ՀՀ կառավարությունն իրատեսական է համարում 2.4 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերի իրագործումը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որոնցից 345–ն իրատեսական է համարում, հայտնեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որոնցից 2017 թվականին կառավարությունը հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլարի ծրագրեր»,– ասաց նա Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում։
Կարապետյանն ավելացրեց, որ դա չի նշանակում, թե ընթացիկ տարում հնարավոր կլինի իրագործել այդ ամբողջը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից։
«Դա այն ներուժն է, որ մենք տեսնում ենք այս պահին։ 345 ծրագրերի մասով հայտնի է ինչպես ֆինանսավորման աղբյուրը, այնպես էլ իրագործումը։ Ընդ որում, դրանք ամփոփ ծրագրեր են, որտեղ կան և դրամաշնորհներ, և համայնքային բյուջեներ, և մասնավոր ներդրումներ, և պետբյուջե, և վարկային միջոցներ»,– ընդգծեց կառավարության ղեկավարը։
Կարապետյանը պարզաբանեց նաև, որ այսօրվա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր։
Վարչապետը հայտնեց, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում նախարարությունները և գերատեսչությունները կսկսեն ամփոփ ներդրումային ծրագրերի ներկայացման գործընթացը, դրանք կհրապարակվեն հաջորդ շաբաթ։ -0-