ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18 19 20 21
22
23 24 25 26 27 28
29
30

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ առնչություն ունեցած որևէ մեկը չպետք է զբաղեցնի պետական պաշտոն մեր իշխանության օրոք. Աղազարյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 

– Պարո՛ն Աղազարյան, հայտնի է, որ ձեր խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարարին պաշտոնանկ անելու նպատակով։ Ձեր թիմը պատճառներից մեկը համարում է վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից փոխնախարար նշանակված Սիրվարդ Գևորգյանի գործոնը։ Օրեր առաջ տիկին Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը, սպասելի՞ էր։

– Անսպասելի էր։ Սա ինձ համար ճիշտ քայլ չէր իրենց մասնագիտական համերաշխության տեսակետից։ Քայլը՝ որպես երևույթ, սխալ չեմ համարում հասարակական-քաղաքական ընկալմամբ, ես գտնում եմ, որ դա ճիշտ քայլ չէ Գևորգյանի կողմից իր թիմի նկատմամբ։ 

– Բայց իր այդ քայլով նա փորձել է հենց նախարարին ազատել ճնշումներից, թիրախավորումից, որը սկսել է ձեր խմբակցությունը։

– Ենթադրենք, որ դա իրոք այդպես է, այդ դեպքում ստորագրահավաքի նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորները կհայտնվեն դժվար վիճակի մեջ, եթե այդ հրաժարականով բավարարվեն, որովհետև բոլորի համար ակնհայտ կլինի, որ այդ առանձին դեպքը՝ փոխնախարարի նշանակումն էր պատճառ հանդիսացել նախարարի նկատմամբ այս գործընթացներին։ Բայց այդ մի դեպքն առանձին վերցրած չէր կարող պատճառ դառնալ, որպեսզի պատգամավորները դիմեին այդ քայլին։ 

Դեռ ոչ մեկն էլ չգիտի, թե վարչապետն ինչպես կարձագանքի, կարող է պատահի՝ այնպիսի իրավիճակ լինի, որ պատգամավորների մեծ մասն էլ չստորագրի, այդ դեպքում տիկին Գևորգյանն ինչո՞ւ է թուլացնում իրենց դիրքերը: Եթե իրենք գտնում են, որ իրենց մոտ ամեն բան ճիշտ է, ավելի ճիշտ կլիներ միասնական դիրքերից հանդես գային, նաև այս կոնտեքստից ելնելով եմ ասում, որ ես չեմ ողջունում նրա այդ քայլը։ 

– Պարո՛ն Աղազարյան, փաստորեն կարծում եք, որ ճիշտ կլիներ, որ արդեն նախկին փոխնախարարը մինչև վերջ մնար ու պայքարե՞ր։

– Իհարկե կարող է պատահել, որ մեր՝ ովքեր ստորագրել են, հիմնավորումները վարչապետի ու մեծամասնության համար ընդունելի չլինեն, հնարավոր է, չէ՞։ Կարող է գերակշռի այն հանգամանքը, որ բերված հիմնավորումները բոլորովին բավարար չեն այդ նախաձեռնության համար։ 

Ի՞նչ է սա նշանակում, որ գործադիրի մեր որոշ գործընկերներ կարող է պատահի շանտաժի լեզվո՞վ խոսեն օրենսդիր մեր գործընկերների հետ, եթե այդպես եք անում՝ մենք հրաժարական կտանք։ Իա, այդպես չի լինի։

– Գուցե տիկին Գևորգյանը ձեր գործընկերներին, ձեր ասած, վատ դրության մեջ դնելու նպատակադրությա՞մբ է դիմել այս քայլին։ 

– Չէ, չի կարող դնել դրության մեջ վատ, որովհետև իրեն նշանակելու հանգամանքը չէ, որ պատճառն է այս գործընթացներին, բոլորովին դա չէ։

– Իսկ դուք միացե՞լ եք այդ ստորագրահավաքին, արդեն ստորագրե՞լ եք։

– Թույլ տվեք չպատասխանեմ այդ հարցին։

– Գևորգյանի հրաժարականից հետո հասցրե՞լ եք խմբակցությունում քննարկել իրավիճակը, հնարավո՞ր է, որ ստորագրահավաքը դադարեցվի։

– Չէ, դե, նախաձեռնողները երևի արդեն բավարար ստորագրություններն ունեն ու կկատարեն իրենց քայլը՝ կդիմեն վարչապետին։

– Երբ սկսվեց այս գործընթացը, ընդդիմադիր որոշ գործիչներ ասացին, թե իշխանությունը, նախընտրական քարոզարշավի տրամաբանությունից ելնելով, որոշել է խզել կապերը «նախկինների» հետ։ Կա՞ ճշմարտություն այս տեսակետների մեջ։

– Ես հիմա մի բանաձև կասեմ, որով ես մտածում եմ ու շատ ուրախ կլինեմ, եթե ճիշտ հասկացվեմ։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց մերձավոր շրջապատի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած որևէ մեկը չպետք է զբաղեցնի պետական պաշտոն մեր իշխանության օրոք, ես նկատի ունեմ նախարար, փոխնախարար, ընդհանրապես, բարձր պաշտոնը։ 

Բանաձևի երկրորդ կետը․ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց մերձավոր շրջապատի հետ այս կամ այն կերպ առնչություն ունենալը չպետք է դառնա խոչընդոտող հանգամանք այս կամ այն քաղաքացուն պետական բարձր պաշտոնի նշանակելու համար։ Թվում է, թե այս երկու դրույթներն իրար հակասում են, բայց, ո՛չ, որովհետև մենք ունենք և՛ այն, և՛ այն դեպքը, հետևաբար միայն նախկինների հետ կապ ունենալու հանգամանքը որոշիչ չէ մեզ համար, մենք նման տրամադրվածություն չենք ունեցել։

– Պարո՛ն Աղազարյան, իսկ այդ դեպքում ինչո՞ւ կոնկրետ Սիրվարդ Գևորգյանի նշանակման հետ կապված աղմուկ բարձրացրեց ձեր քաղաքական թիմը։ 

– Ցանկացած հարց մինչև օրակարգային դառնալն անցնում է ինչ-որ փուլեր։ Այդ փուլերից ելնելով էլ մենք հանգեցինք դրան, ու այն դարձավ օրակարգային։

– Կոնկրետ դուք Գրիգոր Մինասյանի աշխատելաոճի հետ կապված խնդիրներ տեսնո՞ւմ եք։

– Ես չեմ կարող գնահատականներ տալ նրանց գործունեության վերաբերյալ, քանի որ դա իմ ոլորտը չէ, բայց առիթներ ունեցել եմ շփվել պարոն Մինասյանի հետ ու կարող եմ ասել, որ ինքը բարձր որակի պրոֆեսիոնալ է։

– Իսկ խնդիր տեսնո՞ւմ եք, որ նա ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է։

– Չէ՛, ես խնդիր չեմ տեսնում, բայց դա չի կարող զրո ազդեցություն ունենալ։

– Բայց, դե, եթե ազդեցություն ունենար, Նիկոլ Փաշինյանը նրան կնշանակե՞ր այդ պաշտոնին։

– Սա ապացուցում է իմ բանաձևի երկրորդ կետը, բայց եթե նշանակվել է նախարար ու անցել է դրանից գրեթե երկու կամ ավելի տարի, աշխատանք է իրականացվել, ու ոչ մեկն իր պոստում հավերժական չէ։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ աշխատանքի ընթացքում նկատել եք «նախկինների» հետ ունեցած կապի ազդեցությունը գործելաոճի վրա ու դրանից ելնելով էլ սկսել եք այս գործընթացը։

– Դե, տրամաբանությունը դա է հուշում, իհարկե։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ առնչություն ունեցած որևէ մեկը չպետք է զբաղեցնի պետական պաշտոն մեր իշխանության օրոք. Աղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.