ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Վարչապետ․ Դիվանագիտական կորպուսը պետք է իր աշխատանքում ընդլայնի տնտեսական բաղադրիչը

0
Արտաքին քաղաքականության տնտեսական հատվածին վերաբերող խորհրդարանական քննարկումների ժամանակ Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ ավելի մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքի մեջ՝ տնտեսական բաղադրիչի ընդլայնման ուղղությամբ, քանի որ դա է մեր տնտեսության զարգացման գրավականը:


«Այս դաշտում մենք շատ-շատ անելիքներ ունենք, չափից շատ անելիքներ ունենք, և, կարծում եմ, ունենք նաև բացթողումներ», - չթաքցրեց վարչապետը: - «Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ակնհայտ ցույց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և աշխարհում մեր տնտեսական տեղը գտնենք: Այդ իսկ առումով, կարծում եմ, որ մենք Արտաքին գործերի նախարարության, մեր դիվանագիտական կորպուսի հետ չափազանց շատ բան ունենք անելու: Մենք պետք է համատեղ մշակենք մի գնահատման համակարգ, որպեսզի մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին գնահատելու ժամանակ կարողանանք գնահատել նաև, թե ինչպես են իրենք մասնակցում տնտեսական զարգացմանը: Չեմ կարծում, որ այսօր օրակարգում դա կա»:    


Կարեն Կարապետյանը շեշտեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները պետք է բանակցեն այլ երկրների շուկաներ հայաստանյան ապրանքների համար ավելի դյուրին մուտք ապահովելու համար, պետք է աշխատեն նաև, որ արտերկրում Հայաստանը ունենա ներդրումների համար գրավիչ և հուսալի գործընկերոջ իմիջ, պետք է հասանելի դարձնեն Հայաստանում ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը օտար երկրներում:


Վարչապետը ցավով է արձանագրեց, որ մի կողմից Հայաստանը ցանկանում է այլ երկրներից ներդրումներ ունենալ, մյուս կողմից՝ ոլորտին վերաբերող Հայաստանի օրենսդրության անգլերեն թարգմանությունն անգամ չկա․ - «Ես, հանդիպելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ, դեսպանների հետ, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում, դիմել եմ իրենց և խնդրել եմ, որպեսզի իրենք լինեն ոչ միայն դեսպանը այն երկրի, որոնց ներկայացնում են այստեղ, այլ նաև մեր դեսպանը լինեն, քարոզեն մեր երկրի հետ կապված և նաև հուշեն, խորհուրդ տան, թե ինչ պետք է անենք, որպեսզի մենք ավելի բաց լինենք և հասկանալի լինենք մեր պոտենցիալ ինվեստորներին»: 


Գործարարին աջակցելը, ըստ վարչապետի, պետք է կանոն լինի ոչ միայն կառավարության, այլև տնտեսական դիվանագիտություն իրականացնողների համար․ - «Տնտեսվարողների համար մեր դեսպանությունները պետք է հանդիսանան կենտրոնական հարթակ, որ առաջարկում է տարբեր առավելություններ և հնարավորություններ, շուկաների իմացություն, ընկերությունների հետ կապեր, արտադրանքի առաջ մղում, շահերի պաշտպանություն և այլն»:  


Հայաստանն իր հերթին, ըստ Կարեն Կարապետյանի, կարող է իր գործընկերներին առաջարկել համեմատաբար դյուրին մուտք խոշոր շուկաներ․ - «ԵԱՏՄ անդամությունն է՛լ ավելի հասանելի է դարձրել մոտ 180 միլիոն բնակչություն ունեցող երկրների շուկան: Վրաստանի և ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի, ինչպես նաև Եվրամիության հետ գործող առևտրային ռեժիմները Հայաստանը դարձրել են տարբեր երկրների տնտեսական շահերի զուգակցման վայր: Իսկ Իրանի հետ մեր ունեցած ընդհանուր սահմանը, պատմական բարեկամական հարաբերությունները, այժմ նաև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը հեշտացնում է Հայաստանի տարածքով իրանական շուկա մուտք գործելու հնարավորությունները»:     


Վարչապետը նախանշեց նաև անելիքները․ պետք է ակտիվացնել տնտեսական արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով թե՛ ԵԱՏՄ անդամակցությունը, թե՛ Եվրամիության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափը, նոր շուկաներ բացահայտել տեղական արտադրանքի համար, ապահովել երկրի ճանաչելիության ու ներդրումային հեղինակության բարձրացումը, ուժեղացնել ներդրողների իրավունքների պաշտպանությունը: