ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Արման Թավադյանը

0

Արման Թավադյանը. լինել փրկարար հրդեհի սրտում

2023-ի սեպտեմբերի 25-ի սարսափելի պայթյունն ու հրդեհը Ստեփանակերտից Հայաստան շտապող մի քանի տասնյակ արցախցիների մահվան պատճառ դարձավ։ Փրկարար Արման Թավադյանը, որ առաջին րոպեներից աշխատում էր հրդեհի վայրում, հետո է իմացել, որ ինքը ևս հարազատներ ու ընկերներ է կորցրել պայթյունի հետևանքով…

«Սկզբի 10-15 րոպեն անհնար էր աշխատել՝ ամենուր բենզին էր, ցանկացած վայրկյան կարող էր նոր պայթյուն լինել։ Եթե հրդեհի մեջ մտնեիր, 99% հավանականությամբ ողջ դուրս չէիր գա: Հետո տարածքն ուսումնասիրեցինք՝ հասկանանք, թե որտեղի՛ց կարելի էր մոտենալ, մտանք աշխատեցինք: Մեր տնօրենն էլ էր այնտեղ՝ Մեխակ Արզումանյանը, խելացի ձևով ղեկավարեց աշխատանքի ընթացքը, որի արդյունքում կարողացանք ճիշտ գործողություններ անել..․»: 

16 տարվա փրկարար Արման Թավադյանը սարսափով է հիշում այդ չարաբաստիկ օրվա տեսարանները․ գետինը բացվել և մարդկանց առել էր ներս՝ այրվող բենզինի ցիստեռների մեջ՝ ասես դժոխքի կրակները լինեին։ 

«Այն, ինչ այնտեղ կատարվում էր, սարսափ ֆիլմի էր նման․․․ Կրակի միջից վառվող մարդը է դուրս վազում։ Փրկարարը, իր կյանքը վտանգելով, մտնում է կրակի մեջ․․․ Չգիտեմ՝ մարդու գիտակցությունից վեր բան է դա՝ մտնել ու էդպիսի կրակի միջից մարդ հանել: Ես տեսել եմ՝ ինչպես են փրկարարին պարանով կապում, իջեցնում, նա էլ վառվող մարդուն է իրեն կապում ու երկուսին բարձրացնում են: Ամեն մարդ չի կարող դիմել նման քայլի, բայց մեր տղաները դա արել են: 

Որտեղ իմացել ենք՝ ողջ մարդ կա, ամենասարսափելի տեղերն էլ մտել ենք ու հանել մարդկանց: Ինչ հնարավոր էր՝ արել ենք, մեր ուժերից վերն անել արդեն չենք կարողացել․․․ Իհարկե շատ կուզեինք, որ փրկվածների թիվն ավելի մեծ լիներ։ Չգիտեմ՝ զոհերի թվեր են ասում՝ 218, կուզեինք, որ այդ թիվը 0 լիներ․․․» 

2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի պատճառները մինչև հիմա բացահայտված չեն: Արման Թավադյանն ասում է, որ բենզինը դյուրավառ նյութ է: Բայց ամեն դեպքում դժվարանում է ասել, թե ի՛նչը կարող էր պայթյունի պատճառ լինել՝ ծխախո՞տը, կայծա՞կը, դիվերսիա՞ն… 

«Ոչ կարող ենք ասել, թե ինչի՛ց եղավ, ոչ կարող ենք ասել, թե ինչպե՛ս եղավ: Այստեղ գալուց հետո մարդիկ հազար տարբերակ են ասում, պատմում են, որ դիվերսիա էր և այլն։ Ես չեմ կարող նույն վստահությամբ խոսել»:

Դեպքի վայրում փրկարարներն աշխատել են մինչև երեկոյան 11-ը։ Այնուհետև հրաման են ստացել՝ հետ քաշվել, քանի որ հորդացող անձրևը սկսել էր կրակն ավելի տարածել։ 

«Բենզինն այդպես է՝ հենց վրան ջուր ես լցնում, կրակն ավելի է ուժեղանում: Ասացին՝ հետ եկեք, այլևս հնարավոր չէ աշխատել: Զանգեցի կնոջս, իմացա, որ եղբայրն էլ էր այնտեղ։ Գնացի հիվանդանոց, տեսա կնոջս եղբորը։ Նրան Երևան տարան, բայց չփրկվեց, մահացավ: Երկու փոքր երեխա ուներ Հայկոն… Ինքն էլ չկա, ու շատ ընկերներ՝ նույնպես»:

Արգելափակել հիշողությունը` ապրելու համար

Արմանն ասում է, որ սեփական էմոցիաները կառավարելը, հաճախ նաև՝ հիշողությունն արգելափակելը փրկարարի համար կարևոր հատկանիշ է։ 

«Դեպքի վայրից դուրս գալուց հետո պետք է տեսածդ անմարդկային իրադարձությունները փորձես մոռանալ, որ հնարավոր լինի հաջորդ անգամ նույն պայմաններում աշխատել ու կյանքեր փրկել։ Ամեն անգամ աշխատանքից տուն վերադառնալով, համազգեստս հանելով՝ մտքիցս հանում էի նաև օրվա տեսածն ու ապրածը, որ կարողանայի կենտրոնանալ ընտանիքիս և երեխաներիս վրա: Այս մեթոդը օգնում է ոչ միայն փրկարարի աշխատանքում, այլև այսօրվա իրականության մեջ չխելագարվելուն»։ 

16 տարվա ծառայության ընթացքում Արման Թավադյանը մի քանի պատերազմ է անցել, տասնյակ կյանքեր փրկել։ Փրկության պատմությունների մասին խոսելիս նրա լուրջ դեմքին ժպիտ է նկարվում:

«Շուշիի մշակույթի տանը որ խփեցին [2020-ին], ահավոր էր: Մտնում ես ներս, ու տարբեր կողմերից մարդիկ են քեզ կանչում, որ իրենց օգնես, ու այդ պահին քեզ թվում է՝ դու ես իրենց միակ հույսը․․․ Մեր բոլոր տղաներն էլ գերազանց են կատարել իրենց աշխատանքը և՛ 2016-ին, և՛ 2020-ին, թեկուզ՝ բլոկադայի ժամանակ, միշտ էլ իրենց առջև դրված խնդիրն արել են: Ինքս էլ, լինելով ջոկի հրամանատար, ասել եմ՝ տղերք, պետք է արվի, մեր խնդիրը սա է, մենք սրա համար ենք աշխատում, այսօր սա է մեր առաքելությունը՝ մենք պիտի օգնենք մարդկանց»:

2023-ի աշնանը Արմանը մինչև վերջին պահը շարունակել է զոհվածների աճյունների որոնումները․ «Փորձել եմ ամեն օր գնալ, որովհետև դա իմ պարտքն էր տղաների առաջ»:

Նրա համար ցավոտ էր հրաժեշտը իր դատարկված քաղաքին ու երկրին: Իր հետ վերցրել է իր անձնական գործը, համազգեստը, պարգևները, պատվոգրերն ու մեդալները, որոնք այսօր համարվում են անվավեր՝ գոյություն չունեցող պետության կողմից տրված․․․

Տաթևիկ Խաչատրյան

The post Որոնելով ողջերին և զոհվածներին. 4 պատմություն Արցախի փրկարարների մասին. Արման Թավադյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.