ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26
27
28 29 30 31

Մայիսից սկսված շարժման նպատակը տասը րոպեով Հանրայինի շենք մտնե՞լն էր, Հ1-ով ուղերձն էլ անհասկանալի մնաց. Քաղտեխնոլոգ

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, նախօրեին կայացավ Սրբազան պայքարի, ինչպես իրենք են ձևակերպում՝ վճռական փուլի մեկնարկային հանրահավաքը, որից հետո Բագրատ Սրբազանը աջակիցների հետ գնաց Հանրային հեռուստաընկերություն, որտեղ իրենց պահանջի համաձայն նրան եթեր տրամադրեցին։ Տեղի ունեցածն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ասել, որ այս հանրահավաքը ստրատեգիական տեսանկյունից էականորեն տարբերվող էր, ելույթները՝ ևս, ճիշտ չէ, հերթական ստանդարտ հանրահավաքն էր։ Ինչ վերաբերում է Հ1 գնալուն, եթեր պահանջելուն, ես իմաստը չհասկացա։ Հանրայինով ուղերձը հետաքրքիր կլիներ և կարևոր կլիներ 90-ականների վերջերին կամ 2000-ականներին, երբ համացանցը այսքան լայն տարածում չուներ, ու հեռուստաընկերության դերն իսկապես մեծ էր։ Բայց հիմա, երբ ՀՀ գրեթե ողջ շրջաններում կա ինտերնետ հասանելիություն, ո՞րն էր Հ1-ով ուղերձ հղելու հույժ կարևորությունը։ 

Հույս ունենալ, որ դու գիշերվա տասնմեկին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, մեղմ ասած, ռոմանտիկ պատկերացում է։ Տեխնոլոգիապես էլ սա չազդող քայլ է, որովհետև զանգվածներին շահագրգռելը բարդ գործընթաց է, ու մեկ անգամվա ուղերձով հարց չես լուծի։ Նաև պետք է իմանալ, թե ո՛ր ժամին ես ուղերձ անում, այդ պահին լսարանը որքան է կազմում։ Քաղտեխնոլոգիայի մեթոդները թույլ չեն տալիս, որ մեկ ուղերձով դու կարողանաս էական գործընթաց իրականացնել, դրա համար էլ այդ ուղերձն ինձ համար անհասկանալի մնաց, որովհետև զուտ մասնագիտական տեսանկյունից անիմաստ էր։

– Իսկ ըստ ձեզ՝ նպատակը ո՞րն է Հանրայինով եթեր պահանջելու։

– Ինչ իմանամ։ Դե ինչ-որ մի բան անելն էր, էլի։ Որ մտար Հանրայինի շենք, ի՞նչ։ Այսինքն՝դուրս է գալիս, որ մայիսին սկսված այս պայքարի նպատակը տասը կամ ավելի րոպեով Հանրայինի շենք մտնե՞լն էր։ 

– Պարո՛ն Բադալյան, ստացվում է, որ հստակ նպատակով արված քա՞յլ չէր դա։

– Նպատակն ասել են՝ իշխանափոխությունն է, բայց խնդիրն այն է, որ պայքարի այն մեթոդաբանությունը, որն իրենք են ընտրել, չի բերում իշխանափոխության, նախորդ երեսուն տարին դա ապացուցել է։ 

Մենք ունեցել ենք ընդդիմության ղեկավարներ՝ հանձինս առաջին, երկրորդ նախագահների, որոնք որպես քաղաքական գործիչներ, հաստատ՝ ավելի կայացած ու փորձառու էին, քան այս ընդդիմության ղեկավար արքեպիսկոպոսը, բայց չեն կարողացել արդյունքի հասնել։ 

Բոլորն այս նույն ճանապարհով են գնում ու ապարդյուն, թող օրինակ չբերեն 2018 թվականը, որովհետև դա փողոցով իշխանափոխություն իրականացնել չէր, 2018-ին պայմանավորված իշխանահանձնում է եղել։ 

Իշխանահանձնողներն իրենց նպատակներն են ունեցել, ու նրանցից ոչ մեկն առ այսօր չի պատժվել, ավելին՝ դատարանով արդարացվել են, այն, ինչ տեղի ունեցավ մայիսին։

– Շարժման աջակիցները Հ1-ով ուղերձ հրապարակելը հաղթանակ են բնորոշում, ոմանք էլ կարծում են, որ այդ քայլով, ընդհակառակը՝ իշխանության դիրքերն ավելի ամրապնդվեցին։ Ձեր տեսակետը ո՞րն է այս մասով։

– Ոչ մեկն էլ չշահեց։ Ո՞րն էր շարժման հաջողությունը, դրա համար հարցրեցի՝ մայիսից սկսված շարժման նպատակը տասը րոպեով Հանրայինի շենք մտնե՞լն էր, եթե նպատակը դա էր՝ հաջողություն է, այո՛։ Իշխանության մասով՝ ո՛չ սառը, ո՛չ տաք։ Ուղերձը հղեց, խոսեց, անցավ գնաց, դրանից ի՛նչ իշխանությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Մայիսից սկսված շարժման նպատակը տասը րոպեով Հանրայինի շենք մտնե՞լն էր, Հ1-ով ուղերձն էլ անհասկանալի մնաց. Քաղտեխնոլոգ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.