ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Արարատյան բակալավրիատը կներդրվի մարզերում

0

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Ծրագրի ներդրման մեկնարկը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին: Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի եւ ԼՂՀ ընտրված դպրոցներում՝ առնվազն մեկական հոսքային դասարանով։

Արարատյան բակալավրիատի քննությունները կներառվեն բուհական ընդունելության քննությունների համակարգում, իսկ մինչ խնդրի հիմնավոր լուծումը Արարատյան բակալավրիատի շրջանավարտների՝ բուհ ընդունելությունը կկատարվի նպատակային տեղերի հատկացմամբ։ 

Հիշեցնենք, որ «Այբ» հիմնադրամը դեկտեմբերի 5-15-ը թեմայի շուրջ ՀՀ բոլոր մարզերում անցկացրել էր հանրային լսումներ։

Արարատյան բակալավրիատը միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։

Սեպտեմբերին Մեդիամաքսը Արարատյան բակալավրիատի ծրագրի մասին զրուցել էր «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ, որը վերջերս նշանակվեց կրթության նախարարի տեղակալ: