Զանիեր. պայմանավորվածությունները պետք է իրագործվեն
ԵԱՀԿ Նախարարական խորհրդի ընթացքում կայացած ասուլիսում պատասխանելով Մեդիամաքսի թղթակցի հարցին` Լամբերտո Զանիերն ասել է, որ իրավիճակն այժմ էլ մտահոգիչ է:
«Նույնիսկ կայունացումից հետո ծանր զինատեսակներ են կիրառվում, ինչի հետեւանքով կան տուժողներ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ է ներկայացրել, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, այն է` ուժեղացնել ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, ավելացնել դիտորդների թիվը, ներդնել պատահարների հետաքննության մեխանիզմը:
«Բայց հիմնական հարցն այն է, որ առաջընթացը հնարավոր է միայն կողմերի ցանկությամբ: Մենք չենք կարող որոշում պարտադրել, այլ կարող ենք միայն աջակցել այդ գործընթացին: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել համանախագահ-երկրների երեկվա հայտարարության կարեւոր մի դրույթի վրա. եթե տեղում իրավիճակը վատթարանա, դա կլինի միմիայն կողմերի պատասխանատվությունը, որոնք չեն օգտվել առաջընթացի հնարավորությունից»,- ասել է Զանիերը:
Նրա խոսքով, ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրագործվեն, հակառակ դեպքում կա վտանգ, որ իրավիճակը ավելի կվատթարանա, ինչը չի բխում կողմերի շահերից: