ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

ՀՀ-ն ու Շվեյցարիան քննարկում են տնտեսական կապերի խորացումը

0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ Շվեյցարիայի հետ անհրաժեշտ է աշխուժացնել առեւտրատնտեսական կապերը՝ հաշվի առնելով, որ այդ ոլորտում չօգտագործված մեծ ներուժ կա:

Այս մասին վարչապետն ասել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերի հետ հանդիպմանը:

«Մենք կարեւորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը եւ հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Մասնավորապես, վարչապետը կարեւորել է օդային ուղիղ կապերի հաստատումը, ինչպես նաեւ հանգամանքը, որ Հայաստանն օգտվում է Շվեյցարիայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) արտոնյալ ռեժիմից:

Դեսպանը համակարծիք է եղել, որ տնտեսական համագործակցության ներուժն ավելին է, քան օգտագործվում է, եւ Շվեյցարիան եւս կարեւորում է երկկողմ տնտեսական կապերի խորացումը:

Լուկաս Գասերը ողջունել է օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելու առաջարկությունը եւ գործընթացը սկսելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել:

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, դեղագործության ոլորտներում համագործակցության հեռանկարները: