Ռուբեն Կարոյան. Իմ կինն իմ ընկերն է
...Վստահ էի, որ նա ինձ համար լավ կին էր լինելու, բայց մեր ամուսնությունից հետո ինչ-որ բան փոխվեց...
***
Մեր ընկերության ժամանակ հանդիպեցինք խոչնդոտների, որոնք հաղթահարել մենակով` շատ դժվար էր:
Խնդիրները գալիս էին մեր նշանադրությունից հետո էլ, երբ կյանքի նոր փուլ էինք մտել: Ամեն բան պետք է, որ հանգիստ ընթացք ստանար, բայց...
Հավատացեք, այս ամբողջ ընթացքում զորացել եմ նրա մեկ հատիկ խոսքով: Նրա վստահության մեկ հայացքն էլ բավական էր, որ ադրենալինի մեծ չափաբաժին ընդունածի նման դեմ առ դեմ կանգնեի մեր առջև ծառացած խնդիրների առաջ:
Իր օգնությամբ հաղթահարելով բոլոր խնդիրները` ամուսնացանք, որից հետո զարմանալիորեն սկսեցի նկատել նրա մեջ մեկին, որին չեմ ճանաչել մինչ ամուսնությունը:
***
Ամեն ինչ սկսվեց առաջին օրվանից:
Խոստացել էի, որ հարսանիքից հետո պետք է գնայինք ճամփորդության, բայց չկարողացա իրականացնել: Այս լուրը նա թեթև տարավ, անգամ ինձ թվաց` չէր էլ հիշում այդ մասին:
Հետո այն տունը, որի մասին բազմիցս խոսել էինք ու երազել` չկարողացա գնել:
Ի՞նչ արած, սիրահարված էի: Խոստումներով ձգտում էի ուրախացնել նրան, հավատալով, որ կհասնեմ այդ ամենին: Իսկ հետո՞:
Հետո, երբ բախվում ես իրականությանը, հասկանում ես, որ անզոր ես իրագործելու շռայլ խոստումներդ, ու ստիպված ես փշրելու կողակցիդ ներաշխարհը: Ներաշխարհ, որը կառուցվել է քո տված խոստումների վրա:
Չգնված տան հարցում ևս, փոխարենն ինձ մեղադրելու` կինս քաջալերում է` ասելով.
- Ամեն բան նորմալ է, մենք կհասնենք, կկառուցենք, մենք միասին ենք, դու մենակ չես սիրելիս:
Մեր ապագա բալիկին գիշերներն օրորելու իմ փափագով կնոջս մեջ հոգատար ամուսին և հայրիկ լինելու գաղափարն էի կառուցել:
Այսօր, երբ մեր բալիկը 7 ամսական է, պետք է խոստովանեմ, որ ոչ միշտ է ստացվում իրագործել որդուս գիշերներն օրորելու իմ խոստումը: Սակայն ոչ մի խնդիր: Փոխարենը կինս ինձանից առաջ է ընկնում հոգատարության հարցում:
*** Որքան էլ ընկերներիս հետ կիսվեմ տարբեր թեմաների շուրջ միևնույն է, շատ հարցեր իրենց վերջնական լուծումը գտնում են կնոջս հետ խորհրդակցելուց հետո: Չէ՞, որ յուրաքանչյուր կայացրածս որոշումն ի՛ր հետ եմ ապրելու, ոչ թե ընկերներիս:
Ես երջանիկ ամուսին եմ: Ունեմ ինձ սիրող կին, որի մեջ նկատում էի զորավոր, անծանոթ, բայց հարազատ մեկին, ով օրըստօրե ավելի մեծ ու իրական էր դառնում, քան կարող էր լինել ուղղակի` կինը:
Ո՞վ էր այդ մեկը, որ ինձ` տղամարդուս ուժ էր տալիս: Ո՞վ էր նա, որ իր ներսում ստիպում էր մոռանալ կանացի երազանքների մասին և առանց տրտմության քաջալերում ինձ` ամեն հարցում:
*** Վերջերս ստիպված էի կարևոր գործնական որոշում կայացնել, որին դեմ էին մոտ ընկերներս, գործընկերներս, անգամ` ընտանիքիս անդամները: Ես այդ որոշման մեջ տեսնում էի առաջընթաց, իսկ նրանցից լսում էի ընկճող, թևաթափ անող խոսքեր: Նույնիսկ ընկերներիցս ոմանք լքեցին ինձ այդ որոշմանս պատճառով: Կարծում էին, որ կպարտվեմ, իսկ իրենց պարտված ընկեր պետք չէր երևի...
Խոսեցի կնոջս հետ, կարծելով, որ կհավատա իմ որոշման արդյունավետությանը: Ի զարմանս ինձ կինս լսեց, լսեց ու ասաց.
- Եթե դու որոշել ես, ուրեմն վստահում եմ քեզ, հավատում եմ, որ կիրագործես էլ: Բայց անկախ արդյունքներից ես քեզ հետ եմ սիրելիս: Եթե պարտվես էլ, կպարտվենք միասին, բայց կհաղթենք հաջորդ անգամ, կհաղթենք` միասին:
Փաստորեն այս կարևոր պահին ընկերներս ինձանից երես թեքեցին, իսկ կինս ևս մեկ անգամ ինձ զորացրեց ոգեշնչող խոսքերով և մենակ չթողնելու վստահությամբ, որից հետո վերջապես հասկացա...
Այո, իմ դիմաց կանգնած էր իմ ընկերը, Աստծուց դրված այն ամենահավատարիմը, ով երբեք ինձ մենակ չի թողել անգամ այն պահերին, երբ ինչ-որ չափով կոտրել եմ իր երազանքը:
Ընկե՛րն է օգնում քեզ ոտքի կանգնել այն պահերին, երբ թվում է, թե ողջ աշխարհն է քեզանից երես թեքել:
Ընկերն է, որ չի՛ մեղադրում քեզ` սխալներիդ մեջ, այլ փորձում է շտկել այդ սխալն ու օգնել, որ ինքդ էլ փոխվես այդ հարցում:
Ընկերը քո գլխացավն ընդունում է իր սրտի ցավի պես, իսկ իր սրտի ցավը ներկայացնում, որպես` սովորական գլխացավ:
Ես երբեք առիթը բաց չեմ թողնում նրա մասին պատմել անթաքույց հպարտությամբ: Նրա հետ խոսելիս էլ պատվով եմ արտաբերում. «Ես սիրում եմ քեզ սիրելիս» խոսքերը, որոնք ասում եմ ոչ թե մեկին, ում հետ ցանկացել եմ առաջ գնալ, այլ մեկին, առանց որի դժվար թե առաջ գնայի...
*** Սիրեցի մեկին, որի մեջ տեսա իմ ապագա կնո՛ջը, իսկ ամուսնությունից հետո հասկացա, որ իմ կինն իմ ընկե՛րն է:
Հ.Գ. Դիմում եմ այն ամուսիններին, ովքեր հենց նոր կարդալով այս արժեքները` հասկացան, որ իրենց կինն իրենց ընկերն է.
- Եղբայր, կարծում եմ կհամաձայնես, որ նա ամեն օր արժանի է քո այն խոսքերին, որն ասել ես սրտի թրթիռով, նրան ամուսնության աջառաջարկ անելիս: