Ըմբիշները հերքում են. Ֆեդերացիան իրենց աշխատավարձը չի ուշացնում
Ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ ու խոստովանել, որ իրենք վիրավորված են նման սուտ հրապարակման համար:
Լեւոն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ
Տհաճ էր, երբ առավոտյան կարդացի «Ժամանակ» օրաթերթի նյութը: Տպավորություն է, որ եղած լավն էլ փորձում են փչացնել, մենք, իսկապես, սա չենք կարողանում հասկանալ;
2009-ից Սամվել Կարապետյանն է մեր ֆեդերացիայի նախագահը եւ այդ բոլոր տարիներին մեր հավաքականների ամբողջ անձնակազմը միշտ պատշաճ ձեւով վարձատրվել ու պարգեւատրումներ է ստացել: Այս նյութը չի համապատասխանում իրականությանը, չգիտեմ, թե ովքեր են արել սա, բայց անչափ վիրավորական է:
Հրանտ Ենոքյան, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ
Ամեն տարի մեր ֆեդերացիան հաշվետոություն է ներկայացնում, որտեղ բոլոր ֆինանսական մուտքերն ու ելքերը նշվում են: Այնպես որ, մենք միշտ հրապարակային ենք գործում: Ինչպես կարող էր Սամվել Կարապետյանը չվճարել ըմբիշներին, եթե նա անգամ այլ մարզաձեւերի ներկայացուցիչների է պարգեւատրել:
Աշխատավարձերի ուշացումներ նույնպես չեն եղել, ինչը կարող են փաստել նաեւ մեր մարզիկները:
Գեւորգ Ալեքսանյան, մարզիչ
Չգիտեմ, թե ովքեր են փորձում բիծ քաշել մեր ֆեդերացիայի վրա: Ըմբշամարտը, որտեղ մեր մարզիկները տարբեր հաջողություններ են գրանցում, չգիտես ինչու, ցանկանում են աղավաղել: Միգուցե մենք ենք սխալ եղել, որ տարիներ շարունակ խոշոր աշխատավարձ ստացող մարզիկներին հրապարակավ չենք հայտարարել կամ լրատվամիջոցներով լուսաբանել:
Սամվել Գեւորգյան, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ
Պարզապես վատ մարդկանց էր պետք այս լուրը գրելը: Այսօր մենք ֆեդերացիայում տարբեր տարիքային հավաքականների ներկայացուցիչներով հավաքվել էինք ու այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե ինչու է նման բան արվել: Սա ուղղակի ծիծաղելի է, պետք չէ մեր ֆեդերացիայում նման անհեթեթ բացթողումներ փնտրել:
Աշախարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյան
Ցավոք, բայց մեր երկրում շատ բնագավառներում բացթողումներ կան: Կարծում եմ, ավելի լավ է դրանց վերացմամբ զբաղվել, ոչ թե փնտրել սխալ տեղում: Այս նյութի հրապարակումը պարզապես առիթ հանդիսացավ, որպեսզի խոսենք մեր ֆեդերացիայում եղած լավի մասին: Սամվել Կարապետյանը չի սիրում, որ իր արածները լուսաբանվեն, իսկ այսօր, փաստորեն, դա արվեց: