ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Հովսեփ Հակոբյան. Իմ կինն իմ ընկերն է

0

…Երբ ամուսնացանք կինս տասնութամյա մի աղջնակ էր: Եվ չնայած, որ նա անչափ գեղեցիկ ու խելացի օրիորդ էր,ամուսնությունից առաջ և հետո էլ այդ «մեծ սեր» կոչվածը այդպես էլ մենք չունեցանք: Պարզապես,երևի նախախնամությունը կապեց մեր ճակատագրերը և Աստված միավորեց մեր ճանապարհները,քանզի ինչպես հետագայում պարզվեց մեր համատեղ անցնելիք ճանապարհը անչափ դժվարին,քարքարոտ ու փշոտ էր լինելու, և որ սովորական մեկը չէր կարող այդչափ արժանավայել անցնել այդ ամենի միջով:

1988-ի աշնանն էր, երբ մենք ամուսնացանք, ու թվում էր թե բոլոր նպաստավոր պայմանները կան, որպեսզի մենք ամուր ու առողջ ընտանիք կազմենք: Բայց… Դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը ամբողջությամբ փոխեց նաև մեր կյանքը, և մեզ համար ևս սկսվեց վերածնունդի ու մաքառումների ծանր տարիները: Եվ երբ հետադարձ հայացք եմ գցում անցյալի վրա, ապշում եմ, թե այդ երբ ու ինչպես տասնութամյա փխրուն ու քնքուշ, անփորձ ու անպաշտպան աղջիկը միանգամից հասունացավ ու կանգնեց իմ ու ընտանիքիս կողքին: Ընտանիքում շատ զոհեր կային, ու, պատկերացնու՞մ եք, մեր հոգեկան, զգայական ու ֆիզիկական վիճակը, մեր անտուն կարգավիճակը: Եվ կինս ամենուր էր և ամենքի հետ էր և անգամ հայացքով էր հասկանում, թե ով ինչի կարիք ունի:  Եվ այսպես շարունակեցինք վերստին ապրել…

…Նոր-նոր էինք ուշքի գալիս աղետալի երկրաշարժից, երբ հիմա էլ տեղի ունեցավ աներևակայելի մի նոր աղետ՝ ճակատագրի չար դիպվածով ես հայտնվեցի կալանավայրում: Թվում էր ճակատագիրը երես է թեքել ինձանից և ոչ միայն… Եվ կինս էր, ով արդեն նաև երեք երեխաներիս հոգսը  ուսերին, կանգնեց թե իմ, թե ծնողներիս կողքին: Աստված իմ, նա այնքան ամուր ու վստահ էր, այնքան ուժեղ ու իմաստուն… Եվ  գիտեք, այդքան երկար ու ձիգ տարիների ընթացքում, ավելի քան ինը տարի, որ ես անց կացրի ընտանիքիցս հեռու, կինս միակ մարդն եր, ով ինձ ապրելու ուժ ու ցանկություն էր տալիս, ով ինձ օգնում էր, որ այդ պայմաններում չկորցնեմ իմ մարդկային դեմքն ու նկարագիրը, այլ որ ավելի լավը դառնամ: Նա միակ մարդն էր, ում հետ կիսում էի անգամ իմ ամենանուրբ, ամենացավոտ խնդիրներն ու մտահոգությունները, իմ վախերն ու սարսափները: Ես անգամ մտածել եմ, որ նա  ավելի լավ կյանքի է արժանի, ու գերադասել եմ «չունենալ» նրան իմ կողքին, իր իսկ բարօրության համար, բայց ոչ,նա համառորեն իմ կողքին էր, նա իմ թիկունքն էր պահում, նա իմ ուղեղն էր, վտանգի պահին անգամ աննկատ առաջ էր անցնում… Եվ այդպես, և այդպես մինչև այժմ…

Մեր համատեղ կյանքի քսանութ տարիների ընթացքում և մինչ այժմ, ասես անլուծելի թվացող խնդիրների մի անվերջություն հերթի կանգնած սպասում է, թե երբ է մեզ այցելելու, և այդ խնդիրների ըստ արժանվույնի լուծումներից էր կախված մեր ապագան:

Չեմ կարող չհիշել նաև այն ցավոտ տարիներս, երբ ազատությունն այնքան հեռավոր ու անհասանելի էր թվում, երբ լավատեսությունն ու պայքարելու ցանկությունը վաղուց լքել էին ինձ, հրեշտակի նման կրկին հայտնվեց կինս ու հայտնեց, որ կրկին հայր եմ դառնալու: Եվ, չնայած հարազատների, շրջապատի մարդկանց հորդորներին, որ նա անհապաղ պետք է ազատվի երեխայից, որ նա միայնակ, այդժամ նաև սոցիական ծանր պայմաններում այլևս չի կարող ևս մեկ հոգս ու պարտականություն վերցնել իր ուսերին… Եվ հավատացեք, նա կրկին մնաց անպարտ ու անսասան, նա կատարեց կյանքում իր ամենաաստվածային ու իմաստուն քայլերից մեկը՝ լույս աշխարհ բերելով մեր չորրորդ երեխային…

Ու դժվար չէր ըմբռնել, որ ես ունեմ իմ կյանքի լավագույն ընկերոջը՝ համբերատար, լսող, օգնող, ուժ տվող, անդավաճան ու անկոտրում:

Եվ զարմանալին այն է, որ այս ամենը նրան ոչ ոք չէր սովորեցրել՝ոչ մի ուսմունք, ոչ մի գիտություն,ոչ մի համալսարան: Պարզապես, ըստ իս, կինս ապրել է բնությանը ներդաշնակ: Չէ ՞որ, երբ Աստված ստեղծեց Եվային Ադամի կողոսկրից, պատգամեց նրանց միավորվել և մեկ մարմին լինել:

…Միշտ կարծել եմ, որ այս կյանքում յուրաքանչյուրը պիտի իր տեղում և դերում լինի, որպեսզի չխախտվի կյանքի օրինաչափությունը և հատկապես մարդկային հարաբերությունների հարմոնիան: Եվ մենք կունենանք այլ իրականություն՝ ավելի կանոնակարգված, ավելի լուսավոր ու արժանավայել:

…Եվ թող ների ինձ Աստված, եթե հաճախ մտածել եմ, որ ճակատագիրը երես է թեքել ինձանից: Հակառակը, չնայած կյանքում գործած իմ ամենամեծ սխալներին, այն ինձ առատորեն վարձատրել է, տալով ինձ կյանքում ամենամեծ պարգևը՝ անդավաճան ու վստահելի մեկին, ում հետ վստահորեն քայլել եմ ու շարունակում եմ քայլել…