ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայկական կողմի խնդիրը Բաքվի այդ անխուսափելի դատավարություններին միջազգային ներկայություն ապահովելն է. Սիրանուշ Սահակյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավարտվել է Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախաքննությունը, ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ գործընթացներ են սրան հետևելու։

– Նախ նշեմ, որ նմանատիպ հաղորդագրություն մի քանի շաբաթ առաջ նույնպես եղել էր, այսինքն՝ այս հաղորդագրությունը մի փոքր արհեստական է, ու, իմ գնահատմամբ՝ ուղղակի ներքաղաքական նպատակներով վերահաստատում է սեփական հասարակության համար, որ այդ դատավարությունները թեև ուշանում են, բայց լինելու են: 

Կարծում եմ՝ մեր կանխատեսումների համատեքստում էլ հասկանալի է, որ քրեական հետապնդումները նախաձեռնվել են քաղաքական պատվերի հիման վրա, ու նման գործերի նախաքննությունը խիստ կողմնակալ ու կանխորոշված է: Դրանք ավարտվում են հենց մեղադրական եզրակացություններով, որոնք ուղարկվում են կախյալ դատարաններին, որոնք իրականացնում են նախագահի աշխատակազմից հեռախոսային արդարադատություն, և մենք արդյունքում ունենալու ենք մեղադրանքը հաստատող դատական ակտեր։ 

Հասկանալի է, որ այս ողջ ժամանակահատվածում խախտվել են բազմաթիվ հիմնարար իրավունքներ՝ պաշտպանության իրավունքն առհասարակ չի իրացվում, անձինք ցուցմունք են տալիս հարկադրանքի, ճնշումների, խոշտանգումների ներքո, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և, իհարկե, մեզ հայտնի է նաև ընդհանուր դատական համակարգի վիճակը Ադրբեջանում։ Այնտեղ համակարգային կոռուպցիայի ու նաև ոչ ինքնուրույն գործելու խնդիր կա, ինչը բազմիցս բարձրաձայնել են միջազգային կազմակերպությունները։ 

Իմ կանխատեսմամբ՝ այս տրամաբանության ներքո ամիսներ անց Ադրբեջանի իշխանությունները կիրականացնեն ցուցադրական դատավարություններ, կօգտագործեն կեղծ ապացույցներ, ու մենք կունենանք նաև դատապարտող ակտեր, որոնց կհետևի երկարաժամկետ կամ անգամ ցմահ ազատազրկում։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ նախաքննությունը չի ավարտվել, ու նման հայտարարություններն Ադրբեջանում արվում են հիմնականում ներքին լսարանի համա՞ր։

– Ե՛վ ներքին, և՛ միջազգային։ Ադրբեջանը միջազգային հանրությանը մշտապես փորձել է մոլորեցնել՝ իր նարատիվները ներկայացնելով, ու սա լավ հնարավորություն է, որ դատավարությունների միջոցով հիմնավորվեն այդ կեղծ թեզերը ու որպես դատական ճանապարհով հաստատված իրականություն հրամցվեն միջազգային գործընկերներին։ Կարծում եմ՝ այն ունի և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական բաղադրիչ, ու բացի այդ՝ Ադրբեջանը դատապարտումների պարագայում ավելի է ծանրացնում հայրենադարձման գործընթացը, որպեսզի շահեկան ձևով քաղաքական պահանջների բավարարում ստանա։

– Տիկի՛ն Սահակյան, այդ դատավարությունները լինելու են COP29-ից հետո՞։

– Կարծում եմ՝ այդ միջոցառումից հետո, որովհետև մինչ այդ իրենք զբաղված կլինեն դրա կազմակերպման աշխատանքներով, դրա ավարտից հետո նոր կանդրադառնան այդ խնդրին։ Նմանատիպ հաղորդագրություններով նրանք ներկայացնում են իրենց դիրքորոշումը, որ դատավարություն լինելու է, ու, ինչպես տեսանք, փորձում են տուժողների բազմաթիվության կամ այլ հանգամանքներով ցույց տալ նյութերին ծանոթանալու տևական ժամանակը, ինչը, կարծում եմ, նորից արհեստական է, ինչպես հայերին առնչվող մյուս դատավարությունները։ 

– Այս փուլում հայկական կողմը կարո՞ղ է այնպես անել, որ գործը դատավարության չհասնի։

– Ես գործնակնում հնարավոր չեմ համարում նման արդյունք՝ անկախ հայկական կողմի ջանքերից, որովհետև ողջ պրոցեսը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տիրույթում, իսկ այդ դատավարությունները խիստ պարտադիր են և անհրաժեշտ Ադրբեջանի իշխանություններին։ 

Հայաստանը, կարծում եմ, պետք է ապահովի այդ դատավարություններին միջազգային ներգրավվածություն, այսինքն՝ այն գործընկերները, որոնք նման մանդատ ունեն, պետք է ուղիղ խնդրանքներ ստանան՝ դատավարությունների մոնիթորինգի նախաձեռնությամբ հանդես գալու հարցում: Իհարկե, այդ գործընթացի համար ևս անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը, բայց անհամաձայնությունը ևս կցուցադրի այդ դատավարությունների կեղծված բնույթը, ու այդ մերժումներն էլ կտան դրական արդյունք, էլ չեմ ասում՝ նման խնդրագրերի բավարարման դրական արդյունքի մասին։ 

Ահա թե ինչու կարծում եմ՝ հայկական կողմի խնդիրը այդ անխուսափելի դատավարություններին միջազգային ներկայություն ապահովելն է, որից հետո դատավարությունների բնույթի վերաբերյալ միջազգային գործընկերների զեկույցներ կունենանք, իսկ դրանք, վստահ եմ, պետք է արտացոլեն այն խախտումները, որոնք մենք դիտարկել ենք մյուս հայերին առնչվող դատավարությունների ընթացքում։ 

– Իսկ այդ խնդրանքը միջազգային գործընկերներին պետք է լինի պետակա՞ն, թե՞ հասարակական կազմակերպությունների կամ անհատների մակարդակով։

– Ե՛վ, և՛։ Այստեղ հանրային ու պետական դիվանագիտությունը պետք է համատեղվի՝ լուրջ արդյունք ապահովելու համար։ 

– Իսկ եթե չհաջողվի դա ապահովել, Ադրբեջանն անելու է այն, ինչ ուզո՞ւմ է, տիկի՛ն Սահակյան։

– Կարծում եմ՝ ներկայության դեպքում էլ են անելու։ Ներկայության դեպքում մենք կբացառենք նվաստացուցիչ վերաբերմունքի որոշ դրսևորումներ, բայց չեմ կարծում, թե բոլոր երաշխիքները կպահպանվեն, հակառակ դեպքում մենք կունենանք արդարացման դատական ակտեր, ինչն անթույլատրելի է ադրբեջանական իրականության համար։ Միջազգային ներկայության դեպքում մենք կունենանք այդ խախտումները արձանագրող զեկույցներ, ուստի՝ նաև միջազգային արձագանք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հայկական կողմի խնդիրը Բաքվի այդ անխուսափելի դատավարություններին միջազգային ներկայություն ապահովելն է. Սիրանուշ Սահակյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.