ru24.pro
Новости по-русски
Март
2017

«Եթե վարչական ռեսուրսն օգտագործում են, դա ճիշտ բան չի». Կարեն Կարապետյան

0
Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարոզարշավի հիմնական բեռը կրող վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռ չի ծանոթացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ուսումնասիրությանը, որի համաձայն հարյուրից ավելի ուսումնական հաստատությունների տնօրեններ ՀՀԿ-ի օգտին ընտրողների ցուցակագրում են իրականացրել:


Ուսումնասիրությունը, հիշեցնենք, ուրբաթ օրն էր հրապարակվել և մեծ աղմուկ բարձրացրել:


«Ես, ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ, իրականում, եթե վարչական ռեսուրսն օգտագործում են, դա ճիշտ բան չի, բայց նույնիսկ չգիտեմ, թե Հանրապետականն ինչ պատասխան է տվել», - ասաց վարչապետը։


Կարեն Կարապետյանն այսօր քարոզարշավը Շիրակի մարզում սկսեց Աշոցքից: Այստեղ բնակիչները դժգոհեցին, որ կլիմայական խիստ պայմանների պատճառով հողից եկամուտ չեն ստանում, հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, բայց, օրինակ, այսօր կաթի գինն էլ ցածր է։ Վարչապետն ասյպես արձագանքեց. - «Ինձանից ի՞նչ եք ակնկալում, ես վաղը հրաման ստորագրեմ, որ սրանից հետո կաթի գինը 150 դրա՞մ է, իսկ օրինակ եթե տարածքում կաթի գործարան լինի, կաշխատի՞»։


Աշոցքում պաշտոնյայի վաղուց չէին տեսել: Կուտակված հարցերը շատ էին: Մինչ Աշոցքի մշակույթի տանը շարունակվում էր հանդիպումը վարչապետի հետ, դրսում հավաքված մի խումբ գյուղացիների կառավարության ղեկավարի այցը չէր էլ հետաքրքրում:


«Մարդ պետք է հավատ ներշնչի, այդ իրավունքը վաստակի, հետո նոր գա», - ասացին դրսում հավաքված գյուղացիները։


Ամասիայում բարձրաձայնեցին ճանապարհի, բանկում ներդրված ավանդների վերադարձի, սպանդանոցի կառուցման հարցերը: ՊՈԱԿ-ների կրճատման հարցով էլ էին մտահոգ՝ աշխատանք ունենալո՞ւ են, թե՞՝ գործազուրկ են դառնալու: 


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ