ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ադրբեջանը դե ֆակտո հրաժարվել է բանակցություններից և փորձում է դրանք տապալել, բայց COP 29-ի հետ կապված մի փոքր դանդաղեցնում է. Փոլադյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, թե Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, և «եթե Հայաստանը չփոխի իր ներկա դիրքորոշումը դրա վերաբերյալ, ապա Ադրբեջանը ունի այլընտրանքային տարբերակներ։ Մենք աշխատանքներ ենք տանում Իրանի միջոցով հաղորդակցությունների բացման ուղղությամբ»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքից», թե՞ հերթական հայտարարությունն է։

– Բնականաբար Ադրբեջանը չի հրաժարվելու այդ գաղափարից, ես բազմիցս եմ ասել, որ երիտթուրքերի քաղաքականության շարունակությունն այսօր իր արտացոլումն է գտնում Թուրքիայի մեծ ներգրավմամբ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ։ Արձանագրենք հետևյալը. եթե զուգահեռաբար կառուցվում են երկաթգծեր, որոնք իբրև թե Ադրբեջանի սուվերենության ներքո են, որը բնականաբար երբեք տեղի չի ունենալու, միացնեն Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքներն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը միմյանց, եթե Ադրբեջանը ամեն կերպ ջանում է հրաժարվել, լիովին ու ամբողջապես տապալել «խաղաղության» բանակցությունները, եթե արդեն մեկ ամիս է՝ ինչ ամենատարբեր տեսակի ստորաբաժանումներ զորավարժություններ են անցկացնում ու դրան զուգահեռ, եթե ոչ ամենօրյա, ապա օրումեջ հայտարարություն են տարածում, թե ՀՀ զինված ուժերը գնդակոծում են Նախիջևանի դիրքերը, ապա պարզ է դառնում ձեր մատնանշած պաշտոնյայի ասածի ու իրականության միջև առկա հակասությունը։ 

Հայերի բնօրրանը ջնջելու երազախաբությամբ է տառապում Ադրբեջանը, ու մենք իրավունք չունենք տրվելու նման մանիպուլյացիաների, նորից եմ կրկնում՝ Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան երիտթուրքերի քաղաքականության շարունակության պարզ արտացոլում՝ Թուրքիայի միջնորդությամբ ու վերահսկողությամբ։ 

Բացի այդ, հատկապես արևմտյան մի քանի գերակա սուբյեկտների կողմից մեր տարածաշրջան ուղարկվող ազդակները ստիպում են Ադրբեջանին, որ մասնավորապես COP29-ին ընդառաջ նրանց որոշակի ականջահաճո հայտարարություններ անեն: Բայց կարող ենք փաստել, որ Ադրբեջանը դե ֆակտո արդեն հրաժարվել է բանակցություններից ու փորձում է գործադրել բոլոր գործիքակազմերն այդ բանակցություններն արագ տապալելու, բայց մի փոքր դանդաղեցնում է այն՝ միջազգային այդ միջոցառմամբ պայմանավորված, որը, ցավոք, անցկացվելու է Բաքվում։ 

– Իսկ Իրանի հետ կապված այդ մտադրությունը լո՞ւրջ է։

– Բնականաբար, դա ևս ուղղակի հայտարարություն է։ Նախիջևանի ու բուն Ադրբեջանի տարածքի միջև հնարավոր է եղել ու հնարավոր է կապ իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, հիմա ինչպես մենք ենք հասնում, օրինակ՝ Ռուսաստան, նույն կերպ էլ իրենք են, ուղղակի միջպետական ճանապարհներ են, որոնք, բնականաբար, գտնվում են տվյալ պետության սուվերենության ներքո, այսինքն՝ այդ խեղաթյուրումները նրա համար են, որ փորձեն մոլորեցնել երկու հասարակություններին էլ՝ սեփական ու մեր։ Ի՞նչ նոր հաղորդակցության մասին է խոսքը, այդ հաղորդակցությունը վաղուց կա, նրանք երթևեկում են, ինչպես ամբողջ աշխարհում կարգավորված է միջազգային նորմերին համապատասխան։

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանը չի՞ փորձելու ռազմական ճանապարհով հասնել «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրագործմանը։

– Այս պահին՝ ո՛չ, հաշվի առնելով Ադրբեջանի ու եվրոպական երկրների միջև էներգետիկ ոլորտում շատ լուրջ զարգացումները, երկրորդ պատճառը, որ չի գնա այդ քայլին, որովհետև շատ լուրջ խաղաթուղթ ունի թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության այն հատվածը, որը առնվազն որոշակի ներգրավվածություն է ունեցել արցախյան բանակցություններին: Արցախում կատարվածը, բնականաբար, ցեղասպանություն էր, որն անպայման պետք է իրավական գնահատական ստանա, ու կազմակերպիչները պատասխանատվության ենթարկվեն։ 

Երրորդ պատճառը, որ չի գնա մասշտաբային հարձակման, խոսքը լոկալի մասին չէ, դա հավանական եմ համարում, COP29-ի անցկացումը և, բնականաբար, ուկրաինական պատերազմն ու դրանից բխող հետևանքներն են։ Հետևապես այս պահին ու առաջիկայում քիչ հավանական եմ համարում լայնածավալ հարձակումը, իսկ ինչ վերաբերում է հետագային, բնականաբար, ադրբեջանա-թուրքական տանդեմը երբեք հետ չի կանգնելու նպատակներից։ 

Բայց ադրբեջանական հասարակությունը քաջ գիտակցում է նաև, որ հայ հասարակությունը չի հաշտվել ու չի հաշտվելու այն իրավիճակին, որը կա։ Դրա ապացույցը 2022-ի կարճատև պատերազմն էր, երբ Ադրբեջանը լուրջ դիմադրության հանդիպեց ու անակնկալի եկավ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը դե ֆակտո հրաժարվել է բանակցություններից և փորձում է դրանք տապալել, բայց COP 29-ի հետ կապված մի փոքր դանդաղեցնում է. Փոլադյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.