Ընտրվել է էլ. կրթության առավել արդյունավետ առարկայախումբը
«Բովանդակային առումով կրթակարգի ամենասկզբունքային խնդիրն առարկայական խմբերի եւ բնագավառների ճիշտ համամասնությամբ բաշխումն է: Երկրորդը մեթոդաբանության խնդիրն է՝ մենք պետք է նախ մշակենք եւ դպրոցներին առաջարկենք տեսադասերի եւ էլեկտրոնային կրթության մեթոդիկա: Հաջորդ ամենակարեւոր խնդիրն էլեկտրոնային գրադարանի ստեղծումն է, որտեղ պետք է ներբեռնել կրթական ամբողջական եւ համակարգված բովանդակություն՝ ըստ առարկաների եւ դասարանների: Համակարգը պետք է բաց եւ հասանելի լինի բոլոր դպրոցների համար»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:
Նախարարը հիշեցրել է, որ վարչապետը հանձնարարական է տվել՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը:
Խորհրդակցության ընթացքում ընտրվել է հեռավար եւ էլեկտրոնային կրթության համար առավել արդյունավետ համարվող առարկայախումբը («Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ օտար լեզուներ):
Ներկայացվել է նաեւ «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձեւավորման ազգային ծրագրի» նախագիծը: