Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համար
Դեսպան Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել էր սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել էին շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը:
The post Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.