ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2016

ՍԱՊԾ պետը հանդիպումներ է ունենում մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ

0
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանն այսօր հանդիպել է Խորենացի փողոցի հարակից տարածքում, Մալաթիայի, Կոմիտասի և Նոր Նորքի շուկաներում մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հետ:


Ըստ ծառայության հաղորդագրության, Կարապետյանը տեղեկացրել է, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ մորթից մինչև իրացում՝ բոլոր օղակներում առկա խնդիրները քննարկելու և հնարավոր լուծումներ տալու նպատակով:


Ծառայության պետը խոսել է դաշտը կանոնակարգելու և բոլորի գործառույթները հստակեցնելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով տնտեսվարողների մասնակցությունն այս գործընթացում:


Նա զգուշացրել է, որ տնտեսվարողները ձեռնպահ մնան առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված միսն ընդունելուց և իրացնելուց, այլապես պետական վերահսկողության շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:


«ՍԱՊԾ-ում արդեն իսկ տեղի է ունեցել հանդիպում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ։ Նրանց նույնպես խստորեն զգուշացվել է՝ առանց պատշաճ փորձաքննության չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն և ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան», - ասված է հաղորդագրությունում:


Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տնտեսվարողներին ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջները՝ նշելով, որ պետք է համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ:


Ծառայության պետը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է որոշ ժամանակ հետո կենդանիների մորթ կատարել բացառապես սպանդանոցային պայմաններում, ինչն էականորեն կկարգավորի դաշտը և զգալիորեն կնվազեցնի առկա ռիսկերը: