Ռուբեն Վարդանյան. Բոլորս հինգ շարժիչ ուժ ունենք
Հունվարի 31-ին Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել «Երազանքից բարձր» ծրագրի մասնակից ուսանողների առջեւ: FinBuzz.ru-ն ներկայացրել է ելույթից որոշ հատվածներ:
Ազատության, վախերի, որոշում կայացնելու եւ պատասխանատվության մասին
Նորմալ մարդը կայունություն է ցանկանում: Մի վախեցեք, եթե ձեր հիմնական ցանկությունը անսասանությունն է: Մենք բոլորս էլ վախենում ենք փոփոխություններից: Որքան մեծանաք, այնքան դանդաղ է աճելու ձեր ծանոթությունների շրջանակը, քչանալու են ռեստորանները, որ հաճախելու եք, ավելի քիչ վայրեր եք գնալու, քանի որ ձեզ համար ավելի հարմար կլինի, որ ոչինչ չփոխվի:
Մեզ բոլորս ունենք հինգ շարժիչ ուժ՝ վախ, դրամ, իշխանություն, ճանաչում եւ հաճույք:
Վախը շատ հզոր շարժիչ ուժ է: Ամենաարդյունավետը չէ, բայցեւայնպես: Սովորաբար վախի միջոցով հասարակության մեջ կտրուկ վերելքներ են արձանագրվում: Սակայն վախի վրա երկար ժամանակ չես կարող հենվել, հետեւաբար, այն մշտական մղիչ ուժ լինել չի կարող:
Ինձ վրա ամենամեծ տպավորություն թողած գրքերից է Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» -ը: Գիրքն այն մասին է, որ մենք չենք ցանկանում որոշումներ կայացնել: Մենք ցանկանում ենք, որ մեր փոխարեն դա անի ինչ-որ մեկը՝ ծնողները, ղեկավարը, պետությունը, ոստիկանները, որեւէ մեկը: Որ հետո կարողանանք ասել, որ դա մեր որոշումը չէր: Նախ եւ առաջ, կարեւոր է չվախենալ որոշում ընդունելուց եւ դրա համար պատասխանատվություն կրելուց: Այնուհետեւ, պետք չէ վախենալ վայր ընկնել, եւ նորից վեր կենալ: Որոշում կայացնելիս դու կարող ես սխալվել, բայց այդ իրավիճակում ոչ ոքի չես կարող մեղադրել, բացի քեզանից:
Ռուսաստանում ընդունված չէ գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր մեկ անգամ սննկացել են եւ նորից աճել: Մեզ մոտ Դոնալդ Թրամփի համար շատ բարդ կլիներ երկու սննկացումներից հետո: Իսկ Ամերիկայում դա առավելություն է համարվում:
Ապագայի մասին
Ինչո՞ւ դուք մաթեմատիկա չեք ուսումնասիրում: Որտեղից ձեզ այն պատրանքը, որ ձեր հումանիտար գիտելիքները պահանջված կլինեն այսօրվա պես, կամ որ ձեր իրավաբանական կամ տնտեսագիտական դիպլոմները ինչ-որ մեկին պետք կլինեն: Եթե դուք մտածում եք ապագայի մասին, տեսնում եք, թե ինչպես են զարգանում տեխնոլոգիաները, ուրեմն հիանալի հասկանում եք, որ այսօրվա մասնագիտությունները վերանալու են:
Սխալների մասին
Ամենացավալի սխալն է, երբ խաբում ես ինքդ քեզ: Երբ ինքդ քեզ ասում ես, որ չես անելու այնինչ բանը, բայց հետո հնարավորություն ես գտնում ինքդ քեզ համոզելու, որ տվյալ իրավիճակում կարելի է բացառություն անել, եւ անում ես:
Հաջողության գաղտնիքների մասին
Թիվ մեկ կանոնն է. ինչ էլ որ անեք, դա արեք հարյուր տոկոսով:
Սխալ մարդիկ ավելի վատն են, քան ցանկացած սխալ որոշում:
Դու պետք է հասկանաս, ով ես դու, ինչ ես ուզում, եւ ինչպես ես չափում սեփական հաջողությունը: Դրանք հեշտ հարցեր չեն: Ավելի բարդ հարց է. արդյո՞ք դու պատրաստ ես այդ բանի համար զոհաբերել մնացած ամեն ինչ: Որովհետեւ չեն լինում հաջողակ մարդիկ, ում կհաջողվի կյանքում հավասարակշռություն ունենալ: Նրանք միշտ էլ ստիպված են ինչ-որ բան զոհաբերել: