ՀՀ եւ ԻԻՀ նախագահները կարեւորել են կապերի ընդլայնումը
Այս մասին ասված է կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Հայաստանի եւ Իրանի նախագահները կարեւորել են երկու երկրների միջեւ տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարեւորել են գազի եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը:
«Կողմերը կարեւորել են Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ արտոնյալ պայմաններով առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները եւ այդ համատեքստում Հայաստանի աջակցությունը»,- ասված է փաստաթղթում:
Հայաստանի եւ Իրանի նախագահներն անհրաժեշտ են համարել տարածաշրջանում հարատեւ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարեւորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը եւ տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը:
«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:
Երկու պետությունների նախագահները վստահություն են հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության եւ կայուն զարգացման:
Նախագահները մեծապես կարեւորել են Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը:
Տեղի ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթերը.