ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Ասիական զարգացման բանկը 2.4 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

0

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը նախատեսում է 2.4 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել Հայաստանին՝ «Ջրամատակարարման և ջրահեռացման երկրորդ ծրագրի» շրջանակում, հաղորդում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱԶԲ գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը: Նա տեղեկացրել է, որ դրամաշնորհը նախատեսված է ծրագրի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրության 7 երկրաբանական տեղեկատվական համակարգերի (GIS) ներդրման համար:

Հաղորդագրության համաձայն, առաջիկայում նախատեսվում է փորձագիտական խումբ ձևավորել, որը խորհրդատվություն կտրամադրի ԱԶԲ-ին ծրագրի այս փուլն իրագործելու համար:

ԱԶԲ-ի ներկայացուցիչը արդյունավետ է որակել ՋՏՊԿ-ի և դրա ենթակառուցվածքների հետ երկարամյա համագործակցությունը և տեղեկացրել, որ փորձագիտական խմբում ներգրավվելու են նաև տեղացի մասնագետներ:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի նման որակման համար և նշել, որ փորձագիտական խմբի անդամների ընտրությունը լինելու է ՋՏՊԿ ուշադրության կենտրոնում:

«ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում մենք կունենանք արհեստավարժ մասնագետների լուրջ թիմ, որի ներգրավվումը նման միջազգային նախագծերի մեջ, իհարկե, ողջունելի է: Սակայն, ես ուզում եմ շեշտել, որ ՋՏՊԿ-ի հետ իրենց աշխատանքը շարունակելու են միայն այն մարդիկ, ովքեր կհամապատասխանեն երկու չափորոշիչի՝ կլինեն իրենց գործի գիտակը և զերծ կլինեն կոռուպցիոն որևէ գործունեությունից: Մենք վճռականորեն ենք տրամադրված, և բացառելու ենք կոռուպցիայի կամայական դրսևորում մեր համակարգում»,- ասել է Հարությունյանը:

Ողջունելով Կոմիտեի նախագահի վճռական մոտեցումը` ԱԶԲ պաշտոնյան հավաստիացրել է, որ Բանկը ևս շահագրգռված է արհեստավարժ թիմի հետ համագործակցությամբ և պատրաստ է այդ կապակցությամբ ցանկացած հարց համաձայնեցնել ՋՏՊԿ-ի հետ: -0-