն վերլուծությունների հարց է։ 

Այն, որ Ադրբեջանը ուժի սպառնալիքից հետո մշտապես անցնում է ուժի կիրառման քաղաքականությանը, մենք բազմիցս տեսել ենք, ու այդ ձեռագիրն ակնհայտ է։ Հիմա մենք գործ ունենք ուժի սպառնալիքի քաղաքականության հետ, երբ պաշտպանության նախարարի մակարդակով, մինչ այդ՝ Իլհամ Ալիևն էր խոսում, ասվում է, թե ներկայիս կառավարությունը ռևանշիստական է: Ֆանտաստիկ երևակայություն պետք է ունենաս, որ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին, որոնք հնարավոր ու անհնար զիջումներն արել են Ադրեջանին, դիտարկել որպես ռևանշիստներ։ 

Իրականում Ադրբեջանը «ալիբիներ» է ձևավորում, «հիմքեր» է ստեղծում հետագա գործողությունների համար։ Իհարկե, նրանք ունեն պատերազմի մտադրություն ու դրա համար են դա անում, բայց թե ե՛րբ ու ինչպե՛ս, դա արդեն այլ քննարկման հարց է։ 

– Իսկ այն հակասական հայտարարությունները, որ նույն ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ հնչեցնում են, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, նույն պաշտպանության նախարարն ասել է, թե առաջընթաց չկա, ի՞նչ նպատակով են արվում։

– Որովհետև Ադրբեջանը գործընթացի ընթացքում փաստացի ամեն ինչ քաղել է Հայաստանից, այսինքն՝ Հայաստանը մաքսիմալ զիջումների է գնացել հենց գործընթացի շրջանակներում՝ դրա դիմաց չստանալով որևէ բան։ Հայաստանը, բացի ավելի ագրեսիվ հռետորաբանությունից ու պատերազմի սպառնալիքից, ոչինչ չի ստացել, ու այդ շրջանակներում եկել է ինչ-որ կետ, որտեղ Հայաստանը նաև իր արևմտյան գործընկերներին կոչեր է անում Ադրբեջանի վրա ճնշում գործադրել կամ ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոնք կօգնեն գոնե ինչ-որ թղթի ստորագրման հասնել ու այն հանրությանը ներկայացնել որպես ձեռքբերում, իսկ Ադրբեջանը, քանի որ շահագրգռված չէ որևէ թղթի ստորագրմամբ, ստեղծում է մի իրավիճակ, որ անհնար լինի որևէ բանի ստորագրում, որպեսզի կարողանա հետագայում նոր զիջումների հասնել։ 

Ադրբեջանի ղեկավարը շատ լավ հասկացել է, որ ուժի, ուժի սպառնալիքի քաղաքականությամբ հարկադրում է Հայաստանին հրաժարվել իր կենսական իրավունքներից՝ վերածելով այն խոցելի մի պետության, որի հետ հարցեր լուծելը շատ ավելի հեշտ է լինելու, ինչո՞ւ ինքը պետք է այդ մարտավարությունից հրաժարվի, եթե մինչ օրս իր այդ քաղաքականությունն ամբողջությամբ աշխատել է։ 

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ ադրբեջանական կողմը հրաժարվեց նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից, ու Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկեց։

– Չեմ կարող ասել, միգուցե ընդհանուր առմամբ իրավիճակը լարելու կամ միջազգային հարթակներում հետագա բանակցություններ թույլ չտալու տրամաբանությունից ելնելով։ Բայց չեմ էլ կարծում, որ Սիմոնյանն ու Գաֆարովան ինչ-որ բանակցություններ պետք է վարեին, պրոտոկոլային ինչ-որ հանդիպում պետք է լիներ, մի քանի լուսանկար անեին ու գրեին դրա մասին, բայց իրենք փաստորեն անգամ դրանից են խուսափել։ Ադրբեջանական կողմում այս մասին որևէ մեկնաբանություն չեմ հանդիպել։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ Հայաստանին ուղղված ադրբեջանական ուժի սպառնալիքը ի՞նչ ստանալու ակնկալիքով է արվում։

– Առաջնահերթը Սյունիքով անցնելիք հնարավոր ճանապարհի հարցն է, որի հետ կապված Ադրբեջանն ու Թուրքիան ունեն դարավոր նկրտումներ ու համարում են, որ այս պատմական փուլն ամենանպաստավորն է դրան հասնելու համար։ Նաև, գուցե, իրավիճակը Իսրայելի ու Իրանի միջև ու ընթացող զարգացումներն են դրդում նրանց մտածել, որ առաջիկայում միգուցե կարող են ինչ-որ քայլերի գնալ, որովհետև Իրանն այդ հարցում իսկապես կենսական դեր է խաղում՝ ագրեսիան ժխտելու տեսանկյունից։ 

– Սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը հայկական կողմն արդեն Սահմանադրական դատարանով վավերացրել է, ու հիմա այն խորհրդարանում է, իսկ Ադրբեջանում որևէ մարմին այն քննության առե՞լ է։

– Ո՛չ, Ադրբեջանում դա չի քննարկվում, սա Հայաստանի հերթական միակողմանի անհեթեթ քայլն էր, որը Ադրբեջանի բացասական գնահատականներից բացի՝ այլ բանի չի արժանացել։ Հայաստանը շարունակում է չգիտեմ ինչին ուղղված միակողմանի գործընթացը, որովհետև այն, ինչին ուղղված է, խաղաղության հետ ոչ մի կապ չունի, Ադրբեջանը ցույց է տալիս, որ խաղաղության ոչ մի հնարավորություն չկա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը ցույց է տալիս, որ խաղաղության ոչ մի հնարավորություն չկա. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.