ru24.pro
Новости по-русски
Декабрь
2016

Սեւակ Սահակյան. Իմ կինն իմ ընկերն է

0

Տուր ինձ ձեռքդ սիրելիս… Ուզում եմ ճանապարհորդել քեզ հետ մեր անցած վեց տարիների միջով: Կապիր ամրագոտիդ, այժմ ճանապարհորդելու ենք մանկական երկաթուղու մեր փոքրիկ գնացքով: Շարժվիր մեր գնացք և ժամանակ առ ժամանակ կանգ առ մեր սիրո կանգառներում… Վերապրել եմ ուզում քեզնով համեմված կյանքի ակնթարթը: Ախ, այդ վարակիչ ակնթարթը, որն իր հաջորդին է փոխանում իր նախորդից վերցրած ողջ երջանկության կաթիլները: Եվ այսպես` կաթիլ առ կաթիլ, երջանկությունը ծորում է սրտիս, շիրոտվում եմ երջանկությամբ` Քեզնով:

Քանի-քանի անգամներ եմ ճակատամարտել ինքս ինձ հետ քեզ համար: Այդ ճակատամարտերում հաղթողն էլ, պարտվողն էլ ես էի. չկար մրցանակ հաղթողին, սփոփանք պարտվողին, կար մի սիրտ, որ սկսել էր իր բնական ռիթմից արագ բաբախել,կար մի ուղեղ, որ դեպի քեզ էր կենտրոնացրել իր բոլոր թափառական մտքերը: Այդ թափառական մտքերի մեջ` մի գողտրիկ անկյունում, թաքնված էր մի ծեծված ու չարաշահված արտահայտություն, որը ժայթքելու իր հերթին էր սպասում, թեև դողում էր վախից: Իսկ վախն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է անխուսափելին… Իմ անխուսափելի, որքան խաղաղ է հոգիս, նա սիրել գիտի, նա թևեր չունի, բայց ճախրել գիտի, նա աչքեր չունի, բայց տեսնել գիտի: Ուզում եմ ամեն վարկյան նկատեմ աչքերիդ միջից ժայթքող հոգուդ խաղաղությունը: Եվ խաղաղությունն այդ թող փոշոտվի իմ խաղաղությամբ: Գիտեմ, որ հաճախ հենց այդ խաղաղությունն է խլում քեզանից գիշերվա լռությունը

Շուրջս գիշեր էր. հայացքս ուղղել էի մի անորոշ կետի ու փորձում էի ինչ-որ շարժում որսալ: Ականջիս միայն հասնում էին նուրբ երաժշտության մի քանի հնչյուն` սրտիդ զարկերն էին… Արթնացել էի ես անզգայության այդ դաժան քնից, սրտիս զարկերը խուլ համազարկով արթնացրել էին ինձ: Գողացել էիր լուսինն ինձ համար ու թաքցրել շատ հեռու, լցրել էիր  իմ լռությունը քո երաժշտությամբ, հեղեղել էիր իմ անապատը քո անբասիր խոնավությամբ, լույս էիր սփռել խավարիս վրա, դարձել էիր աչքերն իմ կուրության… Ես էլ չհասկացա, թե ինչպես դարձար իմ թուլությունը, որն ինձ ավելի ու ավելի ուժեղ էր դարձնում: Մարմնիցդ ծնվող մրրիկները փոթորկեցին ինձ, իսկ ես առագաստս ուղղեցի քամուդ ուղղությամբ… Աստծո կողմից պարգևած ամեն մի օր վայելում եմ գոյությունդ,վայելում եմ անունդ շուրթերիս: Վախենում եմ արտաբերել այն, որ քամու բաժին չդառնա, թող մնա իմ մեջ, դառնա արձագանքն իմ սրտի զարկերի…Այժմ, այս սպիտակ թղթին արված գրչիս հպումով, խոսում եմ քեզ հետ և միաժամանակ ինքս ինձ կողքից մանրակրկիտ զննում, ուսումնասիրում եմ միմիկաներիս խաղը և փորձում  նրանց մեջ գտնել այն մեկը, որը լուսարձակվում է անունդ տալիս: Անունդ ինձ երազելու և երազանքներս իրականություն դարձնելու ուժ է տալիս: Անունդ շոյում է ձայնալարերս, փափկեցնում է սիրտս,գուրգուրում հոգիս, թմրեցնում ուղեղս, մերսում մարմինս, լցնում հոգուս անդունդները…

 Ֆիլմի կադրերի նման մեր գնացքի պատուհանից իրար են հաջորդում մեր տեսարանները: Ամեն մի կադր այքան մեծ խորհուրդ, այնքան մեծ քնքշանք ունի իր մեջ: Ձեռքիս վրա զգում եմ ձեռքիդ մեղմ հպումը… Մեր գնացքը կանգ է առել մեր փոքրիկ եկեղեցու դիմաց, որտեղ միմյանց խոստացանք դառնալ մեկ մարմին և մեկ հոգի: Ահա և մեր երկու որդիները, որ վազվզում են եկեղեցու բակում: Տուր ինձ ձեռքդ իմ անխուսափելի, բռնիր մեր որդիների ձեռքը, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր գնացքով: Եվ, ահա արդեն չորսով, մենք նստում եմ մեր գնացքը, որը մեզ տանելու է դեպի նորանոր կանգառներ: Եվ կանգառներում այդ թողնելու ենք մենք մեր դժվարությունները` վերցնելով միայն մեր երջանիկ պահերը, որոնք փոխանցելու ենք մեր որդիներին: Ու կգա մի օր, որ նրանք իրենց բալիկների հետ  կնթանան են իրենց գնացքով, իսկ մենք կսպասենք նրանց կանգառներից մեկում մինչ խոր ծերություն… Իմ սիրուհի, իմ ընկեր, իմ անխուսափելի…