ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Վարչապետ. Յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունը, ներուժը և զարգացման ոլորտները

0
Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Վայոց Ձորի և Արարատի մարզեր։


Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: 


«Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված և մոտիվացված լինի», - Եղեգնաձորում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը ներկայացված ծրագրերը դիտարկում է՝ կարևորելով նաև տարածքների համաչափ զարգացման խնդիրը: 


Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ մարզը հիմնականում գյուղատնտեսական է, ոլորտի արտադրական տարեկան ծավալը հասնում է 20-22 մլրդ դրամի: Զարագացած են հիմնականում խաղողագործությունը և անասնապահությունը: Ցանքատարածքներն ավելացնելու առումով մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ընդլայնումը:


Մարզպետի խոսքով՝ Վայոց Ձորում մեծ ուշադրություն է դարձվում նաև զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների զարգացմանը, արդյունքում զբոսաշրջային ծառայությունների ծավալը 2016 թվականին աճել է 1.5 անգամ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ներդրվել է 370 մլն դոլար, որը կնպաստի հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծմանը: 


«Մենք անպայման պետք է ունենանք կոոպերատիվների հաջողակ օրինակներ, դա կլինի ամենալավ քարոզչությունը: Մենք անպայման պետք է ունենանք խելոք գյուղատնտեսություն, այլապես ոչ մի արդյունք չենք տալու ու ոչ մի բան չի փոխվի: Ո՞վ պետք է այդ քարոզչությունն անի, ո՞վ պետք է գյուղացուն, ֆերմերին սովորեցնի՝ դուք, բայց դրա համար պետք է ունենաք ծրագիր, պետք է հորիզոնը սահմանեք, թե ուր եք ուզում գնալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները:


Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզն ունի բազմաթիվ հաջողակ բիզնեսմեններ և նրանց պետք է ներկայացնել կոնկրետ ծրագրեր: «Որևէ նախաձեռնություն, որևէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե մենք դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, այդ տնտեսությունը գոյատևում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ ներկայացրել է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, թե ինչպես է տեսնում գյուղատնտեսության զարգացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայեցակարգում ներկայացված են նաև սուբսիդավորման ուղղությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ: 


Այնուհետև վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք մարզում առկա է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող տնտեսություն և տնտեսվարողից ստացել դրական պատասխան: Նշվել է, որ ծախսը հետ է վերադարձվել երկու տարի անց: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել այդ համակարգի արդյունավետությունն ու այն գյուղոլորտում ներդնելու կարևորությունը, ինչը ծախսերի զգալի տնտեսում է ենթադրում ջրամատակարարման, ջրամբարների կառուցման ու պահպանման ոլորտում: 


Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ մարզում կազմվել է զբոսաշրջության զարգացման շուրջ 20 ծրագիր, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել 15 միլիոն դոլարի ներդրում՝ ակնկալելով 300 աշխատատեղի ստեղծում: 


«Կառավարման մեջ այսպիսի խոսք կա՝ եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անելու: Դուք ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք», - ասել է Կարեն Կարապետյանը: 


Մարզում կրթության ոլորտում նախատեսվող օպտիմալացման ծրագրի արդյունքում կտնտեսվի 81 միլիոն դրամ. ներկայում Վայոց Ձորում մեկ ուսուցչին բաժին է ընկնում 6 աշակերտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը կրթության ոլորտին ցուցաբերում է հատուկ ուշադրություն: 


«Գյուղական համայնքները և փոքր համայնքները չկրթելով, մեր երեխաներին լավագույն կրթություն չտալով՝ մենք ուշացնում ենք մեր վաղվա լավ օրը, հետաձգում ենք, որովհետև մեր հիմնական կապիտալը մարդն է, և ինքը պետք է լինի կիրթ»,- նշել է Կարեն Կարապետյանը և կարևորել օպտիմալացման ուղղությամբ քայլերն ու ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինումը: 


Խոսելով առողջապահության ոլորտի վերաբերյալ՝ վարչապետը հորդորել է պատասխանատուներին մասնավոր հատվածին ներգրավել մարզի բուժհաստատությունների կառավարման մեջ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Առողջապահության նախարարության առջև խնդիր է դրվել ՀՆԱ-ի մեջ իր արդյունքը հավասարեցնել ծախսերի մակարդակին:







Արարատի մարզում վարչապետն Արտաշատում հանդիպել է համայնքների ղեկավարներին և տնտեսվարողներին: 


Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, խնդիրները և բիզնեսի զարգացման միտումները: Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում մարզում բացվել են նոր արտադրություններ, այդ թվում՝ «Արարատ գրուպ» ջրերի գործարանը, «Ոսկե կացին», «Գրին հաուզ» ջերմոցային ընկերությունները. արդյունքում ստեղծվել է 1500-ից ավելի նոր աշխատատեղ: Նշվել է, որ մարզի ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 134 մլրդ 800 հազար դրամ, ոլորտում զբաղված է բնակչության 75-77 տոկոսը: Մարզում գործում են 31 վերամշակող ընկերություններ:


Այնուհետև վարչապետին են ներկայացվել տարբեր ներդրումային ծրագրեր: Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե կացին» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ունեն արտադրությունը և արտահանման ծավալներն ավելացնելու հստակ բիզնես ծրագիր, որի համար անհրաժեշտ 1,5 մլն դոլարից 800 հազարը պատրաստ է ներդնել և խնդիրը միջոցների մյուս մասի հայթայթումն է: Ներկայացվել են նաև նոր տեխնոլոգիաներով չոր մրգերի, թեյերի, կաթնամթերքի արտադրության, զբոսաշրջության խթանման այլ ծրագրեր ևս: 


Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է վերջին տարիների ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացից, և, մասնավորապես, անդրադարձել Արարատ քաղաքի բնակելի շենքերի նկուղային մասերում ջրի կուտակումների վերաբերյալ քաղաքապետի բարձրացրած խնդրին: 


«Մենք բացահայտ ասում ենք, ով բեռ է վերցնելու, մենք իր կողքը կանգնելու ենք: Մենք ուզում ենք մոտիվացնենք, որ հաջորդ տարի գանք, տեղական համայնքի բյուջեն 1.8-ից դարձած լինի 2.5, մի քանի տարի անց՝ 3.2: Մենք պետք է հասկանանք, որ այսպես, ամեն մեկս ծանրություն վերցնելով, շարժվում ենք առաջ: Պետական բյուջեն անսահմանափակ չէ և միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալիս, ուղղելու ենք այն համայնքներին, որտեղ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող ենք ստանալ: Այսինքն, այն համայնքը, որը բեռ է վերցնելու, ես իր կողքը կանգնելու եմ: Համայնքն իր բյուջեն չի ավելացնում՝ մտածելով, որ եթե ավելացնի, հնարավոր է սուբսիդիան պակասի: Ես էլ ասում եմ, հենց ավելացնեք՝ սուբսիդիան շատացնելու եմ», - ընդգծել է վարչապետը: 


Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է մարզի զարգացման ծրագրի կարևորությունը և ավելացրել, որ յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունները, ներուժը և զարգացման ոլորտները: «Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը: