ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Սերգեյ Միքայելյան. Բրոնզե մեդալն ինձ համար հաղթանակի արժեք ունի

0

Ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնող միակ մարզիկը՝ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը, հուսախաբ չարեց ձմեռային մարզաձեւի սիրահարներին: Նա հաջող մասնակցեց խաղերին ու կարողացավ վերադառնալ բրոնզե մեդալով:

Mediamax Sport-ի հետ զրույցում Միքայելյանն ամփոփել է խաղերը, խոսել իր հաջող մասնակցության ու առաջիկա ծրագրերի մասին:

Հաղթանակի արժեք ունեցող բրոնզը

Ցանկացած մրցաշարում հանդես գալը պատասխանատու է, եթե շատ մտածես այդ մասին, չես կարողանա հաջողություն ունենալ: Ես սովորաբար ամեն ինչ մոռանում եմ, ուժերս ճիշտ բաշխում եմ ու տրամադրվում լավ արդյունքի:

Արագավազքում նվաճած բրոնզե մեդալը նախորդ օրվա դասական ոճի ելույթից էր կախված: Մինչ այդ ես արդեն հասցրել էի ուսումնասիրել մրցակիցներիս ու տեսնել նրանց թերությունները: Արագավազքում համառության ու իրավիճակը ճիշտ գնահատելու շնորհիվ օգտվեցի բոլոր նպաստավոր պայմաններից եւ հաղթանակ գրանցեցի: Թեեւ 3-րդն եմ հատել եզրագիծը, սակայն ինձ համար դա իսկապես հաղթանակ է:

Դասական ոճում էլ կարող էի 3-րդը լինել,սակայն մի քիչ զիջեցի մրցակցիս: Դահուկավազքում 15, 30 վրկ-ն այդքան էլ շատ չէ, կարող ես հաղթել նույն մրցակցին կամ էլ զիջել նրան ինչը եղավ իմ ու ֆրանսիացի մարզիկի դեպքում:

Կարեւոր փորձն ու ճիշտ մարզումները

Երբեւէ նման ուժեղ մրցակիցների հետ չէի պայքարել: Բոլորն էլ երիտասարդ էին, փորձառու ու մեդալներ էին նվաճել մինչեւ 23 տարկանների Աշխարհի առաջնությունում: Ուրախ եմ, որ կարողացա նրանց հետ մրցակցություն ծավալել ու նաեւ մեդալ նվաճել:

Մինչեւ մրցումները լավ աշխատանք ենք կատարել, դրա շնորհիվ է հաջողվել լավացնել արագությունս: Շատ կարեւոր է մարզումների գրաֆիկը ճիշտ կազմակերպել, անընդհատ փոխել մարզումային վայրերը: Ցավոք, Հայաստանում անհրաժեշտ պայմանները միշտ չէ, որ լինում են, այդ ժամանակ հավաքներ եմ ունենում արտերկրում:

Նոր մարտահրավերներ

Փետրվարի 18-19-ին Էստոնիայում մասնակցելու եմ Աշխարհի Գավաթի խաղարկությանը՝արագավազքում ու 15 կմ դասական ոճում: Այնուհետեւ Ֆինլյանդիայի Լախտի քաղաքում ԱԱ-ում եմ ելույթ ունենալու, ուժերս 4 ձեւերում եմ փորձելու: Այդքան երկար մրցատարածություններ առաջին անգամն եմ նույն մրցման ժամանակ անցնելու:

Ինձ համար առաջնային նպատակն Օլիմպիական խաղերին լավ պատրաստվելն է: Ուղեգիր նվաճելու մասին չեմ մտածում, ցանկանում եմ խաղերում մրցակցություն ծավալել: Թեեւ բոլոր մարզիկների նպատակն էլ մեդալ նվաճելն է, սակայն ռեալ եմ գնահատում հանրավորություններս ու ուզում եմ ուժեղ մասնակիցների հետապնդողների թվում լինել:

Հուսամ՝ խաղերի նախապատրաստական փուլում վնասվածքներ կամ էլ առողջական խնդիրներ չեմ ունենա ու միայն մարզումների մասին կմտածեմ:

Տարվա ընթացքում մոտ 20 մեկնարկ եմ ունենում, դա լավ ցուցանիշ է: Ամենաշատը՝ 50-60 անգամ ուժեղագույն դահուկորդներն են կատարում, նրանք Աշխարհի Գավաթի համար են պայքարում: Երբ ինձ էլ հաջողվի նրանց թվին դասվել, կարծում եմ տարեկան 40-50 մեկնարկ կունենամ: