ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

«Ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն»

0

«Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա, գիտնականն արժանավայել ապրի ու հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ»,- ասել է Կարեն Կարապետյանը Գիտությունների ազգային ակադեմիա կատարած այցի ընթացքում: 

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել է, որ մշակվել եւ գալիք տարվանից ներդրվելու է գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատականի համակարգը, ինչի արդյունքում էլ կհաստատվեն կազմակերպություններին օժանդակության ծավալները:

Վարչապետը կարեւորել է գնահատման չափորոշիչների սահմանումը:

«Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա հավելել է, որ պետությունը ֆինանսավորելու է հայագիտությանը եւ հարակից այլ ճյուղերին:

Կառավարության ղեկավարն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը:
Գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը:

Անդրադառնալով լավագույն գիտնականներին վարձատրելու եւ նրանց արտերկիր մեկնելու խնդրին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել մասնավոր բիզնեսին ներգրավելու հնարավորությունը:

«Գաղափարը ձեւակերպեք իքս կառույցին եւ վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող եւ իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք՝ թող գնորդը մեր նկատմամբ՝ որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտի մտածողությամբ գիտնականի, որը կհասկանա ոլորտի կիրառական էֆեկտը եւ կփորձի դա վաճառել»,- նշել է վարչապետը: