ru24.pro
Новости по-русски
Февраль
2017

Ռեքս Թիլերսոնը`ԱՄՆ պետքարտուղար

0
Ամերիկյան Սենատը հաստատեց Ռեքս Թիլլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում` ձայների 56 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: 64 ամյա Թիլերսոնը մինչ այս երբեք դիվանագիտական կամ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել,աշխատել է նավթային ոլորտում` ղեկավարելով խոշորագույն ExxonMobil ընկերությունը: Նրա թեկնածությունն առաջադրելիս նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե տասնյակ երկրների ղեկավարների հետ բանակցած Թիլերսոնը «համառ է, փորձառու և շատ լավ է հասկանում աշխարհքաղաքական իրավիճակը»:


Ապագա պետքարտուղարի թեկնածությունը, սակայն, միանշանակ չէր ընդունվել, սենատորները քննադատում էին հատկապես նրա սերտ կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ`հիշեցնելով, որ Կրեմլի առաջնորդը տարիներ առաջ անձամբ է նրան Բարեկամության մեդալով պարգևատրել:


Ընդդիմադիրների հարցերին ի պատասխան Թիլերսոնը Սենատում հայտարարեց` «Ռուսաստանը վտանգ է ներկայացնում, բայց նաև շատ կանխատեսելի ձևով է պաշտպանում իր շահերը, և ժամանակն է, որ Վաշինգտոնը Կրեմլի հետ բաց ու անկեղծ երկխոսություն սկսի»:


ԱՄՆ պետքարտուղարն անցած օրերին պատասխանել էր նաև հայամետ սենատորների հարցերին` ղարաբաղյան հակամարտության, հայոց ցեղասպանության ու հայ֊թուրքական հարաբերությունների վերաբերյալ:


«Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու դեպքում աշխատելու եմ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հանուն խաղաղ ու տևական կարգավորման, որը թույլ կտա կայունություն ու բարգավաճում հաստատել տարածաշրջանում»,֊ ասել էր Թիլերսոնը` մանրամասնելով,֊«Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը, որպեսզի հարգվեն կողմերի միջև համաձայնությունները»:


Հայ֊թուրքական հարաբերություններին անդրադառնալով Թիլերսոնը խոստացել էր աջակցել երկու երկրների միջև դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքները:


Կալիֆորնիայից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզն էլ հետաքրքրվել էր` ինչ դիրքորոշում է որդեգրելու ԱՄՆ պետդեպարտամենը հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:


«1915 թվականի ողբերգական վայրագությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, և Միացյալ Նահանգների շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը»,֊պատասխանել էր Ռեքս Թիլերսոնը խոստանալով աջակցել պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու բաց երկխոսությանը Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ հանուն տարածաշրջանի կայունության»: