Հայաստանը պետք է սպորտային հագուստի բրենդ ունենա, ասել է նախարարը
Նախապես հայտարարվել էր, որ մարզիկների համար նախատեսված ավանը գործելու է այս տարվանից, սակայն Ռոստոմյանի խոսքով, հետո որոշել էին ավելացնել եւս երկու կառույց՝ խաղային մարզաձեւերի դահլիճն ու լողավազանը:
«Մենք լավ ավանդույթներ ենք ունեցել ջրացատկում, փորձելու ենք դրանք կրկին վերականգնել: Լողավազանի շինարարությունն արդեն ավարտվել է, փորձակումը հաջող է անցել, խնդիրներ չեն առաջացել: Հաջորդ տարի «Օլիմիպավանն» արդեն պատրաստ կլինի»,- ընդգծել է նա:
Նախարարն անդրադարձել է նաեւ տարբեր մարզաձեւերի զարգացման հետ կապված աշխատանքներին:
Ըստ Ռոստոմյանի`ազատ ոճի բոլոր տարիքային հավաքականներն էլ այս տարի անհաջող են ելույթ ունեցել: Դա նշանակում է, որ նրանց մարզումային պրոցեսը սխալ է կազմակերպվում, ու արմատական փոփոխություններ է անհրաժեշտ կատարել: Հնարավոր է՝ մյուս տարի հավաքականը գլխավորի արտասահմանում բնակվող հայ մասնագետ:
Աստիճանաբար կբարելավվեն նաեւ սուսերամարտի արդյունքները: Հայաստանում կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը: Նախարարությունն ու ֆեդերացիան համատեղ աշխատանքներ են տանում, որ աստիճանաբար աճ արձանագրվի:
Մյուս տարվանից ֆուտզալի մասնագիտացված դպրոց է գործելու ու ֆուտզալի մարզիչների հաստիք է լինելու:
Ռոստոմյանի խոսքով, շատ կարեւոր է, որ Հայաստանում ազգային սպորտային բրենդ լինի, եւ հայ մարզիկներն այլեւս օտարերկրյա ընկերությունների արտադրած հագուստով ելույթ չունենան: Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում:
Հայաստանը, սակայն դեռ չի կարողանում շոշափելի արդյունքների հասնել ձմեռային մարզաձեւերում: Ռոստոմյանը գտնում է, որ Ծաղկաձորից բացի դահուկային սպորտը կարելի է զարգացնել Աշոցքում ու Գյումրիում, որտեղ շատ նպաստավոր են եղանակային պայմանները: Պարզապես անհրաժեշտ է այնտեղի վազքուղին ասֆալտապատել:
«Լայնորեն ակտիվանում է գեղասահքը: Կանադայում բնակվող հայկական արմատներով զույգ կա, որը Հայաստանի քաղաքացիություն կստանա: Նրանք կկարողանան ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ինչն արդեն շատ լավ կլինի»: