ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Դիտորդն ահազանգում է ընտրողների ցուցակագրման մասին

0
Ընտրությունները դեռ չմեկնարկած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանն ահազանգում է ընտրողների ցուցակագրման մասին, ինչի ապացույցը, ըստ Գրիգորյանի, իր ձեռքում է հայտնվել։


Ցուցակում գրված են Ավան վարչական շրջանում գրանցված 21 բնակիչների անուն-ազգանուններ, նաև որոշ տվյալներ ու մանրամասներ նրանց մասին: Թե ո՞ր կուսակցության օգտին է կազմված այս ցուցակը, Գրիգորյանը ենթադրում է․ - «Կարծում եմ, որ ՀՀԿ-ինն է, որովհետև նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ մեծ ռեսուրսներ ունի, այսպիսի համակարգված աշխատելու հնարավորություն չունի, այնտեղ չկան մարդիկ, որոնք կարող են այսպիսի համակարգված աշխատանք կատարել։ Այստեղ, օրինակ, նույնիսկ ընտանիքի անդամների իրավիճակի մասին նկարագրություն կա, օրինակ, գրված է՝ «Գևորգ, կաֆել, օգնություն, մայրն անկողնային է», այսպիսի ինֆորմացիա է ընտրողի մասին տրամադրում։ Կարծում եմ, որ փորձելու են հենց այս ճանապարհով ինչ-որ օգնություն ցույց տան, որպեսզի մարդկանց հարցերը լուծեն»։


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդը, ով սեփական անվտանգությունից ելնելով, գերադասեց անանուն մնալ, զանգահարեց ցուցակում նշված այն բնակիչերին, որոնց անունները նշված էին: Որպեսզի ընտրողներն առավել անկեղծ պատասխանեին ճշտող հարցերին, նա ներկայացավ որպես շտաբի անդամ՝ չտալով, սակայն, որևէ կուսակցության անուն:


Դիտորդ․ - Շտաբից են զանգում Ձեզ, Դուք ընտրությունների կարգին ծանո՞թ եք, թե այդ օրը ո՞նց պետք է լինի։


Քաղաքացի․ - Ոչ մի բանից տեղյակ չեմ, էդ օրը Ասյան ինձ կանգնացրեց, ասեց․․․


Դիտորդ․ - Դուք գիտեք չէ՞, թե ում պետք է ընտրեք։


Քաղաքացի․ - Ասել է՝ «ինձ թաղապետդ է ասել», դե թաղապետը Հանրապետականի համար չի՞ ասել։


Դիտորդ․ - Գումարի հետ կապված դեռևս չի՞ ճշտվել, հա՞։


Քաղաքացի․ - 10 հազարի կարգի՝ մարդա։


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի ձեռքում հայտնված ցուցակի սկզբում առանձնացված է երեք բնակչի անուն-ազգանուն, վերևում նշված՝ պատասխանատուներ:


Անանուն մնալ ցանկացող նույն դիտորդի հետ այցելեցինք ցուցակում նշված պատասխանատուներից մեկի տուն՝ ճշտելու, թե ինչպե՞ս է իր անուն-ազգանունը, բջջային հեռախոսի համարն ու բնակության հասցեն հայտնվել այս ցուցակի պատասխանատուների ցանկում: Վերջինս չցանկացավ նկարահանվել, բայց մեր հարցերին պատասխանեց։ Զրույցին մասնակցեցին նաև նրա ամուսինն ու մի տարեց կին։


«Գազի ծառայությունում եմ աշխատում, մարդկանց, ում հետ մտերիմ ենք․․․ եթե ես զգում եմ, որ, այո, իմ ապագան կախված է այս անձի հետ, իհարկե ուղղորդում եմ, տանում եմ էդ մարդուն իմ ուղղությամբ, բնակա՞ն է», - ասաց մեր զրուցակիցը։


Նրա ամուսինն էլ շարունակեց․ - «Միշտ ընտրությունների ժամանակ շտաբեր են չէ՞ բացվում, ինքն էլ զբաղվում է Հանրապետական կուսակցության էդ բաներով»։


Զանգահարեցինք նաև մեր զրուցակիցներից մեկի նշած Ռոբերտ Սարգսյանին, ով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքի Հանրապետական թեկնածուներից մեկն է: Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է: Նա ասաց, որ իր օգտին ցուցակագրում անողներ չկան, իսկ, եթե ցուցակ կա, ապա, ըստ թեկնածուի, ոմանք փորձել են արջի ծառայություն մատուցել իրեն։ Թե «ոմանք» ովքեր են, Սարգսյանը չմանրամասնեց։ 


«Ընտրարշավը չի սկսել, մենք ոչ մի գործունեություն դեռ չենք անում, մի՞գուցե դա իրենց նախաձեռնությունն է՝ իրենք իրենցով ինչ-որ արջի ծառայություն ցույց տալով․․․ ես տեղյակ չեմ, ինձ չեն առաջարկել, ճիշտն ասած։ Դրանք պատի տակի խոսակցություններ են։ Ես տենց ցուցում չեմ տվել, տալու եմ, որ քարոզեն, ես կգնամ, կքարոզեմ։ Կարող է իմ ընկերն է, իր բարեկամներին ցուցակագրում, որ իմանա, թե ում է ասել, ում է խնդրել։ Այ պարտադրաբար, դա, հա, հակա է»։


Ճշտող հարցին, թե դա ուղղորդել չի՞ համարում, Սարգսյանը պատասխանեց․ - «Չէ, եթե իմ ընկերներից մեկն իրա նախաձեռնությամբ ուզենա ցուցակագրի, այսինքն, ես ո՞նց պետք է իրեն գտնեմ, որ ինքը ցուցակագրում է»։


Ընտրությունների ընթացքը դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանի ձեռքում հայտնված ցուցակի վերջում գրված է՝ «21 հոգի 100 տոկոս»։ «Կարծում եմ իմաստը նա է, որ այստեղ գրված է, որ այս 21 մարդը հաստատ ընտրելու է իրենց կուսակցությանը», - ասաց Գրիգորյանը։