2016-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին
Ինչպես նախորդ տարիներին, 2016-ին եւս Մեդիամաքսը փորձում էր ուշադրության կենտրոնում պահել մարդուն եւ պատմություններ ներկայացնել ամենատարբեր մարդկանց մասին:
Ստորեւ ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:
***
Պետք է սիրել սովորենք, ասում է հայտնի լուսանկարի հերոսուհին
[[gallery1]]
«Սկսեցի ոստիկանների աչքերի մեջ նայելով` հերթով հարցնել. «Հիմա որ քեզ հրամայեն, ինձ վրա կկրակե՞ս, դու կկրակե՞ս, իսկ դու կկրակե՞ս»: Մինչ այդ տղայի հենց դիմաց կկանգնեի ու կհարցնեի, նայեցի դեմքին, միանգամից գոռաց. «Չէ, ես չեմ կրակի»: Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի: Զգացմունքային մարդ չեմ, բայց բավական զգայուն եմ նման պահերին: Երբ գոռաց` «չեմ կրակի», քար լռություն եղավ մի քանի վայրկյան, բոլորը սառեցին»:
***
19-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը. երեք տանկ՝ 30 րոպեում
[[gallery2]]
«Երբեք չէի մտածի, որ այս տարիքում նման շքանշանի կարող եմ արժանանալ. գիտեմ, որ դա մեծ բան է: Վստահ եմ՝ տարիներ անց միայն կգիտակցեմ այս շքանշանի իրական արժեքն ու կհպարտանամ դրանով: Ապրիլյան պատերազմը ստիպեց շատ բան հասկանալ՝ շատ ավելի լուրջ մոտենալ կյանքին ու մեր առջեւ դրված խնդրին: Այս պատերազմը շատ անսպասելի էր: Մինչ դա մենք միայն լսել էինք պատերազմի մասին, իսկ հիմա բոլորս շատ ավելի զգոն ու պատրաստված ենք»:
***
Գեորգի Առուստամյան ՝ դիրքը հետ բերած զինվորը
[[gallery3]]
«Այդ մի քանի օրերին շատ բան տեսանք, ինչի արդյունքում այլ կերպ հասկացանք կյանքի, հայրենիք ասվածի, խաղաղության իմաստը: Այս կյանքում մեզ էլ որեւէ դժվարություն չի կարող սպառնալ, ամեն ինչ պատրաստ ենք հաղթահարել: Եւս մեկ անգամ տեսանք ու համոզվեցինք, որ հակառակորդը չի հասել ու երբեք էլ չի կարող հասնել իր նպատակին»:
***
«Վարպետ» Մարատի «ազարտի» արդյունքը՝ 5 տանկ եւ 1 ՀՄՄ
[[gallery4]]
«Ապրիլի լույս 2-ի գիշերը «տագնապ» հրաման ստացանք, լուսադեմին մեզ տարան դիրքեր, բայց առաջին բնագծում չէինք: Ինձ՝ մեր հաշվարկի մյուս տղաների հետ, հրամանատարությունը որոշեց ուղարկել առաջին գիծ, որից հետո էլ եղավ այն, ինչ գիտեք»:
***
Պատերազմն ու կինը. Դոխտուրը՝ Աիդա Սերոբյանը
[[gallery5]]
«Զարմանալի էր, որ թշնամու դեմ դուրս գալուց տղաները երբեք չէին վախենում: Ամենավտանգավոր տեղերում իրենց ընկերներից առաջ էին գցում, բայց, երբ ընկերը վիրավորում էր կամ մահանում, չէին համարձակվում նրան մոտենային: Այդ հսկա տղաներն այնքան խոցելի էին դառնում ու երեխայի պես «դուխտո՜ւր» կանչում, որ օգնեմ ընկերոջը, զոհվածի աչքը փակեմ՝ միաժամանակ չվարանելով նույն պահին իրենց կրակի դեմ նետել, որ թշնամին մի քայլ անգամ առաջ չգա»:
***
Պատերազմն ու կինը. Հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը
[[gallery6]]
«Ինչո՞ւ ստեղծվեց Եռաբլուրը, որ մենք չպետք է երջանիկ ապրենք. որոշ մարդիկ իրենց առողջությունը տվեցին, որոշ մարդիկ իրենց հոգեկան ապրումները, որոշ մարդիկ` իրենց կյանքը. իսկ փոխարե՞նը, հետդարձը ո՞րն է: Ինչու՞ մեր կռված տղաները պետք է այսօր հանգիստ ու գնահատված չապրեին: Պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամն անգամ բժշկական ծառայության 50 տոկոս զեղչ չունի: Ահա այն, ինչ ես վաստակել եմ՝ համազգեստս»:
***
Պատերազմն ու կինը. Աղավնի Սահակյանը
[[gallery7]]
«Հատկապես մի դեպք է վրաս շատ ազդել: Ծանր մարտեր էին, ձորից վիրավոր հանեցինք՝ սրտի շրջանի եւ գլխի վերքեր ուներ: Բուժօգնություն էի ցույց տալիս՝ գիտակցելով, որ կյանքը փրկելու շատ փոքր հավանականություն կա: Մի տղա եկել, ընկել էր նրա վրա, ամուր փաթաթվել ու լացելով «վայ-վայ» էր բղավում: Մի քանի անգամ խնդրեցի, որ հեռացնեն այդ տղային. ես վիրակապում էի, սրսկում, նա խանգարում էր… Կարճ ժամանակ անց վիրավորը մահացավ: Մյուսը կրկին մոտ եկավ, ընկավ վրան ու սկսեց «ախպե՜րս» բղավելով լացել: Իմացա, որ որ նրանք եղբայրներ էին, երկար ժամանակ, ես էլ, մղկտալով լաց էի լինում ու մեղավոր զգում, որ ասել էի հեռու տանեն նրան եղբորից»:
***
«Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը
[[gallery8]]
Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Ռոբերտ Աբաջյանը նռնակն ափի մեջ է թաքցրել, ձեռքերն առաջ պարզել` իբր հանձնվում է, թույլ տվել մոտենան ու իր հետ միասին նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին: Իր քայլով 19-ամյա սերժանտը փրկել է նաեւ թիկունքից օգնության հասած տղաներին, որոնց, ի վերջո, հաջողվել է շարունակել հերոսների գործն ու պահել նրանց կյանքի գնով «ժառանգված» դիրքը: Մայոր Էդիկ Մալոյանն ու նրա ութ հոգանոց անձնակազմն անցել են գրոհի` հակառակորդին ստիպելով նահանջել:
***
Հովսեփ Կիրակոսյան. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»
[[gallery9]]
Ծառայակից ընկերները պատմում են՝ 25 զինվորին թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս է եկել բաց դաշտ՝ հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ վիրավորվել է: Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ արնահոսող Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
***
Արմենակ Ուրֆանյան. Զինվորին եղբոր պես սիրող հրամանատարը
[[gallery10]]
Արմենակ Ուրֆանյանը վերջերս էր նշանադրվել: Որոշել էր՝ հարսանիքը լինելու է սիրելիի՝ Գոհարիկի ծննդյան օրը: Երազանքը մեկն էր՝ սեփական փոքրիկ տունն ունենալ, որտեղ ճաշի սեղանին միշտ հինգ ափսե կդրվեր՝ իր, սիրելի կնոջ եւ երեք երեխաների համար, որոնցից երկուսը պետք է տղա լինեին, մեծը`զինվորական: Հրամանատարը վստահ էր՝ թշնամու դեմ, զենքից բացի, նաեւ օրորոցով պետք է կռվել՝ հայրենիքին նիրված ու քաջ զավակներ մեծացնելով:
***
Զինվորին փրկած եւ թուլանալու իրավունք չունեցող մայոր Ստեփանյանը
[[gallery11]]
«Ես չեմ ամաչում ցույց տալ, որ պրոթեզով եմ։ Եթե ամռանը շոգ է, կիսավարտիք եմ հագնում։ Արտերկրում մարդիկ սովորական են նայում դրան։ Կգա ժամանակ, մեզ մոտ էլ այդպես կլինի։ Երբ հաշմանդամություն ես ձեռք բերում, ամենակարեւորը գիտակցությունն է՝ պիտի գիտակցես՝ ինչ է կատարվում, սակայն չընդունես դա որպես կարգավիճակ, թույլ չտաս, որ քեզ խղճան։ Շրջապատում պիտի հասկանան, որ իրենցից մեկն ես, ոչնչով չես տարբերվում։ Փառք Աստծո, ես կարողացել եմ ստեղծել մթնոլորտ, որ ինձ նորմալ ընկալեն։ Դա ամենակարեւորն է»։
***
Սթիվ Քյուրքչյան. Spotlight-ը հոգ է տանում «փոքր մարդկանց» համար
[[gallery12]]
«Եթե հանրությունը ցինիկ դառնա եւ միայն բացասական մտածի՝ պնդելով թե՝ «ոչինչ չի փոխվելու», ապա դուք՝ քաղաքացիներդ, արժանի չեք այդ լրագրողների լուսաբանմանը: Դա ձեր՝ Հայաստանի քաղաքացիների, եւ ոչ թե անկախ, քաջ ու խիզախ լրագրողների մեղքն է: Միշտ էլ կա հայկական այն մտածելակերպը, թե «մենք ոչինչ չենք կարող անել», «այս ամենը, ինչպես միշտ, գործարք է», «խեղճ-խեղճ մենք»: Այս մտածելակերպով ոչ մի բան էլ չի փոխվի: Դուք պետք է այդ ամենի մասը դառնաք, եւ ես չեմ խոսում փողոցները գրավելու, բողոքի ակցիաների, պատուհանները կոտրելու մասին: Ես խոսում է քվեարկելու, վերահսկելու, ձեր թաղամասում, ձեր համայնքում, ձեր քաղաքում կատարվող իրադարձություններին մասնակցելու մասին»:
***
Ալեքսեյ Բուկալով. Պապի՝ Էջմիածնում իջեւանելը հատուկ հարգանքի նշան էր
[[gallery13]]
«Լեհաստան էինք մեկնել, նա պնդեց, որ իրեն Օսվենցիումմ տանեն, չնայած նման այց ծրագրում չկար: Ահավոր մի տեղ է, նա հրաժարվեց ավտոմեքենայով գնալուց, ասաց, որ միայն նացիստներն են մեքենայով մտել այնտեղ եւ ոտքով քայլեց: Անձրեւ էր գալիս, նրա օգնական հայր Գեորգը անձրեւանոց էր բռնել: Մենք էլ, կանգնած ծածկի տակ, հետեւում էինք: Յուրաքանչյուր հուշաքարի մոտ կանգ էր առնում ու աղոթք կարդում: Բենեդիկտոսը հասավ վերջին հուշաքարի մոտ, անձրեւը վերջացավ ու հայր Գեորգը փակեց անձրեւանոցը: Պապը բարձրացրեց գլուխն ու բարձր ասաց՝ «Ու՞ր էիր աստված»: Ամենահրաշալին այն էր, որ նա ստացավ իր պատասխանը՝ երկնքի վրա ծիածան հայտնվեց, որ կտակարանում խորհրդանշական նշանակություն ունի: Անհավատալի էր»:
