ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ընտանեկան բռնության պատճառներից մեկն էլ հենց վաղ ամուսնություններն են. օրենքը ճիշտ է. Զառա Հովհաննիսյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում 18 տարեկանը չլրացած անձինք այլևս չեն կարող ամուսնանալ։ Փոփոխությունն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ ազդեցություն այն կունենա ընտանեկան բռնությունների կանխարգելման համատեքստում։

– Իրականում խնդիրն առկա է Հայաստանում ու ոչ միայն ազգային փոքրամասնությունների շրջանում, մեր դիտարկումներով բազմաթիվ դեպքեր ունենք, երբ կինը գալիս է արդեն տասնյակ տարիներ բռնության ենթարկված, ու փաստացի ունենում ենք խնդիր, երբ բացահայտվում է, որ կինն իսկապես ենթարկվել է բռնության՝ սկզբում հենց վաղ ամուսնության տեսքով, որի պատճառները շատ տարբեր են ու խորքային, և դա երկար է տևել։ 

Հիմնականում իրավիճակն այսպիսին է, երբ հայրական տանը ևս բռնարար հարաբերություններ են, ու աղջիկները դեռահասության փուլում փորձում են իրենց համար ելքեր փնտրել ու գտնել՝ այլ ընտանիք կազմելով, ինչը բացարձակ այն լուծումը չէ, որը պետք է լինի, որովհետև մեկ բռնարար իրավիճակից ազատվում են ու ընկնում մեկ այլ բռնարար իրավիճակի մեջ։ 

Երկրորդ դեպքը ամուսնությունն է ծնողների համաձայնությամբ կամ նրանց դրդմամբ, երբ ընտանիքներն ուղղակի պայմանավորվում են ամուսնության վերաբերյալ, ու աղջիկ երեխան, փաստացի, դառնում է ծնողների պայմանավորվածության զոհը, այնուհետև կինը հայտնվում է բռնության տիրույթում։ 

Այդպիսի դեպքեր մեր պրակտիկայում շատ են եղել ու այսօր էլ կան թե՛ ազգային փոքրամասնությունների շրջանում, երբ դիմում են Կանանց աջակցման կենտրոն, և թե՛ բռնի տեղահանված արցախահայության շրջանում, ու արդեն իսկ դիմելիությունը բարձրացել է, երբ տեղափոխվել են Հայաստան ու գիտեն, որ կան աջակցության ծառայություններ։

– Կարո՞ղ ենք ասել, որ վաղ տարիքում ամուսնությունները, եթե հիմնական էլ չէ, այնուամենայնիվ, ընտանեկան բռնությունների պատճառ են հանդիսանում։

– Առաջին հերթին, այո՛, կարող ենք ասել, որ վաղ ամուսնությունը այն գիտակցված հարաբերությունը չէ, որը կարող է բերել բալանսավորված ընտանիքի, ու հիմնականում վաղ ամուսնությունները լինում են այն պարագայում, երբ աղջիկ երեխայի համար հայրական տանը ապահով չէ, լավ չէ, ու նա փորձում է այդ վիճակից դուրս գալ ու ելքերից մեկը տեսնում է շուտ ամուսնանալու մեջ։ Շուտափույթ որոշումների պարագայում մենք ունենում ենք ոչ լիարժեք ճանաչում, թե ո՛ւր է գնում, ո՛ւմ հետ է գնում, ինչի հետևանքով էլ լինում է բռնության շարունակականություն արդեն նոր ընտանիքում։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, իսկ օրենքով սահմանված այս տարիքն ինչ-որ բան կփոխի՞, թե՞ կարելի էր նաև ավելի բարձր շեմ սահմանել։

– Իրականում, եթե դիտարկենք կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝ 12-ամյա կրթությունը, 18 տարեկանը, այո՛, լրանում է, ու պարտադիր հանրակրթությունը արդեն հասնում է իր ավարտական փուլին: Աղջիկը կարողանում է ստանալ 12-ամյա կրթություն, բայց մասնագիտական կրթություն, կողմնորոշում և այլն, դա արդեն անձի կամքն է՝ կամ կանի, կամ չի անի: Պետության կողմից պարտադիր կրթություն չէ, բայց, իհարկե, ցանկալի է, որ անձը կայանա, կրթության իրավունքից չզրկվի, որովհետև շատ լավ գիտենք, որ աղջիկների կրթության իրավունքը շատ հաճախ սահմանափակվում է, երբ նրանք ընտանիք են կազմում, ու հենց դրանով պայմանավորված կամ նույն ամուսնու կողմից արգելվում է շարունակել ուսումը։ Սա, իհարկե, խնդիր է, բայց առնվազն 18 տարեկանն այն շեմն է, երբ աղջիկը պետք է ստանա այն հանրակրթությունը, որը պարտադիր է Հայաստանի «Հանրակրթության մասին» օրենքով։ 

– Իսկ այս օրենքն աշխատելո՞ւ է, այսինքն՝ ո՞վ է ստուգելու, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, որ 18-ից ցածր տարիքային շեմ ունեցողները չամուսնանան։

– Եթե մենք միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվենք, իհարկե որևէ արդյունքի չենք հասնի, ու սա կլինի թղթի վրա գրված և կիրառություն չստացած հերթական օրենքը։ Մենք պարտավոր ենք օրենքի ընդունումից հետո և՛ հանրային իրազեկում իրականացնել, և՛ պետության տարբեր մարմինների կողմից վերահսկողություն իրականացնել, թե ինչպես է այդ օրենքը կյանքի կոչվում, արդյոք օրենքն իսկապե՞ս կարողանում է վաղ ամուսնությունների դեմն առնել, թե՞ ուղղակի փորձում են դրանից հետո օրենքը շրջանցել։ Այսինքն՝ պետության տարբեր մարմինների համակցված ու արդյունավետ աշխատանքից է կախված օրենքի կիրառումն ու իրավակիրառ պրակտիկայում հասարակական հարաբերությունների վրա իր ազդեցություն ունենալը։

– Փաստորեն, գաղափարը լավն է, մնում է կյանքի կոչման համար մեխանիզմների մշակո՞ւմը, տիկի՛ն Հովհաննիսյան։ 

– Օրենքը, իրականում, ճիշտ է, եթե մենք ընտրական իրավունքը տալիս ենք 18 տարեկաններին ու որևէ բացառություն այդտեղ չենք դիտարկում, ապա ամուսնությունն ավելի լուրջ ինստիտուտ է, որին հնարավորություն ենք տալիս ավելի շուտ ինտեգրվել, ինչը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է նաև։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ընտանեկան բռնության պատճառներից մեկն էլ հենց վաղ ամուսնություններն են. օրենքը ճիշտ է. Զառա Հովհաննիսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.