ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ալիևը բաց տեքստով սպառնում է Հայաստանին պատերազմով, Ադրբեջանին ո՛չ թուղթ է պետք, ո՛չ խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, շուրջ 60 ամերիկացի կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնին Բլինքենի՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղբանտարկյալների ազատ արձակումը հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ, գրում է Reuters-ը։ Կարծում եք, եթե անգամ ճնշումը գործադրվի, Ալիևն անսալո՞ւ է դրան։

– Ալիևն արդեն հասցրել է անդրադառնալ այդ դիմումին ու նշել է, որ «շատ անտանելի ու տհաճ է եղել ծանոթանալ այդ դիմումին», ու համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կարգավորվում ու ղեկավարվում է ուղիղ պետքարտուղարության կողմից, այսինքն՝ ոչ թե կոնգրեսականներն են դիմել, այլ պետքարտուղարությունը։ 

Իր վերջին ելույթում, որով հանդես է եկել օկուպացված Ջրականում, կրկին թիրախավորել է ԱՄՆ-ին առհասարակ, նշել, որ նրանք շատ երկակի քաղաքականություն են վարել Ադրբեջանի հանդեպ, ու տարբեր այլ վիրավորական արտահայտություններ օգտագործել։ Թիրախավորել է նաև արևմտյան գործընկերներին ու նշել, որ նրանք իբրև հովանավորում են Հայաստանին, վտանգավոր խաղերի մեջ են ներքաշվում և այլն։ 

Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ կոնգրեսականների քայլը դրական է, ու, առհասարակ, ճիշտ կլիներ, որ ԱՄՆ-ն վերանայեր իր քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանի հանդեպ: Նրանց շարունակաբար թվում է, թե բռնապետներին հաճոյանալով, նրանց շահերին համահունչ գործողություններով կարող են կառուցողական դաշտ բերել նրանց, մինչդեռ իրականությունն այլ է։ 

Ալիևի նման բռնապետի համար հասկանալի է բացառապես ուժի լեզուն, եթե ինքը մի տեղից չի տեսնում ուժ, տեսնում է հայտարարությունների անհետևողականություն, ինչն ակնհայտ է ԱՄՆ-ի դեպքում, երբ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո ասում էին, որ Ալիևի հետ նախկինի պես գործ չի բռնի, բայց կարճ ժամանակ անց խախտեցին այդ հայտարարությունը, այս ամենի պատճառով է, որ Ալիևն իրեն այսքան հանդուգն է պահում ԱՄՆ-ի հանդեպ։ 

– Այսինքն՝ հույս ունենալ, որ Ալիևը տեղի է տալու այս կոչին կամ ճնշումներին,մեղմ ասած, իրատեսական չէ՞։

– Միանշանակ, ես հակառակը կասեմ, որ Ալիևը գնալով կոշտացնում է իր դիրքորոշումները ու հայտարարությունները, գնալով ավելի է հոխորտում, և գնալով ավելի վտանգավոր միտումներ են նկատվում նրա հայտարարություններում։

– Տիկի՛ն Հայրապետյան, Ալիևն օրերս հայտարարել էր, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է Ադրբեջանի հետ խաղաղության հասնել, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին»։ Ի՞նչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը, ու կարո՞ղ ենք սա դիտարկել որպես Հայաստանին ուղղված հերթական նախապայման։

– Առաջին անգամը չէ, որ նա նման հայտարարությամբ է հանդես գալիս, նախորդիվ էլ են եղել նման տեքստեր։ Նպատակն այն է, որ ամբողջությամբ փոխվի Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժման ու դիմադրության էությունը, որպեսզի այն դառնա տեռորիստական, ահաբեկչական գործողություն, որի պատասխանատվությունը կրում է Հայաստանը բոլոր հետևանքներով։ 

Նախկինում արված ելույթներն էլ, երբ Հայաստանը համեմատում էր ֆաշիստական Գերմանիայի հետ, հենց այս նպատակն էին հետապնդում՝ հասնել նրան, որ Հայաստանին դարձնի օկուպանտ ու ահաբեկչական պետություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք ի վերջո հանգեցնելու են Հայաստանի չգոյությանը։ Ադրբեջանին, բնականաբար, ո՛չ թուղթ են պետք, ո՛չ խաղաղություն, նրան պետք են գործողություններ, որոնք հանգեցնելու են Հայաստանի չլինելուն։

– Նախապայման՝ որպես այդպիսին կարո՞ղ ենք դիտարկել։

– Այո՛, իհարկե կարող ենք դիտարկել այդ շարքում, որովհետև դրանք շատ են ու գնալով աճելու են, ինչպես դեռ ամենասկզբում ենք ասել։

– Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին երբ հարցադրում է արվում, թե ինչո՛ւ չեն պատասխանում Բաքվից ամենաբարձր մակարդակով եկող այս ու նմանատիպ հայտարարությունների, իրենք ասում են, որ ամեն ցնդաբանության չէ, որ պետք է արձագանքել։ Կարծում եք՝ իսկապե՞ս կարիք չկա նմանատիպ հայտարարություններին արձագանքել։

– Իհարկե Ալիևն անհեթեթություն է ասում, երբ Հայաստանի տարածքների հանդեպ հավակնություն է ներկայացնում կամ Հայաստանի տարածքը համարում է իր պատմական հողը: Իհարկե սա ցնդաբանություն է, բայց դրան քաղաքական գնահատական չտալ, չուղղել Ադրբեջանի դեմ, նախապես չահազանգել խնդիրների ու վտանգների մասին, այ սա ևս ցնդաբանություն է։ Մեկ, երկու, երեք ու հետո այդ ամբողջ քարոզչական ֆոնը Ադրբեջանը դարձնում է իրականություն, հետո դարձնում է քաղաքականություն, որից հետո հայկական կողմը հարկադրված դրան արձագանքում է շատ ավելի ուշ ու շատ վատ դիրքերից։ 

Այդ ամենին պետք է ժամանակին արձագանքել ու քաղաքական գնահատականներ հնչեցնել, չեմ ասում՝ հանդես գալ ինչ-որ էմոցիոնալ ելույթներով, ասում եմ՝ քաղաքական գնահատական, դրա ռիսկերը ցույց տալ ու դա շատ խելացի ու հնարամիտ կերպով կոմունիկացնել արտաքին դերակատարների հետ։ Անընդհատ ցույց տալով, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության, որ նա ավելի քան շուրջ յոթանասուն զորավարժություն է անում կարճ ժամանակահատվածում ու այդ ամբողջի վտանգները ցույց տալ՝ սա է, որ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ 

Բայց եթե իրենք սա անեն, ցույց կտրվի, որ իրենց ամբողջ քաղաքականությունը տապալված է, որ ասում էին՝ եկեք սա էլ զիջենք, ու խաղաղություն կլինի: Ամեն բան զիջեցին ու տեսան, որ խաղաղություն չկա, ամբողջ Հայաստանի տարածքն է ուզում, հիմա էլ ասում են՝ եկեք չարձագանքենք, ցնդաբանություն է։ Բաց տեքստով Ալիևն ամեն բան խոստովանել է, բաց տեքստով սպառնում է Հայաստանին պատերազմով, իսկ դրանց արձագանքելու, ճիշտ օգտագործելու փոխարեն Հայաստանի իշխանությունը դրան ինչ-որ որակումներ է տալիս, որպեսզի չարձագանքեն դրանց։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ալիևը բաց տեքստով սպառնում է Հայաստանին պատերազմով, Ադրբեջանին ո՛չ թուղթ է պետք, ո՛չ խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.