ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՄԻՊ-ը մտահոգիչ և անթույլատրելի է համարում Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը

0

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել, ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ:

Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ:

Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից:

Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:

Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն:

Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:

Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

The post ՄԻՊ-ը մտահոգիչ և անթույլատրելի է համարում Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.