ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կան անտեսանելի գործընթացներ, որոնք քողարկվում են փոխադարձ մեղադրանքներով ու դժգոհություններով. Մելիքյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը տեսնում հայերի՝ Արցախ վերադառնալու հարցի լուծումը, պատասխան հարց է հնչեցրել. «Իսկ ի՞նչ լուծում է տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կա՞ որևէ ծրագիր այդ կապակցությամբ։ Ես տեսել եմ ադրբեջանական կողմի հրապարակած ծրագիրը՝ վերադարձի համար։ Եթե ՀՀ վարչապետը ևս ունի նման ծրագիր, ես հաճույքով կնայեի այն և կմեկնաբանեի»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Հարցին հարցով պատասխանելը կարծիք թաքցնելու, տեսակետ չհայտնելու մի ձև է։ Ինչ կապ ունի վարչապետ Փաշինյանի՝ բարձրացված հարցի վերաբերյալ ունեցած տեսակետը ռուսական մոտեցումների հետ։ Կարող եմ ենթադրել, որ ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը համընկնում է ադրբեջանական կողմի մոտեցումներին, բայց տիկին Զախարովան նախընտրում է ուղիղ չասել այդ մասին և մատնացույց անել պաշտոնական Երևանի՝ հարցի վերաբերյալ հոդաբաշխ տեսակետ արտահայտելու անընդունակությունը, ցանկության բացակայությունը։ Մի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը ջրեց իրեն ուղղված հարցին բովանդակային պատասխան տալու տարբերակը և քննարկման թեմա դարձրեց ՀՀ վարչապետի քաղաքական պահվածքը։ Այդ պատասխանով ընդամենն ընդգծվեց, որ խնդրի վերաբերյալ հրապարակավ միայն Բաքուն է տեսակետ արտահայտել, իսկ Մոսկվան, Երևանի պես, հրապարակայնացման ենթակա կոնկրետ ասելիք չունի։

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հայկական կողմը հետամուտ չի լինում այս հարցի լուծմանը։

– Այս խնդրի լուծումը, հավանաբար, պաշտոնական Երևանի քաղաքական առաջնահերթությունների ցանկում չկա։ 

– Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք արցախահայերի վերադարձն Արցախ, և ի՞նչ պայմաններով է, ըստ ձեզ, դա հնարավոր լինելու։

– Գոնե առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում նրանց վերադարձի հավանականությունը չնչին է, անգամ եթե մեր պետական/ազգային համակարգի բոլոր օղակները լծվեն այս հարցի լուծման գործին։ Ցանկալի արդյունքը ստանալու համար անհրաժեշտ կլինի համախմբել ջանքերը, որպեսզի քաղաքական, իրավական, ռազմական, մարդասիրական և տնտեսական գործոնների համադրման միջոցով ստեղծվեն այդ վերադարձն ու մարդկանց անվտանգությունը տեղում ապահովելու համար անհրաժեշտ նախադրյալները։ Սա դժվարին խնդիր է, իսկ եթե ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը բացասական լինի, ապա՝ համարյա անիրագործելի։

– «Մենք համարում ենք, որ եռակողմ հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքն են, և այլընտրանք չկա։ Եթե դուք տեղյակ եք, որ ՀՀ-ում ինչ-որ մեկը հետ է կանգնել այդ համաձայնություններից կամ հետ է կանչել իր ստորագրությունը, մենք դա կմեկնաբանենք։ Սակայն այս պահին նման բան չենք լսել»,- պարո՛ն Մելիքյան, այս տողերի հեղինակը ևս Մարիա Զախարովան է։ Համակարծի՞ք եք, որ հարաբերությունների կարգավորման հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, և որ այն այլընտրանք չունի։

– Այն, ինչ գրված է եռակողմ հայտարարություններում, մնացել է թղթի վրա, մինչդեռ երեքուկես տարիների ընթացքում Արցախի հետ տեղի ունեցածն այդ հայտարարությունների արմատական ժխտումն է, դրանց բովանդակային հակապատկերը։ Այսինքն՝ ստորագրություն հետ կանչելու խնդիր չկա էլ․ որպես այդպիսին՝ այսօր մենք ունենք կոնկրետ իրականություն, որը փորձում են քողարկել այդ հայտարարությունների միջոցով։ Մեզ, կարծես, ասում են՝ այն, ինչ դուք տեսնում եք ձեր սեփական աչքերով, սուտ է, ձեր հիվանդ երևակայության պտուղն է, իսկ միակ ճշմարտությունն այն է, ինչ գրված է եռակողմ հայտարարություններում։

– Հայաստանի փորձագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Հայաստանը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը այդ եռակողմ հայտարարությունից, քանի որ այն, ըստ էության, չի էլ գործում։ Հայաստանը կարո՞ղ է դա անել, և ի՞նչ է տալու այդ հայտարարությունից հրաժարումը հայկական կողմին։

– Ցանկացած առանձին գործողություն պետք է ներդաշնակեցված լինի պետության ընդհանուր քաղաքական գծի հետ։ Պետությունը պարտավոր է ապահովել հնարավոր բացասական հետևանքների մեղմում, կոնկրետ կատարվելիք քայլից առավելագույն շահը ստանալու հնարավորություն։ Սա ցանկացած գործողության վերաբերող առաջնային սկզբունք է։ Եթե այդ սկզբունքն անտեսվում է, ապա դա, ինքնին, որոշում կայացնողների խակության, անգործունակության վկայություն է։

– Պարո՛ն Մելիքյան, ինչո՞ւ են Ռուսաստանն ու Հայաստանը որդեգրել միմյանց մեղադրելու քաղաքականությունը։

– Կարծում եմ, որ, ամեն դեպքում, կան շարքային քաղաքացու աչքից հեռու տեղի ունեցող գործընթացներ, որոնք քողարկվում են հրապարակավ փոխադարձ մեղադրանքներ ու դժգոհություններ հնչեցնելու միջոցով։ Ենթադրում եմ, որ հրապարակային դաշտում բացասական տրամադրությունների գեներացումը ծխածածկույթ է՝ այլ ոլորտներում համատեղ իրականացվող ինչ-ինչ նախագծերի գոյության փաստը թաքցնելու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am 

The post ՀՀ-ՌԴ հարաբերություններում կան անտեսանելի գործընթացներ, որոնք քողարկվում են փոխադարձ մեղադրանքներով ու դժգոհություններով. Մելիքյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.